

«Գեոռեյդ» ՍՊԸ-ն հավակնում է ՀՀ Սյունիքի մարզում բաց եղանակով շահագործել Մուցքի ոսկու հանքը, ֆաբրիկա և պոչամբար:
Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել Մուցքի ոսկու հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Հայտի 2-րդ հանրային լսումները նշանակված են սույն թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին, Մուցք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:
Մուցքի ոսկու հանքավայրը գտնվում է Սիսիան համայնքի Մուցք բնակավայրի սահմաններում, Սիսիան քաղաքից՝ 28 կմ, Մուցք գյուղից՝ 3.5 կմ հեռավորության վրա, Շաղատ գետի վտակ «Անանուն» ձորակի աջ թևում:
Հանքավայրի համար հայցվող տարածքը 131 հեկտար է, բացահանքի տարեկան արտադրողականությունը՝ 150 հազար տոննա:
«Նախագծվող բացահանքը և ենթակառուցվածքները գտնվում են Մուցքի գյուղի կենտրոնից մոտ 1.1կմ հեռավորության վրա, գյուղի բնակելի տարածքների հարավային սահմանից՝ 0.8կմ հեռավորության վրա», - նշված է հայտում:
Ըստ հայտի՝ Մուցքի ոսկու հանքավայրի պաշարները հաստատվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թ-ի հունվարի 18-ի թիվ 27-Ա հրամանով: Այդ ժամանակ ՏԿԵ նախարարը ներկայիս ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր: Հանքաքարի ընդհանուր պաշարը 2736.9 հազար տոննա է, ոսկու պաշարը՝ 3605.0 կգ, արծաթինը՝ 5730.8 կգ:
Ոսկու պարունակությունը հանքաքարում տատանվում է 0,40-ից 4,5 գ/տ սահմաններում՝ միջինը կազմելով 1,5-1,6 գ/տ:
Բացահանքի առավելագույն խորությունը կկազմի 240 մ, երկարությունն ու լայնությունը՝ 1080 և 575 մ, իսկ բացահանքով խախտվող հողատարածքը՝ 58 հեկտար:
Բացահանքի սահմաններում մակաբացման ապարների մոտավոր ծավալը կկազմի շուրջ 23.5 միլիոն խմ: Ըստ հայտի՝ հանքավայրի շահագործման ավարտից հետո լցակույտերում պահեստավորված մակաբացման ապարների մի մասը հնարավորության դեպքում տեղափոխվելու է բացահանք՝ դրանով իսկ ապահովելով լեռնային աշխատանքներով խախտված տարածքների վերականգնումը:
Հանքավայրի շրջանում հոսում է Շաղատ գետն իր վտակներով: «Մուցքի ոսկու հանքավայրի հետախուզման ժամանակ անցկացած մինչև 300-320 մ խորությամբ հորատանցքերում, ինչպես նաև այս նույն տարածքում նախկինում անցած երեք բովանցքներից մեկում ջրի առկայություն չի արձանագրվել, իսկ մյուս երկու բովանցքներից մարտ-հունիս ամիսներին փաստվել է ջրի աննշան արտահոսք: Նշված ջրհոսքը հունիս-հոկտեմբեր ամիսներին ամբողջությամբ վերանում է», - նշված է հայտում:
Ջրառն իրականացվելու է Շաղատի վտակ Դմբդմբան գետից:
Ըստ փաստաթղթի՝ Կարմիր գրքի տեսակներ հանքավայրի տարածքում չեն հայտնաբերվել: Հանքավայրի տարածքից մոտ 24.4 կմ հեռավորության վրա գտնվում է «Զանգեզուր» պետական արգելավայրը, իսկ 3.15 կմ հեռավորության վրա՝ «Անտակ լիճ» բնության հուշարձանը, 1.8-2.2կմ հեռավորության վրա՝ Մուցք բնակավայրի պատմամշակութային անշարժ հուշարձանները:
Հայցվող տարածքում մթնոլորտ վնասակար արտանետումների աղբյուրներն են լինելու բացահանքը, ճանապարհը և լցակույտը, պայթեցման աշխատանքները: Հայտում նշված է, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մթնոլորտային օդի որակի մշտադիտարկում հայցվող տարածքի շրջանում չի իրականացվում, ինչը վկայում է բարվոք էկոլոգիական իրավիճակի վերաբերյալ:
Բացահանքից հանքաքարի փոշու արտանետումները կանխատեսվում է 0.7գ/վրկ, լցակույտի մակերեսից 2.6գ/վրկ սահմաններում:
Հանքավայրի տարածքի օդի ֆոնային աղտոտվածության ցուցանիշներն են. փոշի՝ 0.09մգ/մ3, ծծմբի երկօքսիդ՝ 0.018մգ/խմ, ազոտի երկօքսիդ՝ 0.0067մգ/խմ և ածխածնի օքսիդ՝ 0.43մգ/խմ:
Հունվար 25, 2022 at 17:09