Այսուհետ միայն լիցենզիայով է հնարավոր պղնձի և մոլիբդենի խտահանքերը արտահանել Հայաստանից

Այսուհետ միայն լիցենզիայով է հնարավոր պղնձի և մոլիբդենի խտահանքերը արտահանել Հայաստանից

Դեպի երրորդ երկրներ պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի և դրանից պատրաստված արտադրատեսակների արտահանման համար ՀՀ կառավարությունը սահմանել է լիցենզիաների տրամադրման ընթացակարգ: Որոշումը գործադիրն ընդունեց սույն թվականի մարտի 3-ի նիստում: Որոշումը հիմնավորված է նրանով, որ վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։ Եվ, հաշվի առնելով, որ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, պետությունը լիցենզիաների տրամադրման ընթացակարգ է սահմանում ընդերքի օգտագործման արդյունավետ կառավարման նպատակով։

Լիցենզիաները տրամադրելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Լիցենզիայում կնշվի արտահանվող ապրանքի քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Լաբորատոր անալիզների համար փոքր քանակի արտադրանքի արտահանումն իրականացվելու է առանց լիցենզիայի:

«Որոշումն ընդունվել է մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացվող բարձր շահութաբերության պարագայում բյուջեի մուտքերի ավելացման համար»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

Մարտ 10, 2022 at 15:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր