

ՀՀ կառավարությունը գերակա հանրային շահ է ճանաչել սեփականության իրավունքով ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքին և ֆիզիկական անձանց պատկանող 54414,2 քառ. մ մակերեսով հողատարածքների նկատմամբ: Այս հողերից 54318.4 քառ. մ-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են: Հողերն օգտագործվելու են Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի (ԳՍՊԿ) նոր կոմպրեսորային կայանի կառուցման համար:
Գործադիրի որոշման հիմնավորման համաձայն՝ Աբվյանի ԳՍՊԿ-ի կոմպրեսորային արտադրամասի գազամոտոկոմպրեսորները կրիտիկական ռեժիմներին մոտ երկարատև շահագործման արդյունքում պրակտիկորեն սպառել են իրենց ողջ ռեսուրսը: Դեռևս 2004 թ-ին 10ГКНА գազոմոտոկոմպրեսորների մշակող ՌԴ «ՌՈՒՄՕ» ԲԲԸ փորձագետների գնահատմամբ կոմպրեսորային կայանի գազամոտոկոմրեսորները լավագույն դեպքում կարող են աշխատել ոչ ավել քան 5 տարի, իսկ 2011թ. կրկին անգամ արտադրող կազմակերպության մասնագետների կողմից հետազոտման արդյունքում առաջարկվել է արագացնել կոմպրեսորային արտադրամասի վերակառուցումը:
«Ծրագիրն ունի համապետական կարևոր ռազմավարական նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման ապահովմանը»,- նշված է որոշման մեջ:
Որոշման ամփոփաթերթի համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից օտարվող հողատարածքների սեփականատերերը տեղեկացվել են, որոնց վերաբերյալ ստացվել են համայնքի ղեկավարի գրություններ՝ գնային առաջարկներով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է, որ վերոնշյալ տարածքին հարակից տարածքում առկա են սողանքային երևույթներ և առաջարկել նախքան կայանի կառուցումն իրականացնել տեղանքի մասնագիտական ուսումնասիրություններ։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն:
Որոշման համաձայն՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում պետք է ուսումնասիրի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ներկայացնի դրանցում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող հնագիտական օբյեկտների առկայության վերաբերյալ տեղեկատվություն՝ պահպանական անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու նպատակով: ԿԳՄՍ նախարարության համաձայն՝ տվյալ հողատարածքներում նախնական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են երկշարք հնագույն պատերի հիմնային մասեր, դամբարանների կրոմլեխների հատվածներ և այլ դամբարանների հետքեր։
Մարտ 14, 2022 at 17:05