

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի փոփոխության համատեքստում կարևոր է այնպիսի համապարփակ արդյունքի ստացումը, որը լուծումներ կտա ոլորտում առկա խնդիրներին և կօգնի լուծել ընթացակարգային թյուրըկալումները: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նորանշանակ տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հուլիսի 22-ին ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ կատարած այցի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
Փոխնախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ քննարկել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ բարեփոխումների հարցերի լայն շրջանակ։ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Խաչիկ Մարտիրոսյանը նախարարի տեղակալին է ներկայացրել ընթացիկ աշխատանքները։ 2022թ. հունվար-մարտ ամիսներին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության են ներկայացվել 74 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման հայտեր և գնահատման հաշվետվություններ: Սահմանված կարգով տեխնիկական առաջադրանքներ են տրամադրվել 14 հայտերին, 24 գործունեությունների վերաբերյալ տրամադրվել են եզրակացություններ։ Փորձաքննության գործընթացում են գտնվում 134 գնահատման հայտերի և գնահատման հաշվետվությունների փաստաթղթեր: 2021 թվականի ընթացքում կազմակերպության մասնագետների կողմից ուսումնասիրվել և համապատասխան ընթացք է տրվել ավելի քան 400 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի գնահատման հայտերին և հաշվետվություններին։
Տիգրան Գաբրիելյանը շրջակա միջավայրի նախարարի տեղակալ է նշանակվել 2022թ. հունիսի 24-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 741-Ա որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, որում նշանակվել էր 2019 թ. հունիսի 4-ին:
Նոր պաշտոնում Տիգրան Գաբրիելյանը համակարգում է հետևյալ վարչությունների և կառույցների աշխատանքը՝ hողերի և ընդերքի քաղաքականության վարչություն, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչություն, ջրային ռեսուրսների կառավարման վարչություն, կենսառեսուրսների կառավարման վարչություն, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
Կենսագրություն
Տիգրան Գաբրիելյանը ծնվել է 1978թ. նոյեմբերի 12-ին:
Կրթություն և վերապատրաստում
2000-2003թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, ասպիրանտուրա
1995-2000թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետ, անասնաբույժի որակավորում
Աշխատանքային փորձ
2019 թ․ ապրիլից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2018 -2019 թ․ ապրիլ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
2009-2018թթ. Անասնաբուժության և անասնաբուծության բաժնի ղեկավար, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամ
2006-2009թթ. գլխավոր մասնագետ, Թռչնագրիպի հակազդման ծրագիր, «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության» ԾԻԳ
2005-2007թթ. գլխավոր անասնաբույժ, «ԴԻԼԻ» անասնապահական տնտեսություն
2004-2005թթ. անասնաբույժ, «ԱՄՆ Գյուղատնտեսական դեպարտամենտ», Մարքեթինգի աջակցման ծրագիր
2003-2004 թթ. արտադրամասի ղեկավար, «Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկա:
Գիտական գործունեություն
Անասնաբուժական գիտությունների թեկնածու:
Գիտական հրապարակումներ
Մի շարք գիտական հոդվածների, տեղեկատվական գրքույկի հեղինակ է, մասնագիտական խորհրդատվական գրքույկների թարգմանիչ և խմբագիր:
Հուլիս 25, 2022 at 17:31
