

Panorama.am
Դեռևս անցած տարի, երբ կառավարությունը նախաձեռնեց ու Ազգային Ժողովին ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, այդ սպեկտրում մեծ իրարանցում սկսվեց:
Մասնավորապես, քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ հկ-ները կոչով դիմեցին գործադրին` հետ կանչել տվյալ նախագիծը խորհրդարանից և անցկացնել հանրային քննարկումներ, ինչը կազմակերպվեց` խորհրդարանական լսումներ և այլն, սակայն որևէ արդյունք, հկ-ների ներկայացուցիչների պնդմամբ, չտվեց:
Այնուհետև նույն խմբի նախաձեռնությամբ հանդիպում կազմակերպվեց, որի մասնակիցները հույս ունեին անձամբ ՀՀ արդարադատության նախարարին տեսնել, սակայն նա այդպես էլ չեկավ: Ու թեև նախնական տարբերակից այսօր ԱԺ շրջանառության մեջ դրված նախագիծը մի քանի անգամ տարբերվում է, այդուհանդերձ, հկ-ների ներկայացուցիչները շարունակում են բողոքներ ներկայացնել: Եվ սեպտեմբերի 23-ին, երբ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական և ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ ջանքերով նախագծի քննարկմանը նվիրված հերթական խորհրդարանական լսումներն էին կազմակերպվել, այդ բողոքները դարձյալ ներկայացվեցին:
Դրանք, ինչպես և նախկինում, վերաբերում են հետևյալ փոփոխություններին. նախ, հկ-ների ներկայացուցիչները համաձայն չեն այն դրույթի հետ, ըստ որի, առաջարկվում է օրենքից հանել անվանման մեջ առկա «միություն» բառը:
Հասկանալի է, որ եթե նման փոփոխությունն ընդունվի, ապաև մեծ դժվարությունների առաջ կկանգնեցնի մի շարք միությունների` իրավաբանորեն հկ-ների: Ասենք` նկարիչների միությանը, ժուռնալիստների միությանը և այլն: Խոսքը նաև ֆինանսական կորուստների մասին է` կադաստրային փաստաթղթերի փոփոխում և այլն:
Եվ հետևելով լսումներին ներկա վերը նշված միությունների նախագահների ռեակցիային, երբ հարցը բարձրաձայնվում էր գործադրի ներկայացուցչի կողմից, հասկանալի է, որ եթե կառավարությունը որոշումը չփոխեր և «միություն» բառն անփոփոխ չթողներ իր տեղում, ապա դեռ երկար քննարկումներ ու դժգոհություններ կլսվեին, առավել ևս, որ այդ միությունների նախագահները ներկայացված են Հանրային խորհրդում:
Կառավարությունը ընդառաջել է նաև մեկ այլ հարցում ևս, այն է` հկ-ի բարձրագույն մարմնի նիստ հրավիրելու ժամկետը 2 տարին մեկի փոխարեն դարձնելով 3 տարի, թեպետ հկ-ներն առաջարկում էին 4 տարին մեկ: Սակայն այս տարբերակը չարժանացավ գործադրի հավանությանն այն պատճառաբանությամբ, որ եթե առկա լինեն անդամների շահերի ոտնահարման դեպքեր, 4 տարին երկար ժամկետ է:
Սակայն ամենից շատ հկ-ների անհանգստությունը, բնական է, հարուցում է այն դրույթը, համաձայն որի կազմակերպությունը պարտավորվում է տարին մեկ անգամ գործադրին հաշվետվություն ներկայացնել 1 մլն դրամից ավելի եկամուտների կամ այդ գումարից ավելին գույք ձեռք բերելու կամ օտարելու մասին: Հաշվետվությունը պետք է տեղադրվի հկ-ի պաշտոնական կայքէջում և ներառի եկամուտի բոլոր աղբյուրների թվարկումը, ծախսերի ներկայացումը և այլն: Ընդ որում, Ադրադարատության փոխնախարարն իր ելույթում շեշտեց, թե կառավարությունն ամենևին էլ չի պահանջելու հաշվետվություն, թե կոնկրետ ինչի՞ վրա է ծախսվել այդ գումարը, պարզապես ծախսերի ընդհանուր թիվն է պետք, առավել ևս, որ «արդարադատության նախարարությունը որևէ խնդիր չունի այդ ամենն առանց ներկայացնելու էլ իմանալու համար» և այլն:
Փոխնախարարի խոսքից այնպես էր ստացվում, որ կառավարությունը մտածում է միմիայն հկ-ների զարգացման ու բարեկեցության համար, մինչդեռ նրա խոսքին զուգահեռ դահլիճից հնչում էին զանազան ռեպլիկներ` «Մեզ էին պաշտպանում` գլխի էլ չէինք, ի~նչ լավ ա», «Ինչ անշնորհակալն ենք» և այլն: Դժվարանում ենք ասել լսեց փոխնախարարը դրանք, թե ոչ, բայց իր ելույթը եզրափակեց հետևյալ արտահայտությամբ. «Մտահոգվում են նրանք, որ ինչ-որ բան ունեն վախենալու»:
Ի դեպ, նշենք, որ արդեն մի տարի է, ինչ գործադիրն այս կերպ է արձագանքում կոնկրետ ֆինանսական փոփոխությունների առումով հկ-ների մտավախություններին, բայց, ըստ ամենայնի, կոնկրետ այդ դրույթն այլևս փոփոխման ենթակա չէ:
Սեպտեմբեր 23, 2010
