Միջազգային հանրության արձագանքը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Միջազգային հանրության արձագանքը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի հեռախոսազրույցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ իրականացվող սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:

Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է:

Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրության համարժեք արձագանքի հույս է հայտնել:

Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով:

Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Զրուցակիցները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ:

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:

Վրաստանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցման հարցում. Կոբախիձե

Վրաստանը պատրաստակամություն է հայտնում միջնորդելու հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցման հարցում: Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք անչափ շահագրգռված ենք դրանում, և եթե Վրաստանը կարողանա որևէ միջնորդական դեր ստանձնել, ապա մենք ամեն կերպ կաջակցենք դրան»,- նշել է Կոբախիձեն:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցել Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը կոչ է արել անհապաղ դադարեցել Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները:

«Հայաստան-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով սկսված ռազմական գործողությունները և Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարվածները պետք է անհապաղ դադարեցվեն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դիվանագիտությունը պետք է գերակայի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է դիվանագետը:

Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար. Էբրահիմ Ռայիսին՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ իրականացվող սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:

Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին:

ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և պետությունների տարածքային ամբողջականոթյան վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է:

Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո:

Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:

Կանադացի սենատորը դատապարտել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր ագրեսիան

Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը դատապարտել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր ագրեսիան:

«Ադրբեջանի նոր ռազմական սադրանքներն ամոթալի են: Կանադայի և միջազգային հանրության կողմից նավթով հարուստ Ադրբեջանի անպատժելիությունը կանաչ լույս է ավելի ցեղասպանական վարքագծի և Հայաստանի ինքնիշխան տարածքների, նրա ժողովրդի նկատմամբ շարունակական ագրեսիայի համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը:

Թեհրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների և լարվածության սրման առնչությամբ, զսպվածության և հակասությունները խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքի հիման վրա կարգավորելու կոչ է արել:

Նա ընդգծել է, որ Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն:

Քանանին շեշտել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է այս խնդրի հետ կապված զարգացումներին և ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել հարևան երկրների միջև հակասությունների կարգավորման համար:

Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները. Կլաար

Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտական գործողությունները և հաղորդվող ինտենսիվ գնդակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Եվրամիությունը սերտորեն շփվում է կողմերի հետ, որպեսզի նպաստի իրավիճակի լիցքաթափմանը»,- գրել է Կլաարը:

Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը այլընտրանք գոյություն չունի, և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել հետագա էսկալացիան կանխելու համար:

Սեպտեմբեր 13, 2022 at 12:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր