

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստանի դեմ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: «Ինչպես արդեն ասացինք՝ պետքարտուղար Բլինկենի հայտարարության մեջ նա կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորման գործում… Մենք զգալի ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և զգալի վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին։ Սակայն ամենակարևորը մեզ համար այն է, որ երկու կողմերն էլ հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում ապաէսկալացմանը: Մենք կոչ ենք արել տարածաշրջանի բոլոր երկրներին՝ օգտագործել իրենց ազդեցությունը և կառուցողական քայլեր ձեռնարկել՝ հասնելու ռազմական գործողությունների դադարեցմանն ու ապաէսկալացմանը։ Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես հակամարտության մեկ կողմից օտար ուժերի ներգրավումը կարող է ծառայել այդ նպատակին, բայց կրկին պետք է նշեմ, որ մեր շեշտը բռնություններին վերջ դնելու վրա է»,- նշել է Նեդ Փրայսը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի ուշ երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի ուղղությամբ իրականացվող գնդակոծությունների կապակցությամբ։
«Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել նախագահ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրելու ռազմական գործողությունները դադարեցնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հասնելու համար»,- նշված է ԱՄՆ պետդեպարտեմենտի պաշտոնական կայքում:
Սեպտեմբեր 14, 2022 at 13:16
