Արմավիրի մարզի Բաղրամյան, Նորակերտ, Մայիսյան և Հայթաղ բնակավայրերում հողային բարեփոխումների փորձնական ծրագիր կիրականացվի

Արմավիրի մարզի Բաղրամյան, Նորակերտ, Մայիսյան և Հայթաղ բնակավայրերում հողային բարեփոխումների փորձնական ծրագիր կիրականացվի

ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան, Նորակերտ, Մայիսյան և Հայթաղ բնակավայրերում նախատեսվում է հողային բարեփոխումների փորձնական ծրագիր իրականացնել: Հոկտեմբերի 13-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվեց հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը, որի իրագործման դեպքում ակնկալվում է հողերի միավորման միջոցով բարձրացնել հողի արտադրողականությունը և լրացուցիչ արտադրանք ստանալ:

Ըստ որոշման հիմնավորման՝ 2014թ. իրականացված գյուղատնտեսական համատարած հաշվառման տվյալներով ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների 45 %-ը կազմված են երեք և ավելի հողամասերից, իսկ 20 %-ը՝ հինգ և ավելի հողամասերից, ընդ որում մինչև 1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ կազմում է 60 %, իսկ 10 հա և ավելի մակերեսով հողերը կազմում են ընդամենը 1.2 %:

Փորձնական չորս բնակավայրերից Բաղրամյանում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 889.87 հա, Մայիսյանում 1266.74 հա, Հայթաղում 1023.14 հա և Նորակերտում 1134.47 հա: Բնակավայրերից ստացված տվյալների համաձայն՝ չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են ընդհանուր 1393.85 հա: Այս բնակավայրերում Միավորված ազգերի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հողերի չօգտագործման խնդիրների կարգավորման նպատակով հողերի կառավարման գործիքակազմի և ինստիտուցիոնալ ձևավորում» ծրագրի շրջանակում արդեն իսկ բացահայտվել և քարտեզագրվել են գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերը: Այսպես՝ չօգտագործվող հողերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Բաղրամյան բնակավայրում, որը կազմում է գյուղատնտեսական նշանակության հողերի 73 %-ը: Գրեթե նմանատիպ իրավիճակ է նաև Նորակերտ բնակավայրում։ Մայիսյան և Հայթաղ բնակավայրերում չօգտագործվող հողերի ցուցանիշը շուրջ 25 % է։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված նախագծի հիմնավորման համաձայն՝ չօգտագործվող հողերի շուրջ 60 %-ը փորձնական ծրագրի իրականացումից հետո կընդգրկվի շրջանառության մեջ և կմշակվի որպես բազմամյա տնկարկ, մասնավորապես՝ ինտենսիվ այգում կորիզավոր մշակելու դեպքում կապահովի շուրջ 32 հազար տոննա համախառն արտադրանք:
 
Ծրագրի իրականացման դեպքում պետական բյուջեի ծախսերը կավելանան 5,5 մլրդ դրամով: Մասնավորապես՝ 2022թ. ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 411.4 մլն դրամ, իսկ 2023թ. ծրագրի իրականացման գնահատված արժեքը կկազմի 5.125 մլրդ դրամ:

Հոկտեմբեր 13, 2022 at 17:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր