«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է ներկայացվել. նրա պաշտոնավարումը կասեցվել է

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է ներկայացվել. նրա պաշտոնավարումը կասեցվել է

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական անփութության արդյունքում երեք տասնյակից ավելի ծառերի ապօրինի հատման հետ կապված: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը: 

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱ կազմակերպության  տնօրենի պաշտոնակատարը, «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի տարածքի և ապրանքանյութական արժեքների պահպանության պատասխանատվությունը ժամանակավորապես նույն կազմակերպության տեսուչին հանձնելու նպատակով իր հրամանով ստեղծել է հանձնաժողով և հրամանի կատարման հսկողությունը վերապահել  է իրեն։ Նա հաստատել է հանձնում-ընդունումը, որի ընթացքում, սակայն, նշված մասնաճյուղի պահաբաժիններից մեկի անտառապահի պարտականությունները կատարողի անաշխատունակության վիճակում գտնվելու պայմաններում, վերջինիս պարտականությունների կատարումն այլ անձի չի հանձնարարել։ Արդյունքում պահաբաժինն օրեր շարունակ մնացել է առանց հսկողության:

Այնուհետև տնօրենի պաշտոնակատարը համապատասխան հրամանով հիշյալ պահաբաժնի պահպանության պատասխանատվությունը ժամանակավորապես մեկ այլ անտառապահին հանձնելու կապակցությամբ հրամանով ստեղծել է հանձնաժողով, սահմանել հանձնման-ընդունման ժամանակահատված, հրամանի կատարման հսկողությունը վերապահել է իրեն, սակայն չի ապահովել հրամանի մասին պատշաճ ծանուցում նշված անտառապահին, հանձնում-ընդունում չի կատարվել և վերոհիշյալ պահաբաժինը շարունակել է մնալ առանց հսկողության:

Այդ պայմաններում, 2021թ. դեկտեմբերից մինչև 2022թ. հունվար ընկած ժամանակահատվածում, «Հաղարծին-տեղամաս» մասնաճյուղի առանց պահպանության մնացած նշված պահաբաժնից ապօրինի հատվել է 32 հատ տարբեր տեսակի թաց, կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 2.217.500 դրամի գույքային վնաս:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱ կազմակերպության  տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման դադարեցումը։

Միջոցներ են ձեռնարկվում՝ ապօրինի ծառահատումներ կատարած անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դեկտեմբեր 16, 2022 at 11:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր