

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը բյուջետային աջակցության վարկի ներգրավման շրջանակում փաստաթղթերի փաթեթի կազմման նպատակով 2023թ. փետրվարի 6-ին աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) գործընկերների հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության և ինստիտուցիոնալ բարեփոխումների գծով իրականացվելիք քայլերը վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Քննարկվել են նաև Եվրասիական բանկի աջակցությամբ իրականացվող «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի ակնկալվող արդյունքները։
Նախարարի տեղակալը ներկայացրել է ՏԿԵ նախարարության կողմից իրակացված մի շարք ծրագրերի մանրամասները և շեշտել դրանց արդյունավետությունը և կարևորությունը: ԿԶԵՀ բյուջետային աջակցության վարկի ծրագրային խմբի ղեկավար Տիգրան Կոստանյանը նշել է, որ հիմնական նպատակը որոշակի հարցերի, ձևակերպումների վերաբերյալ հստակություն ունենալն է: Վաչե Տերտերյանի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ քննարկում ունենալ՝ ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից ներկայացվող հստակ առաջարկներով:
Լուսանկարը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
Փետրվար 07, 2023 at 15:35
