

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքի նախարար Գնել Սանոսյանին, Միջազգային ֆինանսական կորպորացիայի հայաստանյան գրասենյակի ներդրումային ծրագրերի համակարգող Արման Բարխուդարյանին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին, «Էֆ Ար Վի Մասրիկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տրիստան Հուգուերոյին, «Էֆ Ար Վի Մասրիկ» ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչ Դենիզ Սաիդովին՝ ներկայացնելով «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքներն ու առաջարկությունները:
ԷկոԼուրի նամակում նշված է.
««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն իրականացրել է «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի մշտադիտարկում «Համայնքային ռեսուրսների փոխանակում» շահույթ չհետապնդող խորհրդատվական ընկերության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են «Մասրիկ 1» ծրագրի (այսուհետ Ծրագիր) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությունը, բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը (ԲՍԱԳ), բնապահպանական փորձաքննական եզրակացությունը, Ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումները, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը, «Թափոնների մասին» ՀՀ օրենքը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, Ծրագիրը ֆինանսավորած Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ստանդարտները, Բեռնի կոնվենցիան: Իրականացվել են այցելություններ Ծրագրի ազդակիր բնակավայրեր, անցկացվել են հանդիպումներ Վարդենիսի ՏԻՄ-ի, Մեծ Մասրիկ, Արփունք բնակավայրերի վարչական ղեկավարների և բնակչության հետ, որի ընթացքում ներկայացվել է Ծրագիրը, քննարկվել է ԷկոԼուրի պատրաստած «Մասրիկ 1» կայանի վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությունը: Իրականացվել է նամակագրություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Ծրագրի ֆինանսական ներդրողներ ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ծրագիրն իրականացնող «Էֆ Ար Վի Մասրիկ» ընկերության հետ: Ուսումնասիրության արդյունքները ներկայացնում ենք ստորև:
Բնապահպանական փորձաքննության եզրակացության մասին
«Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության ԲՓ 000061 փորձաքննական դրական եզրակացությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տվել է 17.07.2019թ.:
Ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում՝ Սևանա լճի ափին, Մասրիկի դաշտում, Մեծ Մասրիկ բնակավայրի տարածքում: COVID-19 համավարակով և 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ կայանի կառուցման աշխատանքները չեն իրականացվել: Կայանի կառուցումը պետք է ավարտվեր 2022թ-ի հուլիսի 1-ին: ՀՀ կառավարության 2022թ-ի հունիսի 30-ի N 997-Ա որոշմամբ կայանի կառուցման ժամկետը երկարաձգվել է մինչև 2023թ-ի սեպտեմբերի 1-ը:
Այս պարագայում հաշվի չի առնվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջը, համաձայն որի՝ փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը«Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի վերաբերյալ ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան 05.10.2022թ. N 3/07.4/13313 նամակով հայտնել է. «Ի պատասխան Ձեր 2022 թվականի սեպտեմբերի 9-ի գրության՝ տեղեկացնում եմ, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 20-րդ հոդվածի 7-րդ մասի՝ փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Փորձաքննական եզրակացությունն օրենքի ուժով համարվում է ուժը կորցրած: Համաձայն օրենքի նույն հոդվածի 6-րդ կետի՝ առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է հիմնադրութային փաստաթղթի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը»:
ԷկոԼուրին ուղղված Միջազգային ֆինանսական կորպորացիայի հայաստանյան գրասենյակի ներդրումային ծրագրերի համակարգող Արման Բարխուդարյանի 2022թ. դեկտեմբերի 23-ի թիվ 010-22 նամակի և «Էֆ Ար Վի Մասրիկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տրիստան Հուգուերոյի և լիազոր ներկայացուցիչ Դենիզ Սաիդովի 2022թ. դեկտեմբերի 21-ի նամակի համաձայն՝ փորձաքննական եզրակացությունը շարունակում է մնալ ուժի մեջ: |
Հողի մասին
Կայանի տարածքը կազմելու է 128.3 հա, կայանի ցանկապատի երկարությունը՝ 5870 մ: Կայանը տեղադրվելու է Մասրիկի դաշտի կենտրոնական մասում: Կայանի տեղադիրքի մասին ՇՄԱԳ հաշվետվության մեջ նշված է. ««Մասրիկ 1» արևային կայանը գտնվում է Մասրիկ դաշտի կենտրոնական մասում:…«Մասրիկ 1» կայանի համար հայցվող հողի հիմնական մասը զբաղեցնում են մարգագետնասևահողերը:… «Մասրիկ 1» կայանի համար հայցվող տարածքի հողի բերրի շերտի հզորությունը մեծ է՝ երբեմն հատում է 1 մետրը»: Ըստ ՇՄԱԳ-ի՝ Ընկերությունը հողի բերրի շերտն ամբողջությամբ չի հանելու կայանքի տարածքից հետևյալ պատճառաբանությամբ. «Քանի որ օգտահանման ենթակա բերրի հողաշերտի հզորությունը մեծ է՝ միջինը 70 սմ, ստացվում է օգտահանված մեծ ծավալի բերրի հող, որի պահեստավորման և պահպանման համար մեծ մակերեսներ են պետք: Բացի այդ, արևային կայանի շինարարության համար խախտվող հողերի մակերեսները հիմնականում մնում են կառուցապատման տակ, և այսպիսով օգտահանված բերրի հողի հիմնական զանգվածը տեղում չի օգտագործվելու ռեկուլտիվացիոն նպատակներով: Օգտահանված բերրի հողի պահեստավորման և պահեստավորված բերրի հողի պահպանության ծախսերից խուսափելու նպատակով որոշվել է արևային վահանակների տեղադրման ժամանակ հանել միայն կոնստրուկցիոն հիմքերի տակ մնացող հողը»: Ըստ ՇՄԱԳ հաշվետվության՝ ընդհանուր հանվելու է 18129 մ3 հող, որը պահեստավորվելու է արևային կայանի եզրամասում:
Ծրագրի ֆինանսական ներդրողներին՝ ՄՖԿ-ին և ՎԶԵԲ-ին, ինչպես նաև «Էֆ Ար Վի Մասրիկ» ՓԲԸ-ին ուղղված ԷկոԼուրի նամակներում նշվել է, որ որևէ փաստաթղթում գնահատված չէ այդ հողի կորստի տնտեսական արժեքը և փոխհատուցման հնարավորությունը: |
ՄՖԿ-ի պատասխան նամակում նշված է. «Որպես նախագծի պատշաճ ուսումնասիրության մաս՝ ծրագրի տարածքում գտնվող հողը մանրակրկիտ գնահատվել է՝ դրա արտադրողական արժեքը որոշելու և ցանկացած կորուստ պատշաճ կերպով փոխհատուցելու համար: ՄՖԿ-ն հիմնվել է Համաշխարհային բանկի սոցիալական փորձաքննության զեկույցի սեփական գնահատման և եզրակացությունների վրա, որը հրապարակվում է Բնապահպանական և սոցիալական վերանայման տեսության (ESRS) հետ միասին ՄՖԿ-ի կայքում: ՄՖԿ-ն գնահատեց հողօգտագործումը և եզրակացրեց, որ դրանք անարդյունավետ արոտավայրեր են՝ անասունների գերարածեցման, հողի աղակալման և խտացման պատճառով: Հողի ձեռքբերումը կամավոր հողային գործարք էր, որի ընթացքում համայնքը հող էր տրամադրում տեղական օրենսդրությանը համապատասխան: Համայնքին վճարվել է ամբողջությամբ՝ հողի գնահատման (հավաստագրված գնահատողի) կամ կադաստրային արժեքի հիման վրա»:
«Էֆ Ար Վի Մասրիկ» ՓԲԸ-ն ևս նմանատիպ պատասխան է տվել. «Որպես նախագծի պատշաճ ուսումնասիրության մաս՝ ծրագրի տարածքում գտնվող հողը մանրակրկիտ գնահատվել է: Պարզվել է, որ դրանք անարդյունավետ արոտավայրեր են՝ անասունների գերարածեցման, հողի աղակալման և խտացման պատճառով: Հողի ձեռքբերումը կամավոր հողային գործարք էր, որի ընթացքում համայնքը հող էր տրամադրում տեղական օրենսդրությանը համապատասխան: Համայնքին վճարվել է ամբողջությամբ՝ հողի գնահատման (հավաստագրված գնահատողի) կամ կադաստրային արժեքի հիման վրա»:
Տրված պատասխանները հակասում են ՇՄԱԳ հաշվետվությունում գրված հողի վերաբերյալ տվյալներին: |
Նշենք, որ Մեծ Մասրիկ բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ասատրյանը ԷկոԼուրին հայտնել է, որ 97 հա արոտավայրի դիմաց ընկերությունը 82 միլիոն դրամ է տվել համայնքին: Այդ գումարով ասֆալտապատել են գյուղի փողոցները, ձեռք բերել երեք հացահատիկային կոմբայն, բարեկարգել գերեզմանատունը: Եվս 32 հա-ը վաճառել են ուղիղ վաճառքով՝ 1 քառակուսի մետրը 195 դրամով:
Էլեկտրոնային թափոնների մասին
ՇՄԱԳ-ում որպես թափոն նշվում են շարժիչների բանեցված յուղերը, բանեցված անվադողերը, շինարարական աղբը: Ընկերության կայքում նշված է, որ «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի համար կպահանջվի 180,000 ՖՎ վահանակից մի փոքր ավելի Ֆոտովոլտային վահանակ, իսկ ՇՄԱԳ-ում նշված է 165,368 վահանակ:
Սակայն փաստաթղթերում նշված չէ, թե շահագործումից հանված վահանակները, կրիչները որքան թափոն կառաջացնեն, ինչպես են դրանք անվտանգ պահվելու, որտեղ՝ մինչև լիցենզավորված ընկերությունների փոխանցվելը: Նշենք, որ Հայաստանում դեռ չկան ընկերություններ, որոնք զբաղվում են նմանատիպ թափոնների վերամշակմամբ կամ օգտահանմամբ: |
ՇՄԱԳ հաշվետվության մեջ գրված է, թե ինչ թունավոր միացություններ է պարունակում ՖՎ տեխնոլոգիան. «ՖՎ տեխնոլոգիան հիմնված է որոշ նյութերի մոլեկուլյար կառուցվածքի վրա արևի լույսի (ֆոտոներ) ազդեցության վրա: Այդ նյութերը պետք է լինեն կիսահաղորդիչներ, ինչպես օրինակ՝ սիլիկոնը, կադմիումի տելուրիդը, պղնձի ինդիում դիսելենիդը, գալիումի արսենիդը և այլ օրգանական նյութեր: Այդ նյութերը արևի լույսի ազդեցության տակ ունեն հատկություն առաջացնելու էլեկտրոնների շարժ, այնուհետ կլանել ֆոտոների էներգիան»:
Աշխարհում արտադրվող արևային կայանների կառույցների կյանքի տևողությունը գնահատվում է մինչև 15-30 տարի: Շահագործման ժամկետը լրացած վահանակները վերամշակման ենթակա թափոն են:
Ծրագրի ռիսկերից են.
- անհայտ է էլեկտրոնային թափոնների իրական ծավալը
- ՇՄԱԳ-ում բացակայում է էլեկտրոնային թափոններում տոքսիկ միացությունների՝ մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին տեղեկատվությունը
- ՇՄԱԳ-ում բացակայում են էլեկտրոնային թափոնների ռիսկերի նվազեցմանը կամ չեզոքացմանն ուղղված միջոցառումները, դրանց համար ֆինանսական պատասխանատվությունը:
Պատասխանելով ԷկոԼուրի հարցմանը՝ ՄՖԿ-ն և «Էֆ Ար Վի Մասրիկ» ՓԲԸ-ն էլեկտրոնային թափոնների մասին իրենց նամակներում նշել են. «Լինելով Հայաստանում ստեղծվելիք առաջին արևային պարկը՝ նախագծի ռազմավարությունն է նվազեցնել էլեկտրոնային թափոնների ծավալն իր գործունեության ողջ ընթացքում՝ երկարացնելով ցանկացած արտադրանքի կամ դրա բաղկացուցիչ մասերի ծառայության ժամկետը՝ վերանորոգման, վերաօգտագործման և վերակառուցման միջոցով։ Անպիտան արևային մարտկոցներն ու բաղադրիչները կպահպանվեն վտանգավոր թափոնների պահեստավորման վայրում նախքան երկրի մակարդակով կայուն մշակման/հեռացման տարբերակների մշակումը կամ դրսից ձեռք բերելը»:
Փաստաթղթերից և նամակագրությունից պարզ չէ, թե որտեղ են պահեստավորվելու այդ թափոնները և հայտնի չէ, թե ինչ կարգավորումներ, քաղաքականություններ կամ ռազմավարություններ կմշակվեն էլեկտրոնային թափոնների կառավարման վերաբերյալ: |
«Մասրիկ 1» արևային կայանը «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքում
«Մասրիկ 1» արևային կայանի տարածքը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2021թ-ին ԷկոԼուրին հայտնել է. «Աշխատանքային խումբը 2019թ. Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել «Էմերալդ» ցանցի օպտիմալացման վերաբերյալ առաջարկներ: Համաձայն այդ առաջարկների՝ Գեղարքունիքի մարզն ընդգրկում է «Էմերալդ» ցանցի 4 պոտենցիալ տարածքներ՝ 82421,8 հա ընդհանուր մակերեսով, հետևաբար արևային էլեկտրակայանին հատկացված տարածքը դուրս է Գեղարքունիքի մարզի «Էմերալդ» ցանցի սահմաններից»:
Այդ առաջարկները Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնելը դեռ չի նշանակում, որ դրանք հաստատված են Բեռնի կոնվենցիայի Բյուրոյի կողմից, միայն հաստատվելուց հետո դրանք կարող են հանված լինել «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքներից: |
Բեռնի կոնվենցիայի կայքում «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածք է ամբողջ «Սևան» ազգային պարկի տարածքը 489,839.8 հեկտարով: Որպես տվյալների հավաքագրման տարի նշված է 2021 թվականը:
Բեռնի կոնվենցիայի բյուրոն 2022 թվականի ապրիլին կայացած նիստում ընդունած որոշմամբ հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում նախատեսվող Էմերալդ ցանցի տարածքների էական կրճատման կապակցությամբ և կրկին հորդորել է իշխանություններին պարզաբանել, թե երբ վերանայված ցուցակը պատրաստ կլինի և կներկայացվի քարտուղարություն։
«Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի՝ «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքում գտնվելու վերաբերյալ ՄՖԿ-ն և «Էֆ Ար Վի Մասրիկ» ՓԲԸ-ն հայտնել են. ««Մասրիկ» արևային ծրագիրը նամակ է ստացել Շրջակա միջավայրի նախարարությունից 2019 թվականին՝ հաստատելով, որ նախագծի տարածքն առաջարկվող Էմերալդ գոտու մաս չէ: Շրջակա միջավայրի նախարարությունը նախագծի հովանավորին և վարկատուներին տեղեկացրել է, որ Հայաստանում ցանցի ստեղծման հետազոտական խումբը մշակել և Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել ցանցի օպտիմալացման առաջարկ, որի համաձայն ընդգրկված են եղել «Սևան» ազգային պարկի միայն որոշ հատվածներ և Գեղամա լեռնաշղթայի միջին հատվածի լանջերի ոչ մեծ մակերեսներ որպես առաջարկվող էմերալդ ցանցի պոտենցիալ տարածքներ:
Այս որոշումը հաստատվել է այն տարածքի դաշտային հետազոտությունների արդյունքներով, որոնք Միջազգային ֆինանսական կորպորացիան խնդրել է «Մասրիկ 1» կայանի համար: Հետազոտության արդյունքների հիման վրա նախագծի տարածքը խիստ փոփոխված միջավայր է, որն ավանդաբար օգտագործվել է արածեցման համար: Առկա չեն բույսերի կամ կենդանիների տեսակներ, որոնք կարող են անհետանալ կամ վտանգված լինել, և բույսերի տեսակները տարածված են և բնորոշ են արոտավայրերին»:
Նշվածին ՄՖԿ-ն նաև հավելել է. «Չնայած ծրագրի տարածքում կենսաբազմազանության արժեքները գնահատվել են որպես խիստ փոփոխված, ՄՖԿ-ն պահպանողականորեն կիրառել է բնական միջավայրի պահանջները, քանի որ նախագիծը գտնվում է կարևոր թռչնաբանական տարածքում և Ռամսարի տարածքում: ՄՖԿ-ն, որը գտնվում է Iba-ի և Ռամսարի տեղամասի սահմաններում, նույնպես պահպանում է կենսաբազմազանության պահանջները: Այսպիսով, հովանավորը և ՄՖԿ-ն պայմանավորվել են, որ նախագիծը խորհրդակցություններ կանցկացնի Ռամսարի տարածքի շահագրգիռ կողմերի հետ և կիրականացնի լրացուցիչ ծրագրեր՝ որպես իրենց կանոնավոր վերահսկողական գործունեության մաս»:
Էլեկտրական և մագնիսական դաշտի ազդեցության մասին
Ըստ ՇՄԱԳ հաշվետվության՝ կայանի շահագործման դեպքում էլեկտրական և մագնիսական դաշտի ազդեցությունը հանրության և աշխատակիցների վրա գնահատվել է երկրաժամկետ, անուղղակի: Սակայն մագնիսական դաշտի ազդեցության մեղմման մասին գործողությունները հստակ չեն:
ՄՖԿ-ն և «Էֆ Ար Վի Մասրիկ» ՓԲԸ-ն այս կապակցությամբ ԷկոԼուրին հայտնել են. «Էլեկտրական և մագնիսական դաշտերը հիմնականում կառաջանան օդային հաղորդման գծի տակ: Օդային հաղորդման գծի երթուղին ընտրվել է՝ հաշվի առնելով բնակելի տարածքներին մոտ լինելը: Օբյեկտներից ոչ մեկը չի գտնվում բուֆերային միջանցքում, ինչպես սահմանված է տեղական կանոնակարգերով»:
Ազդակիր համայնքի իրազեկվածության մասին
Ազդակիր Վարդենիս խոշորացված համայնքի ՏԻՄ-ը, ինչպես նաև Մեծ Մասրիկ և Արփունք բնակավայրերի վարչական ղեկավարներն ու բնակիչները պատշաճ իրազեկված չեն «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության, փաստաթղթով նախատեսված գործողությունների, ռիսկերի մասին: Մեծ Մասրիկ համայնքը, որը Ծրագրի ազդակիր համայնքն է, 2021թ. ընդգրկվել է նոր խոշորացված Վարդենիս համայնքում: Այդպիսով, Վարդենիս խոշորացված համայնքի ՏԻՄ-ը և ընդհանուր համայնքը չեն մասնակցել Ծրագրի վերաբերյալ հանրային քննարկումներին, տեղեկացված չեն ներկայացված փաստաթղթերին, Ընկերության ստանձնած պարտավորություններին:
Արփունք բնակավայրում անտեղյակ էին հողի օտարման հարցերին՝ պատճառաբանելով, որ համայնքային խոշորացման արդյունքում Ընկերությունն իրենց հետ թղթաբանություն չի իրականացրել: Բնակավայրի տարածքում ՀՀ կառավարությունը 2020թ. մայիսի 14-ի N 742-Ն որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչեց բնակիչների ընդհանուր 0,013778 հեկտար սեփականության իրավունքով պատկանող վարելահողերի նկատմամբ: «Էֆ Ար Վի Մասրիկ» ընկերությունը «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի կապակցությամբ փոխհատուցման և օժանդակության մասին համաձայնագիր է կնքել այն բնակիչների հետ, ումից հող է վերցրել: Փոխհատուցում է տրամադրվել մշակաբույսերի դիմաց, միանվագ փոխհատուցում՝ վարձակալական իրավունքի դադարեցման դիմաց և վարձակալական իրավունքի դադարեցման դիմաց տարեկան օժանդակություն 20 տարի ժամկետով:
Ազդակիր բնակավայրերում Ծրագրի շրջանակներում չեն իրականացվում սոցիալական աջակցության ծրագրեր:
Եզրակացություն
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ ԲՓ 000061 փորձաքննական դրական եզրակացությունը պետք է համարվի ուժը կորցրած, մինչդեռ Ընկերությունը պնդում է, որ եզրակացությունն ուժի մեջ է:
- Ըստ էության, արևային կայանի կառուցման համար հատկացվել է բերրի հող հարթ տարածքում, որը Գեղարքունիքի մարզի բարդ, լեռնային ռելիեֆի պայմաններում խիստ արժեքավոր է գյուղատնտեսական գործունեության համար: Բերրի հողը կենթարկվի էրոզիայի կայանի շահագործման ընթացքում: ՇՄԱԳ փորձաքննության փուլում անտեսվել են բերրի հողի բարձր նշանակության և նրա գյուղատնտեսական արժեքի փաստերը: Բերրի հողի վերաբերյալ տվյալները ՇՄԱԳ հաշվետվության մեջ և ՄՖԿ-ի ու Ընկերության պատասխաններում իրարամերժ են:
- ՇՄԱԳ-ում իրականացված չէ «Մասրիկ 1» արևային կայանի ծրագրից սպասվող օգուտի և վնասի հաշվարկ այլ սոցիալ-տնտեսական գործունեությունների նկատմամբ:
- ՇՄԱԳ-ում նախատեսված չէ սոցիալական աջակցություն ազդակիր համայնքին:
- ՇՄԱԳ-ը միջոցառում չի նախատեսում 375 ՎՏ դրվածքային հզորությամբ 165,368 հատ ֆոտովոլտային վահանակների վնասման կամ շահագործումից հետո դրանց պահման կամ վերամշակման վերաբերյալ:
- Նշված չեն բնական երևույթների՝ հնարավոր ձնաբքերի, կարկուտների, փոթորիկների, երկրաշարժերի ռիսկերից վահանակների պահպանության գործողությունները:
- Նշված չէ, թե շահագործումից հանված վահանակները, կրիչները որքան թափոն կառաջացնեն, ինչպես են դրանք անվտանգ պահվելու մինչև լիցենզավորված ընկերությունների փոխանցվելը: Ընդորում, Հայաստանում դեռ չկան ընկերություններ, որոնք զբաղվում են նմանատիպ թափոնների վերամշակմամբ կամ օգտահանմամբ:
- Ազդակիր համայնքը լիարժեք տեղեկացված չէ Ծրագրի մասին, երբ են շարունակվելու աշխատանքները, երբ են ավարտվելու, ինչ բնապահպանական միջոցառումներ են իրականացվելու, որքան գումար է ծախսելու դրանց իրականացման համար:
- Արփունք բնակավայրում «Էֆ Ար Վի Մասրիկ» ՓԲԸ-ն որոշ բնակիչների հետ կնքել է փոխհատուցման և օժանդակության մասին համաձայնագրեր, որով 20 տարի շարունակ բնակիչներին տրամադրելու է վարձակալության իրավունքի դադարեցման դիմաց օժանդակություն: Սահմանամերձ գյուղում բնակչին պահելու համար այս օժանդակությունը, թեպետ փոքր է, բայց դրական է գնահատվում, քանի որ այն գյուղում մնալու պատճառներից է:
Առաջարկություններ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը
- Հաշվի առնելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջը՝ ուժը կորցրած ճանաչել «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության ԲՓ 000061 փորձաքննական դրական եզրակացությունը և նշանակել նոր փորձաքննություն:
- Նոր փորձաքննության փուլում հաշվի առնել առկա բացթողումները՝
էլեկտրոնային թափոնների կառավարման խնդիրը, բերրի հողի էրոզիայի ենթարկման խնդիրը, գնահատել իրականացվող ծրագրի սոցիալ-տնտեսական օգուտը և վնասը, նախատեսել սոցիալ-տնտեսական աջակցություն ազդակիր համայնքին:
- Հրապարակել «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքների օպտիմալացված ցանկը՝ բացառելու «Մասրիկ 1» կայանի կառուցման տարածքի գտնվելը այդ տարածքում:
«Էֆ Ար Վի Մասրիկ» ընկերությանը
- Ապահովել Վարդենիս ազդակիր համայնքի իրազեկվածությունը Ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:
- Ապահովել Վարդենիս ազդակիր համայնքի լիարժեք մասնակցությունը Ծրագրի իրականացման ընթացքի մոնիտորինգին:
- Ծրագրի շրջանակներում ապահովել հողի բերրի շերտի պատշաճ պահպանությունը՝ ներկայացնել միջոցառումների պլան:
- Միջոցառումներ նախատեսել էլեկտրոնային թափոնների պահման, օգտագործման, վերամշակման համար:
- Իրականացնել «Մասրիկ 1» արևային կայանի ծրագրից սպասվող օգուտի և վնասի հաշվարկ, միջոցներ ձեռնակել վնասները նվազագույնի հասցնելու համար:
- Ծրագրի շրջանակներում համայնքի համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում նախատեսել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր:
Առաջարկում ենք քննարկել մեր եզրակացությունները և դրանից բխող առաջարկությունները ձեր համակարգման ոլորտի հարցերի շրջանակներում, հաշվի առնել դրանք Ծրագրի հետ կապված շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցման, տեղական և միջազգային խնդիրների կարգավորման գործընթացում»:
Հունվար 24, 2023 at 15:45