ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ փետրվարի 20-ին Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դատախազություններում ամփոփվել են 2022 թվականի գործունեության արդյունքները:
Գլխավոր դատախազի առաջին կանգառը եղել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում, որտեղ մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանը ներկայացրել է գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները և այլն:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազին հանձնարարել է ուսումնասիրել «Սևան» ազգային պարկի տարածքների վարձակալության և հնարավոր օտարումների իրավաչափությունը՝ ընդգծելով, որ «Սևան» ազգային պարկի դեմ ուղղված ոտնձգությունը գտնվում է իր անմիջական հսկողության ներքո:
Գլխավոր դատախազի աշխատանքային հաջորդ կանգառը եղել է Տավուշի մարզի դատախազությունում: Մարզի դատախազ Գոռ Ալոյանը ներկայացրել է 2022 թվականի գործունեության արդյունքները:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազին հանձնարարել է ուսումնասիրություն սկսել Դիլիջան ազգային պարկում հողօգտագործման և անտառահատումների վերաբերյալ, իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցությամբ գործողությունների ծրագիր մշակել՝ ուղղված անտառների «կոտորածը» կանխելուն:
Աննա Վարդապետյանը երկու մարզերի դատախազներին հանձնարարել է նաև համագործակցված աշխատանք իրականացնել Գեղարքունիքում և Տավուշում մեկ ամիս առաջ ներդրված Պարեկային ծառայության հետ՝ ընդգծելով հանցագործությունների կանխման ոլորտում պարեկային ծառայողների դրական դերակատարումը:
Փետրվար 21, 2023 at 16:04