ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Արարատի մարզի Երասխ բնակավայրում կառուցվող մետալուրգիական գործարանը համապատասխանում է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում։
«Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունների կատարմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշում էր, թե Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները՝ այդ գործունեությունն առանց Բաքվի հետ համաձայնեցնելու իրականացնելու համար: Հայտարարության մեջ վկայակոչվել է Էսպոյի կոնվենցիան (Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա) և ընգծվել, որ լինելով այդ փաստաթղթի կողմ՝ Հայաստանը պարտավոր էր նախագիծն Ադրբեջանի հետ համաձայնեցնել։
Հունիս 10, 2023 at 15:40