

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն 2023թ․ Լոռու մարզում շուրջ 300 հեկտար անտառտնկման աշխատանքներ է իրականացրել՝ տնկելով ավելի քան 900.000 ծառ և ժամանակավոր աշխատանքով ապահովելով 280 մարդու: Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքից։
Սույն թվականի փետրվարի 14-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ընդունել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Անդրէ Գումուշճեանին և կազմակերպության գործառնական ղեկավար Վահե Մարտիրոսյանին:
Մարզպետին են ներկայացվել «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի կողմից Լոռու մարզում գործունեության 5 տարիների ընթացքում գրանցված արդյունքները։
Անդրէ Գումուշճեանը նշել է, որ կազմակերպությունն իր աշխատանքների մեծ մասն իրականացնում է Սպիտակի, Ստեփանավանի տարածաշրջանների Ջրաշեն, Շիրակամուտ, Ուրասար, Լեռնապատ բնակավայրերում՝ իրականացնելով անտառհիմնման և անտառվերականգնման աշխատանքներ՝ սկսած սերմերի աճեցումից մինչև անտառների հիմնում և պահպանում։ Լոռու մարզի Գուգարք և Դեբեդ բնակավայրերում «Իմ անտառ Հայաստան»-ն ունի 2 տնկարան և ջերմոցներ:
«Անտառային տարածքների վերականգնումը ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալական և տնտեսական մեծ խնդիր է լուծում: Կանենք առավելագույնը՝ նպաստելու կազմակերպության ծրագրերի արդյունավետ իրագործմանը», - ասել է մարզպետ Արամ Ղազարյանը:
Փետրվար 15, 2024 at 12:10