Կառավարությունը հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրը

Գործադիրը սույն թվականի մարտի 14-ին հաստատեց Բուսաբուծության աջակցության ծրագիրը՝ ՀՀ-ի ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ 

Որոշման հիմնավորման համաձայն՝ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումների վերջին տարիներին հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն, ցանքատարածությունների նվազում է արձանագրվում։ Մասնավորապես, 2023 թ-ին 2020 թ-ի համեմատ հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները նվազել են շուրջ 577 հա-ով, գարնանացան գարու ցանքատարածությունները՝ 10210 հա-ով, գարնանացան ցորենինը՝ շուրջ 180 հա-ով, իսկ բազմամյա խոտաբույսերի ընթացիկ տարվա ցանքը՝ շուրջ 567 հա-ով։

«Ցանքատարածությունների շարունակական նվազումը հիմնականում մշակության ցածր տնտեսական արդյունավետության հետևանք է, որն էլ պայմանավորված է ցածր միջին բերքատվությամբ և ստացված արտադրանքի բարձր ինքնարժեքով։ Գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվությունը պայմանավորված է կոմպլեքս գործոններով, այդ թվում՝ ագրոտեխնիկական պահանջվող միջոցառումների իրականացմամբ, միաժամանակ մեծ ազդեցություն ունի մշակության արդյունավետ, ռեսուրսախնայող տեխնոլոգիաների կիրառումը» ,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

Բուսաբուծության ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ կբարձրանա հանրապետության պարենային ինքնաբավության մակարդակը, մշակվող վարելահողերի տարածքները կավելանան 14 300 հեկտարով, այդ թվում՝ գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կավելանան 11500 հեկտարով, որից եգիպտացորենը՝ 1000 հեկտարով, հատիկաընդեղեն մշակաբույսերը` 1500 հեկտարով, բազմամյա խոտաբույսերինը` 2800 (առվույտ, կորնգան) հեկտարով, կբարձրանա արտադրողականությունը, ինչպես նաև կնվազի ներմուծման ծավալները։

Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) մշակաբույսերի մշակություն իրականացնող տնտեսավարողը: Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։ Յուրաքանչյուր շահառու ՀՀ մարզում կարող է իրականացնել մի քանի տեսակի մշակաբույսերի ցանք: Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր շահառուի հաշվով տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 11 միլիոն դրամը: 

Ծրագրի շրջանակում թույլատրվում է խառը ցանքերի իրականացումը, իսկ փոխհատուցումը տրամադրվելու է հացահատիկային մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով։ Յուրաքանչյուր շահառուի կողմից կատարված ծախսերի 50% փոխհատուցման գումարը հաշվարկվելու է տվյալ մշակաբույսի ցանքատարածության մեկ հեկտար մակերեսի վրա հիմնական աշխատանքների՝ վարի, ցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի միջին շուկայական գներով:

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 հազար դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 հազար դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 հազար դրամ, բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 հազար դրամ։ 

Մարտ 18, 2024 at 14:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր