Երևանում նախորդ տարի հիմնված 19 հեկտար քաղաքային անտառներում ու վերականգնված կանաչ գոտիներում ծառերի կպչողականությունը 95 տոկոս է։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։
Ըստ աղբյուրի՝ 16 հեկտար բուն անտառային գոտուց 15-ը Եռաբլրի տարածքում է։ «Եռաբլուրը քարհանք էր։ Բացի քարերից, այստեղ վերլուծությունները ցույց տվեցին, որ աղակալման երևույթ կա, ինչը ևս բարդացրեց աշխատանքը։ Դրա համար հատուկ տեխնոլոգիա մշակվեց։ Այստեղ անցկացվեց շուրջ 8 կմ ոռոգման ցանց, տնկվեց ավելի քան 5 հազար ծառ և թուփ։ Ընտրվեցին հիմնականում տեղի կլիմայական պայմաններին հարմարված, դիմացկուն, պտղատու և անտառային ծառատեսակներ՝ ծիրանենի, խնձորենի, տանձենի։ Ճանապարհի եզրագծով նաև սոսիներ տնկվեցին։ Մի մասը տնկվել էր մի քանի տարի առաջ, և մեծ մասը չորացել էր: Մենք, իհարկե, դրանք փոխեցինք։ Սովորաբար անտառային զանգվածը ստեղծվում է ավելի փոքր տնկանյութով, քան գծային տնկարկները փողոցներում։ Սրանք 3-4 տարեկան տնկարկներ էին, և մի 4 տարի հետո կտեսնեք բավական մեծ խտություն։ Նոր հիմնված քաղաքային անտառներում կպչողականությունը կազմեց 95 տոկոս», - ասել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փորձագետ Հասմիկ Խուրշուդյանը։
Ըստ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետների՝ սովորաբար կպչողականությունը հաշվում են փորձահրապարակներ հիմնելով, իսկ իրենք հատ առ հատ են ստուգել ու հաշվել։
«Եթե տեսնում եք, որ ծառն այս պահին տերևակալած չէ, չի նշանակում, որ չորացած է։ Տարբեր ծառեր տարբեր ժամանակ են առաջացնում իրենց տերևային զանգվածը։ Օրինակ՝ մի ծառն արդեն տերևակալված է, անգամ ունի պտուղներ։ Եվ մյուսը, որն առաջին հայացքից կարող է թվալ չորացած է, ուշադիր դիտելիս երևում են բողբոջները։ Ի դեպ, նորմալը մինչև 75 տոկոս կպչողականությունն է, իսկ 95-ի պարագայում լրացման միջոցառումներ չենք անելու, որովհետև խտությունը բավարար է։ Երբևէ չի եղել, որ մեկ-երկու տարվա ընթացքում 35 հեկտար իրականում տնկված և կայացած զանգված լինի։ Եվ՛ Ծիծեռնակաբերդը, և՛ Եռաբլուրը յուրահատուկ աշխատանքներ են՝ նոր մշակված տեխնոլոգիաներով, նոր մոտեցումներով։ Կայացած անտառներ են, և մի 4-5 տարի հետո մեր համայնքին կհանձնենք քաղաքային անտառ», - նշել է ՀՈԱԿ-ի փորձագետը։
Երևանի բնապահպանական խնդիրները շատ են ու բազմազան։ Ըստ քաղաքապետարանի՝ հիմնական լուծումն անտառային գոտիների ու կանաչ տարածքների ավելացումն է։ Այս տարի նախատեսվում է քաղաքային անտառներն ընդլայնել ևս 35 հեկտարով։ Նոր անտառներ կհիմնվեն Նորքի բարձունքում և Ավանում։ Նախագծերը մշակվում են, առաջնահերթորեն տեղերում պետք է լուծվի ոռոգման համակարգի խնդիրը։ Ծառատունկը նախատեսվում է աշնանը։
Ապրիլ 17, 2024 at 12:11