ԲԸՏՄ-ն՝ ՇՄԱԳ փորձաքննության պահանջների խախտման կամ չկատարման համար սահմանված տուգանքների մասին

ԲԸՏՄ-ն՝ ՇՄԱԳ փորձաքննության պահանջների խախտման կամ չկատարման համար սահմանված  տուգանքների մասին

2023թ. հունիսի 9-ից ուժի մեջ են մտել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-150-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-152-Ն ՀՀ օրենքները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 94.1-րդ հոդվածում (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության պահանջների խախտմամբ գործունեություն իրականացնելը) կատարվել են մի շարք փոփոխություններ: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) տեղեկացնում է, թե ինչ տուգանքներ են սահմանվել խախտումների դեպքում։  

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն առանց փորձաքննական դրական եզրակացության կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն օրենքի ուժով բացասական եզրակացություն ստացած հաշվետվության կամ փորձաքննական բացասական եզրակացության առկայության դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` 5 միլիոն ՀՀ դրամ, պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` 10 միլիոն ՀՀ դրամ; Բ կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` 500.000 ՀՀ դրամ, պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 5մլն ՀՀ դրամ։

Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի կամ ՇՄԱԳ հաշվետվության, ներառյալ՝ բնապահպանական կառավարման պլանի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի կամ փորձաքննական եզրակացության պահանջները կամ պայմանները չկատարելը, իսկ սահմանված ժամկետների դեպքում` սահմանված ժամկետներում չկատարելը կամ խախտելը կամ դրանցից շեղվելը առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` 200.000 ՀՀ դրամ, պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` 400.000 ՀՀ դրամ; Բ կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` 100.000 ՀՀ դրամ, պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` 200.000 ՀՀ դրամ։

Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի նշանակման օրվանից տեսչական մարմնի սահմանած ժամկետում փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի կամ ՇՄԱԳ հաշվետվության, ներառյալ՝ բնապահպանական կառավարման պլանի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի կամ փորձաքննական եզրակացության պայմանները կամ պահանջները չկատարելը, պահանջների կամ պայմանների խախտումները կամ շեղումները չվերացնելը առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` 5 միլիոն ՀՀ դրամ, պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` 10 միլիոն ՀՀ դրամ; Բ կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` 2.5 միլիոն ՀՀ դրամ, պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 5 միլիոն ՀՀ դրամ»,- նշված է ԲԸՏՄ-ի հաղորդագրության մեջ։

Մայիս 08, 2024 at 14:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր