2011-2015ԹԹ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 7.97 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ

Հետք

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրավերով Հայաստան է ժամանել Գլոբալ Էկոլո•իական Հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Մոնիկ Բարբուտը:

Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամը /ԳԷՀ/  հիմնվել է  1991թ և նպաստում է Երկիր մոլորակի շրջակա միջավայրի  պահպանման գործընթացին` ֆինանսական միջոցները նպատակաուղղելով գլոբալ բնույթի բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը:

Հայաստանի Հանրապետությունը ԳԷՀ-ի հետ համագործակցում է 1994 թվականից, այդ  անցած ժամանակահատվածում  Հայաստանում իրականացվել է հանրապետության համար  կարևոր նշանակություն ունեցող 17  ծրագիր` 21.9մլն դոլար արժողությամբ:

Հայաստանում ԳԷՀ-ի քաղաքական և գործառնական համակարգող է  հանդիսանում ՀՀ բնապահպանության նախարար  պարոն Արամ Հարությունյանը:

Հոկտեմբերի 19-ին, ՀՀ բնապահպանության նախարար  Արամ Հարությունյանը ընդունել է տիկին Մոնիկ Բարբուտին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում առկա բնապահպանական խնդիրները, ԳԷՀ-ի ներդրումային ծրագրերն ու դրանց արդյունքները, ամփոփվել է ԳԷՀ-ի հետ համագործակցության 4-րդ փուլը, որի   շրջանակներում 2005-2009թթ ժամանակահատվածում իրականացվել են  մի շարք ազգային և տարածաշրջանային բնապահպանական  ծրագրեր` 5.5 մլն դոլար արժողությամբ և նախագծվել են  ԳԷՀ 5-րդ փուլում համագործակցելու հեռանկարները:

ԳԷՀ -5 գործընթացի շրջանակներում 2011-2015թթ-ն Հայաստանի Հանրապետության համար նախատեսված բյուջեն կազմում է 7.97մլն ԱՄՆ դոլար` ըստ կիզակետային ոլորտների:

Նախարար Արամ Հարությունյանը կարևորեց այս հանդիպումը և հույս հայտնեց, որ այն կտա իր առավել դրական արդյունքները հետագա համագործակցության համար:

ՀՀ բնապահպանության նախարարը և տիկին Բարբուտը հանդիպեցին ՀՀ–ում  ԳԷՀ-ի ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող միջազգային գործակալությունների հետ, այդ թվում` Համաշխարհային բանկի (WB), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNDP), Միավորված ազգերի արդյունաբերական  զարգացման կազմակերպության(UNIDO) և ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված  «ԳԷՀ-ի հետ համագործակցության հանձնաժողովի»  անդամների հետ:

Հանդիպման ընթացքում պարոն Հարությունյանը ներկայացրեց տիկին  Բարբուտի այցի նպատակը,  ԳԷՀ-ի հետ համագործակցությունը, ինչպես նաև այն գործողությունները, որոնք նախատեսված  են իրականացնել  տիկին Բարբուտի այցի ընթացքում:

Այնուհետև տիկին  Բարբուտը խոսեց իր այցի և հանձնաժողովի հետ քննարկվելիք հարցերի շուրջ, միաժամանակ կարևորելով ՀՀ վարչապետի կողմից «ԳԷՀ-ի հետ համագործակցության հանձնաժողովի»  ստեղծումը: Նա նշեց նաև, որ ԳԷՀ-ի ռազմավարական խնդիրներից է աջակցությունը երկրներին` որոշումներ կայացնլու, բնապահպանական խնդիրները ծրագրավորելու և ինքնուրույն ծրագրեր իրականացնելու պարագայում:

Պլանավորված է այցելություն «Սևան» ԱՊ և «Խոսրով» պետական արգելոց, որտեղ կքննարկվեն նոր ներդրումային ծրագրեր և համագործակցության հեռանկարները:
Հոկտեմբերի 20-ին, նախատեսվում է ՀՀ բնապահպանության նախարարի և տիկին
Բարբուտի համատեղ մամլո ասուլիսը: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հոկտեմբեր 20, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր