Կայացել է Հայաստանի ԱՃԹՆ-ի 5-րդ ազգային զեկույցի ներկայացման համաժողովը

Կայացել է Հայաստանի ԱՃԹՆ-ի 5-րդ ազգային զեկույցի ներկայացման համաժողովը

2024թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/ EITI) տարեկան համաժողովը, որը նվիրված էր  Հայաստանի ԱՃԹՆ-ի  2022 թվականը ներկայացնող  ազգային զեկույցին։

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նախագահ Տիգրան Խաչատրյանը: Իր խոսքում նա կարևորեց  մետաղական հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետ և թափանցիկ կառավարումը և նշեց, որ ԱՃԹՆ ամենամյա հավաքները նպատակ ունեն երկրի տնտեսության և հանրային կյանքի համար նշանակալից ազդեցություն ունեցող ոլորտի գործունեությունն ու տվյալները դարձնել հանրային ճանաչելի, հասանելի, թափանցիկ և հաշվետու: Իր ելույթում Տիգրան Խաչատրյանը վերահաստատեց Կառավարության  և բազմաշահառու խմբի հանձնառությունը՝  ԱՃԹՆ-ի ստանդարտի շարունակաբար բարձրացվող պահանջները բավարարելու և ոլորտի լավ կառավարման գործելաոճը ամրապնդելու վերաբերյալ։ 

Այնուհետև համաժողովի մասնակիցներին ողջունեց ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության տնօրեն Մարկ Ռոբինսոնը, որը համաժողովին միացել էր հեռավար եղանակով: Մարկ Ռոբինսոնը ընդգծեց Հայաստանի ԱՃԹՆ-ի հաջողությունների գործում բազմաշահառու խմբի և ազգային քարտուղարության դերը: Նա նշեց, որ Հայաստանը Ստանդարտի որոշ պահանջների կատարումը նույնիսկ գերազանցել է, ինչպես օրինակ՝ Իրական շահառուների բացահայտման գծով պահանջը, և այժմ այդ առումով Հայաստանը մյուսների համար նշաձող է սահմանել: Իր խոսքում ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության տնօրենը նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը՝  Խորհրդի նիստը 2025թ. աշնանը Երևանում անցկացնելու հրավերի համար և հույս հայտնեց, որ առաջիկա այդ իրադարձությունը հիանալի առիթ է Հայաստանի համար՝  ընդգծելու համար իրական սեփականության բացահայտման հարցում ունեցած գերազանցությունը և ներկայացնելու այդ ոլորտում  իր կողմից կատարվող աշխատանքները:

Ելույթ ունեցավ նաև Համաշխարհային բանկի հայաստանյան ծրագրերի ղեկավար Նարինե Թադևոսյանը, որը շնորհավորեց ներկաներին՝ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի գործունեության ևս մեկ տարվա  արդյունքները հրապարակելու առիթով: Իր խոսքում Նարինե Թադևոսյանը անդրադարձավ Հայաստանի ԱՃԹՆ-ի անցած դժվարին ու արդյունավետ ուղուն՝ նշելով, որ  Համաշխարհային բանկը արդեն երկու անգամ այդ ճանապարհը ներկայացրել է որպես «հաջողության պատմություն»: Նա առանձնակի գոհունակությամբ արձագանքեց, որ Հայաստանի կառավարությունը համվատարիմ է մնում իր հանձնառությանը՝ ԱՃԹՆ-ի Ստանդարտը շարունակաբար կիրառելու գործում:

Այնուհետև, Հայաստանի ԱՃԹՆ-ի 5-րդ տարեկան զեկույցը կազմող և որպես այդ զեկույցի Անկախ ադմինիստրատոր հանդես եկող Գրանթ Թորնթոն ընկերությունը (GT)   ամփոփ  ներկայացրեց ԱՃԹՆ-ի 2022  հաշվետու տարին արտացոլող ազգային զեկույցը, որը պատրաստվել էր  ՀՀ վարչապետի աշխատակազմի պատվերով:  GT-ի մասնագետները համաժողովին ներկայացրին զեկույցի հիմնական բաժիները, Ստանդարտի պահանջներով նախատեսված տվյալները՝ ոլորտից ստացված տարեկան արտադրանքի, վաճառքի, արտահանման ծավալները, կենտրոնական և տեղական բյուջեներ ոլորտից ստացված եկամուտներն ու դրանց բաշխումը, ընդերքօգտագործողների սոցիալ-տնտեսական ներդրման տվյալները, ինչպես նաև իրենց կողմից արված անդրադարձը Ստանդարտի 2023 թվականի խմբագրությամբ ուժի մեջ մտնող պահանջներին: Ներկայացվեցին ֆինանսական տվյալների համադրման արդյունքները, որոնց շեղումը այս տարի կազմում էր մոտ 0.02%։

Համաժողովի երկրորդ մասում ցուցադրվեց Հայաստանի ԱՃԹՆ-ի անցած յոթ տարիների ձեռբերումները լուսաբանող կարճ հոլովակ, որից հետո կայացավ պանելային քննարկում:

Պանելային քննարկման թեման էր «ԱՃԹՆ-ի անցած ուղին, ձեռքբերումները և հետագա անելիքները», որին մասնակցեցին  ՀԲ-ի հայաստանյան ծրագրերի ղեկավար Նարինե Թադևոսյանը,  ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը, ԲՇԽ-ի ընդերքօգտագործողների խմբակցության անդամ, ԱԳԱՊԵ ՍՊԸ-ի տնօրեն Ներսես Կարամանուկյանը, ԲՇԽ-ի կառավարության խմբակցության ներկայացուցիչ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ընդերքի վարչության պետ Կարեն Գասպարյան, հետաքննող լրագրող Մկրտիչ կարապետյանը:

Պանելի մասնակիցները ներկայացրեցին անցած յոթ տարիների աշխատանքի, դժվարությունների, ձեռք բերված հնարավորությունների, տվյալների օգտագործման և հետագա ակնկալիքների իրենց պատկերացումները: Քննարկումը ունեցավ ակտիվ ներգրավվածություն, ծավալվեց աշխույժ երկխոսություն, որոնց մասնակցեց նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության տեսակետը համաժողովում բարձրացված հարցերի վերաբերյալ և առաջարկելով դրանցից կարևորների քննարկումը ներառել Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի աշխատանքային  օրակարգում:

Համաժողովին մասնակցում էին (այդ թվում՝ հեռավար) Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամներ, միջազգային և ազգային քարտուղարության աշխատակիցներ, պետական լիազոր մարմինների, գործընկեր  և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ թվով մոտ 80 հոգի:

ԱՃԹՆ հինգերորդ ազգային զեկույցի պատրաստումն ու համաժողովի անցկացումը իրականացվել է Համաշխարհային բանկի «Աջակցություն Հայաստանի ԱՃԹՆ ին. լրացուցիչ ֆինանսավորում» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ։

Նոյեմբեր 26, 2024 at 16:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր