

Մեծամորի մաքրման կայանի կառուցումը Արմավիրի մարզի Մեծամոր, Արտաշար, Զարթոնք բնակավայրերի համար շարունակում է մնալ երազանք: Ստեղծված է հակասանիտարական իրավիճակ, մարդիկ շնչում են գարշահոտ,ինչն ավելի է սրվում ամռան ամիսներներին, հողերը ոռոգում կեղտաջրերով, քանի որ ստորգետնյա ջրերի մակարդակն իջել է: Ի պատասխան Էկոլուրի հարցման, թե որքանով է առողջության համար անվտանգ կոյուղաջրերով մշակաբույսերի ոռոգումը Արտաշարում, ՀՀ առողջապահության նախարարությունից պատասխանել են, որ կեղտաջրում առկա նյութերն անուղղակի ազդում են մարդու առողջության վրա (միայն սննդամթերքի և (կամ) կեղտաջրերի ջրամատակարարման համակարգ ներթափանցման միջոցով)։ Նախարարությունը Արտաշար բնակավայրում 2023 թվականի ընթացքում վերցված խմելու ջրի նմուշների 5․6%-ում, իսկ 2024 թվականի ընթացքում՝ 16․7%-ում մանրէաբանական ցուցանիշներում արձանագրել է շեղումներ։
Մեծամորի մաքրման կայանի կառուցումը ներառված է եղել տարբեր ծրագրերում, բայց մինչ օրս կյանքի չի կոչվել: Վերջինը «Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր»-ն է, որով նախատեսված էր կայանի կառուցումը: Սակայն այս միջոցառումը ծրագրից հանվել է: Էկոլուրը հարցում է ուղարկել Ջրային կոմիտե՝ տեղեկատվություն ստանալու ծրագրի արդյունքների, Մեծամորի մաքրման կայանի՝ ծրագրից հանելու պատճառների մասին և երբ է կառուցվելու մաքրման կայանը և ինչ միջոցներով: Ջրային կոմիտեն իր պատասխանում չի հայտնել, թե ինչու է հանվել Մեծամորի կայանի կառուցումը ծրագրից և երբ է նախատեսվում կայանի կառուցումը: Ստորև ներկայացնում ենք Էկոլուրի հարցումն ու Ջրային կոմիտեի պատասխանն ամբողջությամբ:
Էկոլուրի հարցում. ««Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի աշխատանքային խումբն այցելեց Արմավիրի մարզի Արտաշար բնակավայր։ Բնակիչները բողոքեցին Արմավիրի (Մեծամոր) մաքրման կայանի չգործելուց և նշեցին, որ ստիպված կոյուղաջրերով են ոռոգում իրականացնում։ Նշենք, որ 2022թ․ 03/07/2786-2022 նամակով Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար Արտակ Ղազարյանը Էկոլուրին, մասնավորապես հայտնել է․ «1․ «Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր» (ՀԵԾ) II Փուլ 3» ծրագրի շրջանակներում նախատեսված էր Սևան, Արմավիր (Մեծամոր) ԿՄԿ-ների և կոյուղու կոլեկտորների վերակառուցման աշխատանքները: Ջրային կոմիտեն նշված աշխատանքներն առաջարկել էր իրականացնել 2 փուլով.
- 1-ին փուլով նախատեսել կոյուղու կոլեկտորների և դրանց վրա նախատեսված այլ ենթակառուցվածքների շինարարությունը
- 2-րդ փուլով իրականացնել ԿՄԿ-ների կառուցման աշխատանքները: Համաձայն Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ստացված տեղեկատվության, վերը նշված ծրագրի Լոտ-2-ում և Լոտ-3-ում ընդգրկված շինարարական աշխատանքները մեկնարկել են և ներկայում ընթանում են կոյուղու կոլեկտորների և դրանց վրա նախատեսված այլ ենթակառուցվածքների շինարարությունները»։
Նշենք, որ Ջրային կոմիտեն Էկոլուրին էր ուղարկել Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Արթուր Սողոմոնյանի նամակը, որում հարցի վերաբերյալ նշված է․ ««ԷկոԼուր» ՀԿ կողմից բարձրացված հարցադրումների վերաբերյալ՝ կապված «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր (ՀԵԾ) II Փուլ 3» ծրագրի շրջանակներում Արմավիրի (Մեծամոր) կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման հետ, հայտնում ենք, որ շահագործող մասնագիտացված կազմակերպության բացակայության պատճառով, Ջրային կոմիտեի կողմից առաջարկվել է Ծրագրով նախատեսված ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքներն իրականացնել 2 փուլով՝ 1-ին փուլով նախատեսել կոյուղու կոլեկտորների և դրանց վրա նախատեսված այլ ենթակառուցվածքներրի շինարարությունը, 2-րդ փուլով իրականացնել ԿՄԿ-ների կառուցման աշխատանքները: Հաշվի առնելով վերոնշվածը՝ Արմավիրի ԿՄԿ-ն Ծրագրից դուրս է բերվել, ներառվել է միայն 10.7կմ երկարությամբ գոյություն ունեցող կոյուղու գլխավոր կոլեկտորի վթարային վիճակում գտնվող 1.5կմ հատվածի վերանորոգումը»։ Տարածքային զարգացման հիմնադրամի պատասխանից երևում է, որ Արմավիրի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցումը «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր (ՀԵԾ) II Փուլ 3» ծրագրից դուրս է բերվել։ Միևնույն ժամանակ, Ջրային կոմիտեի պաշտոնական կայքում` «Վարկային և դրամաշնորհային ծրագրեր» բաժնում, նշված է 81 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ (Ֆինանսավորման աղբյուր՝
- KfW վարկ – 30 մլն. եվրո և ՀՀ համաֆինանսավորում՝ 6 մլն. եվրո
- ԵՆԲ վարկ – 25.5 մլն. Եվրո և ՀՀ համաֆինանսավորում՝ 5.1 մլն. եվրո
- ԵՄ ՀՆԳ դրամաշնորհ – 12 մլն. եվրո և ՀՀ համաֆինանսավորում՝ 2.4 մլն. եվրո)
«Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3»-ի շրջանակում նախատեսվում է․
- Վերանորոգել/կառուցել ՀՀ 6 մարզերի (Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի) 11 քաղաքների և 41 գյուղական համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը՝ մոտ 650.0կմ նոր ջրագծերի կառուցում և 25000 հատ անհատական տների ջրաչափական հորերի տեղադրում, 25.0կմ կոյուղագծերի կառուցում:
- Կառուցել կոյուղու մաքրման կայաններ Մեծամոր և Սևան քաղաքներում:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, խնդրում ենք տեղեկատվություն տրամադրել․
- Ինչո՞ւ է Արմավիրի մաքրման կայանի կառուցումը հանվել «Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր» (ՀԵԾ) II Փուլ 3» ծրագրից։
- Ի՞նչ ﬕջոցառուﬓերի վրա են ծախսվել սույն Ծրագրով Արմավիրի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման համար նախատեսված գումարները։
- Ե՞րբ և ի՞նչ ﬕջոցներով է կառուցվելու Արմավիրի կեղտաջրերի մաքրման կայանը։
- «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3»-ի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները հանրայնացնելու նպատակով խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն, թե Ծրագրի շրջանակներում ինչ ﬕջոցառուﬓեր են իրականացվել և ինչ ﬕջոցառուﬓեր են փոփոխվել, որքանով են Ծրագրով սահմանված նպատակները իրականացվել և երբ է ավարտվել ծրագիրը։
Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար Արտակ Ղազարյանը 29.11.2024թ. N 03//5878-2024 պատասխան նամակով հայտնել է. «Ի պատասխան «ԷԿՈԼՈՒՐ» տեղեկատվական ՀԿ-ի հարցման, հայտնում ենք.
«ՀԵԾ-11, Փուլ-3» ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ԼՈՏ-1, LAS-2, LAS 3 բաղադրիչների շրջանակներում «6 մարզերի 11 քաղաքներում և 41 գյուղական բնակավայրերում՝ առ այսօր վերակառուցվել է 750.2 կմ ջրագիծ, 29.3 կմ կոյուղագիծ, տեղադրվել է 16890 հատ անհատական ջրաչափական հոր, շինարարական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, ավարտը նախատեսվում է 2024թ. դեկտեմբերին:
ՀԵԾ-II. Փուլ-3» ծրագրի բաղկացուցիչ մաս է կազմում ԼՈՏ-4 բաղադրիչը, որի շրջանակում հայտարարվել են կապալառուների ընտրության երեք մրցույթներ, հայտերի գնահատման զեկույցները ներկայացվել են KFW Բանկի հաստատմանը։ «ՀԵԾII, Փուլ-3» ծրագրի ամբողջական ավարտը նախատեսված է 2026թ. տարեվերջին։
Ինչ վերաբերում է Արմավիրի (Մեծամորի) կեղտաջրերի մաքրման կայանի կառուցմանը, ապա տեղեկացնում ենք, որ ԿՄԿ-ի կառուցումը Ծրագրից հանվել է դեռևս 2021 թվականին։ «ՀԵԾ–II, Փուլ-3» ծրագրի իրականացման համար ԵՆԲ-ի կողմից տրամադրված գումարը ետ է վերադարձվել»:
Հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Նոյեմբեր 30, 2024 at 18:04