

2024թ․ նոյեմբերի 22-ին «Էկոլուր» մամուլի ակումբում քննարկվեց «Կլիմայի փոփոխության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանը, խոսելով Հայաստանում աղետների վերաբերյալ ժամանակակից վաղ ազդարարման համակարգ ներդնելու անհրաժեշտության մասին, նշեց, որ «Կլիմայի փոփոխության մասին» ՀՀ օրենքի նախագծում անհրաժեշտ է ներառել այդ դրույթը։
«Օրենքի նախագծի հոդված 4-ում կան հիմնական նպատակներ և խնդիրներ, որոնցից մեկը դիմակայունությունն է կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին, հատկապես՝ համայնքային մակարդակում: Սրա հետ կապված՝ մեր մասնագիտական տեսանկյունից շատ կարևոր է իրազեկվածությունը և վաղ նախազգուշացումը, քանի որ կլիմայի փոփոխությունը, որպես կանոն, առնչվում է կատակլիզմներին, վտանգավոր երևույթների հաճախականության բարձրացմանը: Ինձ մոտ հարց է առաջանում, եթե օրինագծում որպես հիմնական նպատակ սահմանվում է կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին դիմակայունությունը, ապա օրինագիծը ինչ կարգավորումներ է առաջարկում աղետների վաղ ազդարարման համակարգի ներդրման վերաբերյալ»,- ասաց նա:
Արթուր Գևորգյանը ներկաներին հիշեցրեց այս տարի Լոռու մարզում Դեբեդի վարարման հետ կապված աղետը՝ նշելով. «Մեզ շատ են քննադատում, որ համապատասխան տեղեկատվություն չի եղել, բայց միևնույն ժամանակ եկեք, տեսեք, թե ինչպիսի հնարավորություններ ունի Հիդրոմետը, ինչպիսի ժամանակակից մոդելներ ունի կամ չունի, կամ ռադար ունի ինտենսիվ անձրևների մոնիթորինգի հետ կապված: Կարևոր է վերլուծել, թե ինչպես արդիականացնել այդ համակարգը, և, բնականաբար, այդ ամենը կլիմայի փոփոխության դիմակայունության համատեքստում շատ կարևոր խնդիր է»:
Ի պատասխան ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրի ղեկավար Արտակ Բաղդասարյանն արձագանքեց. «Աղետների ռիսկերի կառավարման խնդիրը սերտ է հարմարվողականության քաղաքականությանը: Բայց առկա է զուգահեռ օրենքի նախագիծ այդ մասին, և այն անմիջականորեն հասցեագրվում է արագ արձագանքման համակարգին։ Այն այս օրինագծի կարգավորման առարկայից դուրս է»:
Կլոր սեղանը կազմակերպվել էր «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ
Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Դեկտեմբեր 10, 2024 at 16:37