Որքանով է Հայաստանը կատարել ԱՍԳ-ով ստանձնած կլիմայական հանձնառությունները

Որքանով է Հայաստանը կատարել ԱՍԳ-ով ստանձնած կլիմայական հանձնառությունները

Նոյեմբերի 22-ին «Էկոլուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ ««Կլիմայի փոփոխության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին և նոր ԱՍԳ-ին ընդառաջ» թեմայով կլոր սեղանը։ Նպատակն էր քննարկել «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը և ներկայացնել Էկոլուրի վերլուծությունը Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ ընդունած 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունների վերաբերյալ։ Քննարկումը կազմակերպվել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց «Էկոլուր»-ի վերլուծությունը Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) կատարման վերաբերյալ։ ԱՍԳ-ն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրները մշակել են Փարիզյան համաձայնագրի շրջանակներում և դրանք ուղղված են կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ու մեղմմանը։

Նա նշեց, որ ՀՀ-ում 2019թ. ՀՀ ջերմոցային գազերի ազգային կադաստրի 1990-2019թթ․  հաշվետվության համաձայն՝ «Էներգետիկա» ոլորտից արտանետվում է ջերմոցային գազերի (ՋԳ) 64%-ը։ 2030թ. նախատեսվում է «էներգետիկա» ոլորտից ջերմոցային գազերը հասցնել 11153 գգ CO2 համարժեք։

2040թ․ վերականգնվող էներգետիկայի հզորությունը պետք հասցվի 2000 ՄՎտ-ի, որից 1500 ՄՎտ-ն՝ արևային, իսկ 500 ՄՎտ-ն՝ հողմային էներգետիկայի հաշվին։ Փոքր հիդրոէներգետիկայի հզորությունը նախատեսվել է հասցնել 430 ՄՎտ-ի։ Արդյունքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի համախառն վերջնական սպառման մեջ 2030թ., ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, կհասնի շուրջ 50%-ի, իսկ մինչև 2040թ.՝ շուրջ 60%-ի։

2022թ․ վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը կազմել է 11.82%, 2023թ․՝ 12,46%, 2024թ․ առաջին կիսամյակում՝ 21,56%։

«Հաշվի առնելով վերականգնվող էներգետիկայի զարգացումների ներկա տեմպերը և այն, որ կառուցման փուլում գտնվող 40 հատ արդյունաբերական արևային կայանները կունենան 252 315 կՎտ ընդհանուր հզորություն և 512,9 միլիոն կՎտ․ժամ էլեկտրաէներգիայի փաստացի միջին տարեկան առաքման ծավալի պոտենցիալ՝ չհաշված «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ կայանի կառուցման տեսլականը, միանգամայն հավանական է, որ 2030թ․ Հայաստանի Հանրապետությունը հասնի իր սահմանած թիրախին։ «Էներգետիկա» ոլորտից ՋԳ արտանետումների կրճատմանը միտված մնացած մարտահրավերները՝ էներգախնայողության, էներգետիկ աղքատության հաղթահարման, համայնքային ինքնավար արևային կայանների ցանցի ընդարձակման, տնային տնտեսության մեջ հեղուկ գազից աստիճանական հրաժարման, ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման, ՀՀ հողմային էներգետիկայի ներուժի գնահատման աշխատանքները բավարար չեն»,- ասաց նա։

Անցում կատարեով «Անտառային ոլորտին»՝ Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ ըստ Ջերմոցային գազերի ազգային 1990-2019թ․ հաշվետվության՝ «Անտառային տնտեսություն և այլ հողօգտագործում» սեկտորից ածխածնի երկօքսիդի կուտակման ծավալները նվազել են՝ 1990թ․ -49.4%-ից 2017թ․ հասնելով -20.7%-ի։

ԱՍԳ-ով նախատեսվում է Հանրապետության անտառածածկը հասցնել 12.9%-ի, այն է՝ մինչև 2030թ. անտառածածկն ավելացնել 50,000 հա-ով։

Ներկայացվեց նաև 2018-2022թթ․ ՀՀ-ում արձանագրված ապօրինի հատված ծառերի և անտառածածկ տարածքների հրդեհման, անտառտնկման և անտառվերականգնման տվյալները։ 

5 տարվա ընթացքում հրդեհված անտառատարածքի մակերեսը 2904,9 հա-ով գերազանցում է տնկված և վերականգնված անտառային մակերեսին։

«Անտառտնկման ներկա տեմպերով հնարավոր չէ և անիրատեսական է հասնել ԱՍԳ-ով նախանշած՝ 2030թ. ՀՀ անտառային տարածքի 12.9%-ի թիրախին, իսկ մինչև 2050թ․՝ 20,0%-ի թիրախին»,- ասաց Վիկտորյա Բուռնազյանը։ Մինչև հիմա ճշգրտված չէ ՀՀ անտառածածկ տարածքի մակերեսը (ըստ պաշտոնական տվյալների՝ անտառների ծածկույթը կազմում է 11,2%, սակայն փաստացի՝ գնահատվում է 8%-10%)։ Անտառածածկի ավելացման կայուն դինամիկա ապահովելու միջոցառումները բավարար չափով չեն զուգակցվում անտառպաշտպանությանն ուղղված՝ անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի, անտառային հրդեհների կանխարգելման, ապօրինի անտառհատումների դեմ պայքարի միջոցառումներին։

Ինչ վերաբերում է «Արդյունաբերական գործընթացների և արտադրանքի օգտագործում» ոլորտին, ՀՀ-ում 2019թ․ ըստ ՀՀ ջերմոցային գազերի ազգային կադաստրի 1990-2019թթ․ հաշվետվության համաձայն, «Արդյունաբերական պրոցեսներ և արտադրանքի օգտագործում» ոլորտից 2019թ․ ՋԳ արտանետումների մասնաբաժինը կազմել է 11.5%։ Ջերմոցային գազեր - ցածր արտանետումներով երկարաժամկետ ռազմավարությամբ այս ոլորտում ՋԳ-ի արտանետումները 2030թ․նախատեսվում է հասցնել 1442 գգ CO2 համարժեք և 2050թ․՝ 1725 գգ CO2 համարժեք։

Ցեմենտի արտադրությունը ՀՀ-ում բացառապես մասնավոր հատվածինն է, հետևապես, այս ոլորտից ակնկալվող արդյունքն անմիջականորեն կախված է սեփականատիրոջ՝ սարքավորումների և տեխնոլոգիական գործընթացների արդիականացման կամքից և պետության կողմից ակնկալվող աջակցությունից։

Ըստ ՀՀ ջերմոցային գազերի ազգային կադաստրի 1990-2019թթ․ հաշվետվության՝ «Գյուղատնտեսություն» ոլորտից ջերմոցային գազերի արտանետումները կազմել են 18.5%։

«Գյուղատնտեսություն» ոլորտում ՋԳ արտանետումները նախատեսվում է նվազեցնել․

  • գոմաղբի օգտագործման և կենսագազի ստացման հաշվին
  • ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացման (36 հազար հեկտարի ոռոգման սխեմաներում ջրի մատակարարման արդյունավետության բարելավումը և էլեկտրաէներգիայի սպառման կրճատումը) հաշվին
  • նոր ցեղերի ներմուծման (տարեկան 3000 խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծում) հաշվին
  • կերի որակի բարելավման հաշվին։

Գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու և ոլորտից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման համար իրականացված միջոցառումները բավարար չեն կլիմայի փոփոխության մեղմումն ապահովելու համար։

Մասնավորապես՝

  •  նախատեսված դաշտերում հողակտորների միացման, հողերի խոշորացման ու գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ՀՀ կառավարության տեսլականը չի կատարվել, կամ կատարման ցուցանիշները փոքր են
  • կառուցված Բաղրամյան-Նոյակերտ համակարգի հագեցվածության և այնտեղ կաթիլային համակարգի տեղադրման վերաբերյալ միջոցառումները բավարար չեն
  • ջրօգտագործման համակարգերի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ ներդրումների համար պահանջվող ֆինանսները (3-4 միլիարդ դրամ) դեռևս չեն հայթայթվել
  • Արարատյան դաշտում դրենաժային համակարգերից շուրջ 1,6 միլիարդ խմ ջրի նվազեցման համար նախատեսվող ջրամաբարաշինական, պոմպակայանների տեղադրման, ինչպես նաև ջրի շրջանառու համակարգերի ներդրման ծրագրերը չեն կատարվել
  • Ջրային կոմիտեի պետական սեփականության ներքո գտնվող 69 ջրամբարներում շուրջ 1,2 միլիարդ խմ ջուր ամբարելու պոտենցիալի ևկլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով գործնականում այդ ջրամբարներում 950 միլիոն խմ ջուր ամբարելու մասին տեսլականը չի կատարվել նախատեսվող ջրամբարների շինարարության ձգձգումների հետևանքով
  • Ախուրյան-Արաքս թևի ջրամբարների խնդիրները դժվար լուծելի են, քանի որ 2019-2020թթ. Թուրքիան իր ստեղծած համակարգի շնորհիվ կարողանում էր ամբարել Հանրապետությանը հասնող ջուրը, և դրա հետևանքով Թալինի և Արմավիրի վերին շրջանների տարածաշրջաններն արդեն իսկ կանգնած են ջրի խնդրի առաջ/Թուրքիան Ջրի միջազգային համաձայնագիրը չի ստորագրել, դա կանխարգելելու համար միջազգային լծակներն այս հարցում չեն կարող կիրառվել։

Ըստ Ջերմոցային գազերի ազգային 1990-2019թթ․ հաշվետվության՝ «Թափոններ» ոլորտի արտանետումները 2019թ. կազմել են  628.70 Գգ CO2 համարժեք, որը կազմում է երկրի ընդհանուր արտանետումների 6 %-ը։

Ջերմոցային գազեր - ցածր արտանետումներով երկարաժամկետ ռազմավարությամբ «Թափոններ» ոլորտի համար նախատեսված միջոցառումներով նախատեսվում է 2050 թվականին ՋԳ արտանետումներն այս ոլորտում հասցնել 484 գգ CO2 համարժեք։

Այդ թիրախին հասնելու հանձնառության կատարման հավանականությունը փոքր է, քանի որ․

  1. ՀՀ-ում թույլ է կոշտ կենցաղային թափոնների հավաքման և աղբավայրերում տեղադրելու համակարգը, չկա ոչ մի լիցենզավորված աղբավայր, աղբահանության աշխատանքները բնակավայրերի մի մասում չի իրականացվում
  2. Երևան քաղաքի Նուբարաշենի աղբավայրի փակման և նոր աղբավայրի հիմնման ծրագիրը չեղարկվել է, քննարկումներ են ընթանում Համաշխարհային բանկի հետ նոր ծրագրի վերաբերյալ։ Մինչ այդ շարունակվելու է աղբի կուտակումը հին աղբավայրում, դրան հետևող աղբի ինքնայրման և այրման շարունակական դեպքերով
  3. շարունակվում են մարզային և համայնքային աղբավայրերի ինքնահրդեհման,  կամ մարդկային գործոնով պայմանավորված հրդեհման դեպքերը
  4. աղբավայրերը և աղբանոցները չեն համապատասխանում միջազգային կամ որևէ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշների և շահագործվում են չկանոնակարգված, և խնդիր է Հանրապետության բնակավայրերում տարեկան առաջացող 688 937 տոննա աղբի տեղակայումը
  5. 2024թ․ մայիսի տվյալներով չնայած նրան, որ «Կոտայք-Գեղարքունիք» աղբավայրերի փոխաբեռնման կայանները պատրաստ են և Հրազդանի աղբավայրը պատրաստ է շահագործման, բայց մեքենաների պարկի ոչ ամբողջական լինելու պատճառով դեռևս չի շահագործվում: Չի իրականացվում նաև Լոռու և Տավուշի մարզերի համար նախատեսված աղբավայրի շինարարությունը։ Միայն աղբավայրերի հիմնումը խնդիրը չի լուծի, անհրաժեշտ է, որ դա զուգակցվի թափոնների կառավարման՝ հավաքման, տեսակավորման, օգտահանման, չեզոքացման ապահովվման ամբողջական շղթայով
  6. դեռևս սաղմնային վիճակում են կենցաղային աղբից թղթի, պլաստիկի, ապակու, վերջին շրջանում Երևանում նաև ալյումինի թոփոնների տեսակավորման համար անհրաժեշտ թափոնամանների տեղադրման աշխատանքները։ Կարիքավոր բնակչության կողմից տարերայնորեն տեսակավորվում են բնակավայրերի աղբամաններում կամ աղբավայրերում տեղադրված կոշտ կենցաղային թափոնները
  7. չի ձևավորվել կանոնակարգված և ծավալուն օրգանական թափոնների նվազեցման և տարանջատ հավաքման համակարգը
  8. չկան աղբի վերամշակման կամ հրկիզման գործարաններ, իսկ թափոնների առանձին տեսակները վերամշակվում են մասնավոր ցեխերում
  9. դեռևս չեն ստեղծվել աղբավայրերից գազերի կորզման և օգտահանման կայանքներ / Չհաշված Նուբարաշենի աղբավայրի մի փոքր հատվածից անջատվող մեթանի՝ բաց այրման կետի/
  10. Գյուղական բնակչության առաջացրած կենցաղային աղբը հիմնականում կուտակվում է հարակից ձորակներում և պարբերաբար այրվում, կամ տեղափոխվում է բնակավարի «աղբավայր», որտեղ նույնպես առկա է բաց այրում
  11. Հայաստանի Հանրապետության կոյուղու համակարգերի սպասարկման տարածքը սահմանափակ է։ Կեղտաջրերի մաքրման կայանները սակավաթիվ են, որոնք իրականացնում են միայն մեխանիկական մաքրում։ Հանրապետությունում բացակայում է կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերի կենտրոնացված կենսաբանական մշակումը, տիղմի հեռացումը և մեթանի կորզումը։

Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։ 

Նոյեմբեր 27, 2024 at 13:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր