Ի՞նչ խնդիրներ կլուծի «Կլիմայի մասին» օրենքը, քննարկում «Էկոլուր» մամուլի ակումբում

Ի՞նչ խնդիրներ կլուծի «Կլիմայի մասին» օրենքը, քննարկում «Էկոլուր» մամուլի ակումբում

Նոյեմբերի 22-ին «Էկոլուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ ««Կլիմայի փոփոխության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին և նոր ԱՍԳ-ին ընդառաջ» թեմայով կլոր սեղանը:

ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրի ղեկավար Արտակ Բաղդասարյանը ներկայացրեց «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը:

«Օրենքի նախագիծը շրջանակային փաստաթուղթ է, ինչը ենթադրում է՝ մենք կունենանք այս օրենքով այն ամբողջ իրավական հենքը, որը թույլ է տալու կլիմայի քաղաքականության մշակման, իրականացման, գնահատման, այդ ուղղությամբ ռեսուրսների ներգրավման, ենթակառուցվածքի և միջավայրի ձևավորման համար։ Այս տարիների ընթացքում Հայաստանը բավական առաջընթաց ունի կլիմայական քաղաքականությունն արտահայտող փաստաթղթերի մշակման գործում: Դրանք արվել են միջազգային հանձնառությունների, առանձին նախաձեռնությունների, անգամ անհատական նախաձեռնությունների շրջանակում»,- ասաց Արտակ Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ օրենքի նախագծով ամրագրվել է հստակ ինստիտուցիոնալ շրջանակ: «Հստակեցված է, թե կլիմայական քաղաքականության մշակման, իրականացման գործում որ ինստիտուտն ինչ դեր ունի, իրավասություններն ինչպես են բաշխված պետական մարմինների միջև, ինչպես է դա տարածքային առումով բաշխված, համայնքներն ինչ խնդիր ունեն, հանրային և մասնավոր հատվածն ինչ մասնակցություն կարող է ունենալ։ Կարևոր է մի կողմից իրավասությունների բաժանման խնդիրը, մյուս կողմից՝ քաղաքականության շրջանակի սահմանումը, որն արտահայտելու են կառավարության օրակարգը կլիմայայական քաղաքականության առնչությամբ, արտահայտելու է այն արդյունքները, որոնք քաղաքականության իրականացման արդյունավետությունն են գնահատում՝ լինեն դրանք միջազգային նախաձեռնությունների շրջանակում, թե՝ ոչ»,- ընդգծեց նա։

Ըստ Արտակ Բաղդասարյանի՝ օրինագիծը հստակ սահմանում է, թե որ փաստաթղթերն են արտահայտելու կլիմայի քաղաքականության առնչությամբ կառավարության անելիքները։ «Նախագիծը ներկայացնում է այն համակարգերը, որոնք կոչված են ապահովելու այն ամենը, ինչի միջոցով իրականացվելու են այդ քաղաքականության խնդիրները»,- նշեց նա։ 

Իր խոսքում բանախոսն անդրադարձավ կլիմայի փոփոխության հարցերով Ազգային խորհրդի աշխատանքների կարգավորումներին. «Օրենքի նախագծում ամրագրված են կառավարության խորհրդատվական կամ աջակցող միավորի վերաբերյալ դրույթներ։ Հստակ ամրագրված է այն մոտեցումը, համաձայն որի պետական հատվածի հետ միասին խորհրդում պետք է հավասարապես ներկայացված լինեն գիտական, մասնագիտական, մասնավոր և հասարակական հատվածները»։

Անդրադառնալով օրենքի նախագծով նախատեսվող կլիմայական ֆինանսավորման միջոցներին և մեխանիզմներին՝ Արտակ Բաղդասարյանը նշեց. «Օրենքի նախագծում ամրագրված ֆինանսատնտեսական կարգավորումները թույլ կտան, որպեսզի կառավարությունը կարողանա ավելի ակտիվ քաղաքականություն վարել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ մոբիլիզացնելու առումով, որովհետև առանց բավարար չափով ռեսուրսներ ապահովելու չես կարող ակնկալել, որ դրված նպատակները կարող են իրականացվել անհրաժեշտ մակարդակով։ Այսինքն՝ լրացուցիչ հնարավորությունների ստեղծումը ևս օրենքի կարևոր խնդիրներից է։ Այստեղ մոդելային առումով այն մոտեցումն է որդեգրվել, որ չստեղծենք այնպիսի կաղապարներ, որոնք ինչ-որ պայմաններում կամ ժամանակներում կարող են սահմանափակել այդ ռեսուրսներ ներգրավելու հնարավորությունները։ Շատ լայն դաշտ է ստեղծված, որպեսզի չսահմանափակվի օրենքի կիրառումը»։

«Կլիմայի փոփոխության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքները սկսվել են «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում և շարունակվել «Կլիմայական խոստում» ծրագրի շրջանակում։ Օրինագիծը շրջանառված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Կլոր սեղանը կազմակերպել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

Դեկտեմբեր 06, 2024 at 09:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր