

2024թ. Հայաստանում գրանցվել է անտառային 13 հրդեհ՝ նախորդ տարվա համեմատությամբ 40.9 տոկոսով պակաս: 2024թ. այրվել է 13 հա տարածք՝ նախորդ տարվա համեմատությամբ 79.7 տոկոսով պակաս: Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
«Անտառային հրդեհները լինում են ինչպես մարդածին, այնպես էլ բնական պատճառներով։ Դրանք կարող են մեծ վնաս պատճառել շրջակա միջավայրին, հասարակությանը և տնտեսությանը: Անտառային հրդեհների վերացման գործընթացը բազմաշերտ գործողությունների համալիր է: Հրդեհները կարող են արագ տարածվել, ինչի պատճառով էլ դժվար է դրանք վերահսկելը: Հրդեհների վերացման փուլերն են տարածման կանխումը, մեկուսացումը, մարումը և հսկողությունը:
Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում արգելվում են`
- վառել խարույկ արգելված վայրերում,
- լքել անտառը առանց համոզվելու, որ խարույկը մարված է,
- նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
- ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում,
- շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներ,
- կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից),
- արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ,
- թողնել դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր:
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները․ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարել ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,- նշում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Փետրվար 06, 2025 at 13:40