Հայաստանյան տուրօպերատորները՝ FITUR-2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանյան տուրօպերատորները՝ FITUR-2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

2025թ. հունվարի 22-26-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացավ FITUR-2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանը ներկայացրեց միասնական մեծ տաղավարով։ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի աջակցությամբ ցուցահանդեսին մասնակցեցին նաև ծրագրի գործընկերներ «Նուեվա Վիստա» և «Էյ Էմ Թրավել» զբոսաշրջային ընկերությունները: 



 
FITUR-ն աշխարհի զբոսաշրջության մասնագետների տարվա առաջին հանդիպումն էր և առաջատար առևտրային տոնավաճառը՝ Լատինական Ամերիկայի ներգնա և արտագնա շուկաների համար: Ցուցահանդեսը միավորել էր զբոսաշրջային ոլորտի մասնագետների աշխարհի 184 երկրներից:

LILA ծրագրի գործընկեր-տուրօպերատորները ներկայացրին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և բնահեն փորձառությունները, ինչպես նաև LILA ծրագրի շրջանակում ստեղծված կայուն, ներառական զբոսաշրջային արդյունքները։ Ցուցահանդեսին հայաստանյան ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շփվելու այցելուների, ոլորտի մասնագետների և հնարավոր գործընկերների հետ: Մասնակցությունը ցուցահանդեսին նպատակ ուներ ցուցադրել երկրի զբոսաշրջային ներուժն ու առաջարկները միջազգային հարթակում՝ դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու և նպաստելու կայուն զարգացմանը:

«Տուրօպերատորների մասնակցությունը FITUR Madrid-ին կարևորվում է նրանով, որ իսպանախոս շուկան Հայաստանի համար շարունակում է մնալ թիրախային շուկա, այնտեղից մենք մեծ զբոսաշրջային հոսքեր ենք ունենում: Ամեն տարի FITUR-ում պատշաճ ներկայացվածությունը նպաստում է, որ զբոսաշրջային հոսքերն ավելանան: Գործընկեր տուրօպերատորներն իրենց ջանքերն են գործադրում LILA ծրագրի աջակցությամբ մարզերում ստեղծված կայուն և ներառական զբոսաշրջային պրոդուկտներն իրենց տուր-փաթեթներում ներառելու և այդ պրոդուկտների համար միջազգային զբոսաշրջային հոսքեր ապահովելու տեսանկյունից»,- Էկոլուրին ասաց «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից Ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը:

Նա հույս հայտնեց, որ ցուցահանդեսին պատշաճ ներկայացվածության արդյունքում դեպի Հայաստան իսպանախոս շուկայից այս տարի ավելի շատ զբոսաշրջային հոսքեր կլինեն։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:  

Լուսանկարները՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի

Փետրվար 12, 2025 at 14:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր