

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիքի մարզ։ Նպատակն է տեղում ծանոթանալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրաձայնվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին։
ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը և Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը տեղում ծանոթացել են իրավիճակին, հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ։
Մարդու իրավունքներին վերաբերելի բարձրաձայնված բոլոր հարցերը կհաշվառվեն, կներկայացվեն Մարդու իրավունքների պաշտպանին, տեղեկացնում է պաշտոնական աղբյուրը:
Հիշեցնենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարյուրավոր աշխատակիցներ սույն թվականի հունվարի 31-ից սկսել են բողոքի ակցիա և դուրս չեն եկել աշխատանքի։ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունն աշխատակիցների գործողությունները որակել են որպես «անօրինական գործողություններ»:
Փետրվար 07, 2025 at 12:15