

«Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 միլիարդ 46 մլն դրամի ներդրում կարվի. կայացել է իրավունքի շնորհման բաց մրցույթը: Հաղթողը 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիում է, որի անունից հանդես է գալու «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։ Ծրագիրը նախատեսում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ: Աշխատանքներն իրականացվելու են ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած էսքիզի և դրանից բխող նախագծի հիման վրա: Կստեղծվեն շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ: Կառուցված բոլոր շինությունները, որոնք հագեցած են լինելու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին՝ որպես համայնքային սեփականություն: «Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքներին զուգահեռ ներդրող ընկերությանը հնարավորություն է տրվելու «Կասկադի» աջակողմյան հատվածում կառուցել բազմագործառութային համալիր, որի նախագիծը կկազմի և ճարտարապետական լուծումները կտա Ժան-Միշել Վիլմոտը՝ համալիրի և «Կասկադի» գոյություն ունեցող ու վերակառուցվող հատվածների և առկա միջավայրի միջև ներդաշնակությունն ապահովելու անհրաժեշտությունը հաշվի առնելով: Նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 5 տարում:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Փետրվար 24, 2025 at 16:23