

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) քարտուղարության պատվիրակության հետ, հայտնում է նախարարությունը։ Հանդիպման նպատակը՝ հիմնադրամի գործունեության պաշտոնական ներկայացումը, Հայաստանի և GCF-ի միջև ձևավորված դրական, կառուցողական և ընդլայնվող համագործակցության վերահաստատումը։
Հանդիպման առանցքային թեմաներից էր 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի (COP17) կազմակերպումը։
Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության պատրաստակամությունն ու մոտեցումները համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։ Քննարկվել են օրակարգային հնարավոր ուղղությունները, կազմակերպչական հարցերը, ինչպես նաև GCF-ի ներգրավման հնարավորությունները՝ փորձագիտական աջակցություն, ծրագրային համագործակցություն և կազմակերպչական որոշ բաղադրիչների համաֆինանսավորում։
Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ COP17-ը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար՝ միջազգային հարթակում հանդես գալու որպես պատասխանատու, հեռանկարային և համագործակցող գործընկեր։ Համաժողովը դիտարկվում է նաև որպես կարևոր հարթակ՝ համախմբելու գլոբալ փորձն ու ռեսուրսներն ի նպաստ կենսաբազմազանության պահպանման, էկոհամակարգերի դիմակայունության և կլիմայական մարտահրավերների արդյունավետ հաղթահարման։
Քննարկումների ընթացքում կողմերը անդրադարձել են GCF-ի կողմից առաջարկվող ֆինանսական, տեխնիկական և փորձագիտական աջակցության գործիքակազմին։ Քննարկվել են այն ուղղությունները, որոնցում հնարավոր է առավել արդյունավետ արդյունքների հասնել համատեղ ջանքերով՝ հատկապես ազգային կլիմայական քաղաքականության իրականացման, բնապահպանական ծրագրերի իրագործման և կայուն զարգացման համատեքստում։ GCF-ի պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են մի շարք հաջողված ծրագրեր, որոնք իրականացվել են այլ երկրներում և կարող են օրինակ ծառայել նաև Հայաստանի համար։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել համագործակցությունը՝ նպատակ ունենալով համատեղ զարգացնել նախաձեռնություններ, խթանել նոր ծրագրեր և ամրապնդել Հայաստանի դիրքը միջազգային բնապահպանական գործընկերային ցանցում։
Հուլիս 30, 2025 at 16:29
