Արևային կայանների կառուցմանն աջակցության տրամաբանությունը փոխվում է, շեշտը դրվում է էներգիայի կուտակիչ հզորությունների ավելացման վրա․ Բաբկեն Թունյան

Արևային կայանների կառուցմանն աջակցության տրամաբանությունը փոխվում է,  շեշտը դրվում է էներգիայի կուտակիչ հզորությունների ավելացման վրա․ Բաբկեն Թունյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ Հայաստանը շուտով կհասնի իր սահմանած նպատակին՝ արևային էներգիայի արտադրությունը հասցնելով ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշռում 15%-ի։

Բաբկեն Թունյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով սահմանված է, որ մինչև 2026թ․ արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի մասնաբաժինը պետք է կազմի 15%:
Պատգամավորի ներկայացրած տվյալների համաձայն՝ վերջին տարիներին արձանագրվել է հետևյալ աճը․

2021թ.՝ 2.2%

2022թ.՝ 4.2%

2023թ.՝ 6.8%

2024թ.՝ 8.7%

2025թ.՝ առաջին կիսամյակ՝ 12.6%։

«Այսինքն, այս առումով մենք մոտեցել ենք թիրախային ցուցանիշին և համոզված եմ՝ հաջորդ տարի կհասնենք 15%-ին:

Իսկ արևային էներգիայի հզորությունների թիրախը՝ 1000 մեգավատ, արդեն ժամանակից շուտ ապահովվել է: Այս պահին ունենք ավելի քան 1000 մեգավատ հզորություն, որը մեր ռազմավարական թիրախից բարձր է: Այդ իսկ պատճառով արևային կայանների կառուցմանն աջակցության տրամաբանությունը փոխարինվում է և շեշտն ավելի շատ դրվում է կուտակիչ հզորությունների ավելացման վրա:

Այս մասին և էներգետիկ ոլորտում մեր ծրագրերի ու զարգացումների մասին երեկ խոսել եմ Եվրանեսթ ԽՎ էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ որպես Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ», - նշել է Բաբկեն Թունյանը։

Հոկտեմբեր 29, 2025 at 16:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր