

2025թ․ նոյեմբերի 4-ին կայացել է «Երևան» ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչների ժողովը, որի արդյունքում ընտրվել է նոր վարչական խորհուրդ։ Ժողովը նվիրված էր ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանը և առաջիկա ծրագրերի քննարկմանը։ Միջոցառմանը մասնակցել է նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
Արամազդ Ղալամքարյանն ընդգծել է, որ ջրի կորուստների նվազեցումը և հավաքագրումների արդյունավետության բարձրացումը պետք է դառնան նոր խորհրդի հիմնական առաջնահերթություններից։
Նա նաև նկատել է, որ վերջին ամիսներին «Երևան» ՋՕԸ-ի գործունեության ցուցանիշները հուսադրող են, և պետական մարմինների ու Ջրային կոմիտեի համագործակցությունը կարող է ապահովել արդյունքների շարունակական բարելավում։ Կոմիտեի նախագահը վստահություն է հայտնել, որ շարունակական բարեփոխումները կծառայեն այն նպատակին, որ Հայաստանի ջրային ռեսուրսները դառնան առավել կառավարելի և նպաստեն ինչպես հանրային, այնպես էլ տնտեսական զարգացմանը։
«Երևան ՋՕԸ»-ի գործադիր տնօրենի ժ/պ Սերոբ Հարությունյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կոմիտեի նախագահին համագործակցության և աջակցության համար՝ ընդգծելով, որ պետության ու Կոմիտեի օժանդակությունը կարևոր նախադրյալ է ինչպես համակարգային խնդիրների լուծման, այնպես էլ կայուն արդյունքների ապահովման համար։ Սերոբ Հարությունյանը հավելել է, որ ջրի կորուստների նվազեցումն այսօր համապետական օրակարգային խնդիր է, որի լուծումը «Երևան» ՋՕԸ-ի համար ևս առաջնահերթություն է:
Նոյեմբեր 07, 2025 at 12:42
