

Ս.թ. նոյեմբերի 10-ին հաղորդվել էր Վայոց ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման վերաբերյալ ահազանգի հիման վրա ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։
Վարչական վարույթի շրջանակներում իրականացվել է՝
- տարածքի տեղազննություն՝ անօդաչու թվային համակարգերի կիրառմամբ, լաբորատոր հետազոտությունների նպատակով
- ջրի նմուշառումներ՝ աղտոտված ջրային աղբյուրից, հարակից ջրային աղբյուրներից և առվակներից,
- հողի նմուշառումներ
Պարզվել է, որ սույն թվականի նոյեմբերի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում «ՍՏՐՈՅՄՈՆՏԱԺ» ՍՊԸ-ի կողմից ջրային աղբյուրից 20 մետր հեռավորության վրա էլեկտրահաղորդալարերի անցկացման նպատակով իրականացվել են ստորգետնյա խրամուղու կառուցման հողային աշխատանքներ, որի ընթացքում վնասվել են ջրային աղբյուրի հոսքերը, իսկ խրամուղու հետլիցքի ժամանակ օգտագործվել է կավ-ավազային խառնուրդ, ինչի արդյունքում աղտոտվել են ջրային աղբյուր հոսող ջրերը։
Աղտոտված աղբյուրին հարակից աղբյուրներից և առվակներից իրականացված ջրի նմուշառումներով աղտոտումներ չեն արձանագրվել։
Ընկերության տնօրենը ջրային ռեսուրսների պահպանության կանոնների խախտման համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Նոյեմբեր 18, 2025 at 11:05
