Ազգային ժողովն ընդունել է ՇՄԱԳ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովն ընդունել է ՇՄԱԳ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովը հունիսի 18-ին երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունել է ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն օրենսդրական նախաձեռնության առաջին ընթերցման ժամանակ՝ հունիսի 16-ի նիստին, նշել է, որ այն նպատակ ունի խթանել անտառտնկման աշխատանքները՝ ոչ անտառային հողերում նման ծրագրեր իրականացնող բնապահպանական կազմակերպություններին ազատելով 300 հազար դրամ պետական տուրքի վճարումից, ինչը կթեթևացնի դոնորական միջոցներով կատարվող բնապահպանական ծրագրերի ֆինանսական բեռը:

Նախարարի տեղակալն  ընդգծել է, որ փաթեթում ներառված են նաև միջազգային՝ Օրհուսի և Էսպոյի կոնվենցիաներով ստանձնած Հայաստանի պարտավորությունների կատարմանն ուղղված տեխնիկական և շարադասական բնույթի փոփոխություններ:

Մասնավորապես, օրենքի 21-րդ հոդվածը վերաշարադրվել է և դրանով սահմանվել են, թե որ հիմնադրույթային փաստաթղթերն են ենթակա ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և փորձաքննության։

Այսպես, ՌԷԳ-ի և փորձաքննության են ենթակա այն հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, որոնք վերաբերում են գյուղատնտեսության, անտառտնտեսության, ձկնաբուծության, էներգետիկայի, արդյունաբերության, ընդերքօգտագործման, տրանսպորտի, տարածքային զարգացման, թափոնների կառավարման, ջրային տնտեսության, կապի, զբոսաշրջության և քաղաքաշինության ոլորտներին, եթե դրանք նախատեսում են այնպիսի գործունեություն, որը կարող է հանգեցնել շրջակա միջավայրի վրա զգալի ազդեցության՝ և եթե դրանք սահմանում են «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրության 1-ին հավելվածով թվարկված նախագծերի հետագա իրագործման հիմքեր կամ 2-րդ հավելվածում թվարկված այն նախագծերի հետագա իրագործման հիմքեր։ Այլ ոլորտների այն հիմնադրույթային փաստաթղթերի դեպքում, որոնք նախատեսում են սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակների իրականացում, ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելու հարցը որոշվում է լիազոր մարմնի կողմից՝ առողջապահության ոլորտի լիազոր մարմնի հետ խորհրդակցությամբ։ Բնության հատուկ պահպանվող տարածքներին, անտառներին կամ պատմամշակութային հուշարձաններին հնարավոր ազդեցություն ունեցող նախագծերի դեպքում ՌԷԳ-ի անհրաժեշտությունը որոշում է լիազոր մարմինը՝ նախաձեռնողի հետ խորհրդակցելով։ Լիազոր մարմինը նաև որոշում է՝ արդյոք փոքր տարածքների օգտագործումը կամ հիմնադրույթային փաստաթղթերի ոչ էական փոփոխությունները ենթակա են ՌԷԳ-ի և փորձաքննության։ ՌԷԳ-ի և փորձաքննության չեն ենթարկվում ֆինանսական և բյուջետային բնույթի փաստաթղթերը, ինչպես նաև այն նախագծերը, որոնց միակ նպատակը ազգային անվտանգությունը, պաշտպանությունը կամ արտակարգ իրավիճակների կառավարումն է։

Խմբագրվել է նաև օրենքի 22-րդ հոդվածը՝ ՌԷԳ-ի իրականացման փուլերում ավելացնելով նախնական գնահատումը։ 

Օրենքի 12-րդ հոդվածը նույնպես  վերաշարադրվել է։ Եթե մինչ այս ՇՄԱԳ-ի և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեություն էր ասբեստի կամ ասբեստ պարունակող նյութերի ցանկացած արտադրություն, ապա լրամշակված տարբերակում նշված է այսպես․ «ասբեստի արդյունահանման, ասբեստի և ասբեստ պարունակող արտադրանքների մշակման փոխակերպման, ասբեստացեմենտային արտադրանքի համար նախատեսված կառույցներ՝ տարեկան ավելի քան 20000 մետր-տոննա պատրաստի արտադրանք, շփման նյութերի համար՝ տարեկան ավելի քան 50 մետր-տոննա պատրաստի արտադրանք, ասբեստի այլ օգտագործումների համար՝ տարեկան ավելի քան 200 մետր-տոննա ծավալով»։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է նաև պարզեցնել կրթական հաստատությունների շինարարության գործընթացը՝ բացառություն սահմանելով պետական կամ համայնքային դպրոցների ու մանկապարտեզների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման աշխատանքների համար, որոնց դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության դիրքորոշումը կտրամադրվի նախագծի համալիր փորձաքննության շրջանակում:

Հունիս 19, 2026 at 18:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր