Շիրակի մարզում 500 հեկտար անտառ կստեղծվի

Շիրակի մարզում 500 հեկտար անտառ կստեղծվի

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունն առաջիկա չորս տարիների ընթացքում Շիրակի մարզում համայնքային հողերում կստեղծվի 500 հեկտար անտառ։ Տնկումներին կհաջորդեն խնամքի և վերատնկման աշխատանքներ՝ ապահովելու տնկիների կենսունակությունը։ Այս մասին հայտնում են կազմակերպությունից։

Ըստ կազմակերպության պաշտոնական կայքի՝ հնգամյա գործառնական գործընկերության համաձայնագիր են ստորագրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԲԾԻԳ) հետ։ Համագործակցությունն իրականացվում է «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում․ անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից։

Ծրագրով նախատեսվում է Շիրակի մարզում իրականացնել անտառվերականգնման և ագրոանտառային պիլոտային համակարգերի ստեղծման աշխատանքներ։ Նախատեսվում է տնկումները սկսել 2026թ․ աշնանը։

Ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև ագրոանտառային պիլոտային նախագծեր ընտրված համայնքներում։ Մասնավորապես, նախատեսվում է ներդնել քամապաշտպան շերտեր, տարբեր մշակաբույսերի համատեղ աճեցման և սիլվոպաստորալ՝ անտառ-արոտավայրային համակարգեր։ Ծրագրի հեղինակների գնահատմամբ՝ նման լուծումները կարող են նպաստել մշակովի հողերի և արոտավայրերի վիճակի բարելավմանը, ինչպես նաև բարձրացնել հողի արտադրողականությունը։

Նշվում է, որ ծրագիրը հատկապես կարևոր է այն տարածքների համար, որտեղ արոտավայրերը գերշահագործվում են, ինչի հետևանքով կենդանիները հաճախ արածում են նաև անտառային տարածքներում։ Արածեցման ավելի արդյունավետ կառավարման և հարմարեցված համակարգերի ներդրման միջոցով ակնկալվում է նվազեցնել ճնշումն անտառների վրա և բարելավել արոտավայրերի որակը։

Մայիս 15, 2026 at 10:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր