

2026թ. ապրիլի 30-ին ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը և Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ստորագրեցին «Աջակցություն Հայաստանում անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծմանը» ծրագրի պայմանագիրը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ողջույնի խոսքում նշեց․ «Անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծումը կարևորագույն քայլ է Հայաստանի համար։ Վստահելի տվյալները մեզ հնարավորություն կտան կայացնել տեղեկացված որոշումներ, նպաստել անտառների կայուն կառավարմանը և առավել արդյունավետ կերպով արձագանքել կլիմայի փոփոխության մարտահրավերներին»։
Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանն ընդգծեց գործընկերության նշանակությունն ու դրա երկարաժամկետ ազդեցությունը․ «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» ծրագրի միջոցով Շվեյցարիան աջակցում է Հայաստանին՝ կլիմայական գիտելիքների ամրապնդման, անտառային քաղաքականության և կառավարման գործելակերպերի բարելավման, ինչպես նաև կլիմայական ծառայությունների զարգացման ուղղությամբ։ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ այս համագործակցությունը ռազմավարական ներդրում է՝ աջակցելու Հայաստանին առավել կայուն և կլիմայական առումով դիմակայուն ապագայի ուղղությամբ առաջ շարժվելու համար, ինչպես նաև կատարելու միջազգային կլիմայական պարտավորությունները՝ Փարիզի համաձայնագրի և ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում»։
Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն նշեց․ «Ծրագրի շրջանակներում ՊԳԿ-ն Հայաստանին է փոխանցում անտառների մոնիթորինգի և հաշվառման համակարգերի ոլորտում կուտակված գլոբալ փորձառությունը՝ աջակցելու երկրին ամուր ազգային կարողությունների ձևավորման և վստահելի տվյալների համակարգի հաստատման գործում, որը կուղղորդի քաղաքականությունների մշակմանը և կնպաստի Կայուն զարգացման նպատակների իրականացմանը»։
Տվյալների համակարգերի ամրապնդումից բացի, ծրագիրը նաև կնպաստի ազգային կարողությունների զարգացմանը՝ աջակցելով Անտառների ազգային մոնիթորինգի մասնագիտացված ստորաբաժանման ստեղծմանն ու գործունեությանը։ Վերապատրաստման ծրագրերը, դաշտային աշխատանքները և գիտելիքի փոխանակման միջոցառումները կապահովեն, որ ազգային կառույցները երկարաժամկետ հեռանկարում կարողանան ինքնուրույն և կայուն կերպով իրականացնել անտառների մոնիթորինգի գործընթացները։
Համակարգը նաև կիրականացնի անտառվերականգնման, անտառապատման և ագրոանտառային գործունեությունների մոնիթորինգ ամբողջ երկրի տարածքում՝ տրամադրելով կարևոր վերլուծական տվյալներ դրանց արդյունավետության վերաբերյալ ինչպես նաև աջակցելով հարմարվողական կառավարմանը։ Այն կնպաստի ապօրինի անտառահատումների դեմ պայքարին, էկոհամակարգերի դիմակայունության բարձրացմանը և անտառային ռեսուրսների, այդ թվում՝ ոչ փայտային անտառային արտադրանքի, կայուն օգտագործման խթանմանը։
Հայաստանի անտառները, որոնք զբաղեցնում են երկրի ընդհանուր տարածքի մոտավորապես 11 տոկոսը, կենսական նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանման, կլիմայի կարգավորման և գյուղական բնակչության կենսապահովման համար։
Հիմնական մարտահրավերներից մեկը վստահելի և արդիական անտառային տվյալների բացակայությունն է։ Հայաստանը 1980-ական թթ․ ի վեր չի իրականացրել անտառների ամբողջական հաշվառում (NFI), իսկ ինչ էլ որ կատարվել է, հիմնված է եղել հիմնականում անտառտնտեսության տվյալների ոչ արդիական հաշվառման մեթոդների, իսկ վերջին տարիներին նաև արբանյակային պատկերների վրա։
Արդիական տեղեկատվության պակասը սահմանափակել է երկրի կարողությունները՝ ապացույցների վրա հիմնված քաղաքականություններ մշակելու և կլիմայական ու բնապահպանական խնդիրներին արդյունավետ արձագանքելու համար։
Նոր ստորագրված ծրագիրը նպատակ ունի հաղթահարել այս կարևոր բացը՝ ձևավորելով անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման (NFMA) վստահելի համակարգ, ինչպես նաև իրականացնել անտառների ազգային հաշվառման պարբերական փուլերը։ Դաշտային տվյալների հավաքագրման համադրումը ժամանակակից տեխնոլոգիաների հետ, ինչպիսիք են, օրինակ՝ հեռահար զոնդավորումը և աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (GIS), հնարավորություն կընձեռի ստանալ ճշգրիտ և համապարփակ տվյալներ անտառային ռեսուրսների վերաբերյալ՝ ներառյալ անտառածածկույթը, անտառների առողջության վիճակը, կենսաբազմազանությունը և ածխածնի կլանումը։
Մայիս 05, 2026 at 13:17
