ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ Է ԱՄՓՈՓՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ Է ԱՄՓՈՓՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Դեկտեմբերի 27-ին տարվա արդյունքներն ամփոփեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ստորեւ ներկայացնում ենք մամլո ասուլիսի նյութերը:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. 2010Թ. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՃԵԼ Է 47 ՍԱՆՏԻՄԵՏՐՈՎ
NEWS.am


2010թ. ընթացքում Սեւանա լճի մակարդակն աճել է 47 սանտիմետրով նախորդ տարվա համեմատ, եւ կազմել է 1899 մետր 71 սմ: Այդ մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրոցյում հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ ամփոփելով անցնող տարին:

Ըստ նախարարի՝ 2010թ. պահպանվել է Սեւանա լճի մակարդակի բարձրացման կայուն միտումը: Համեմատության համար նա նկատել է, որ 2008-ին լիճը բարձրացել էր 6 սմ-ով, 2009-ին՝ 38 սմ-ով: Ընդ որում, դա այն պայմաններում, երբ 2010-ին Սեւանա լճից ավելի շատ ջուր է բաց թողնվել: Եթե 2009-ին լճից բաց էր թողնվել 126 մլն խմ ջուր, ապա ընթացիկ տարում՝ 157 մլն խմ: Արփա-Սեւան թունելով 2010թ. Սեւանա լիճ է լցվել 235 մլն խմ ջուր՝ 2009-ի 203,8 մլն խմ-ի դիմաց:

Ըստ նախարարի՝ բնապահպանության նախարարությունը Սեւանա լճի տարածքում մաքրման զգալի աշխատանքներ է կատարել: Նախարարությունը գնել է ֆիննական արտադրության «Վոթերմաստեր կլասիկ III» բազմաֆունկցիոնալ էքսկավատոր: Նոր տեխնիկայով եւ «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա 2010թ.  մաքրվել է 138 հեկտար ջրածածկ տարածք:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «2010-Ը ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՏԱՐ ԷՐ»
Արմենպրես


ՀՀ բնապահպանության նախարարությունը 2010թվականին առաջնորդվել է Կառավարության կողմից հաստատված միջոցառումների եւ գերակա խնդիրների ծրագրով: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` հավելելով, որ տարին աշխատատար էր: 2010 թվականին ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանումների կողմից մշակվել են ոլորտը կարգավորող շուրջ 111 իրավական ակտեր` նախորդ տարվա 99-ի դիմաց:
 
Մշակվել են օրենքների եւ հայեցակարգերի 11 նախագծեր: Ընթացիկ տարվա ձեռքբերումներից նախարարն առանձնացրեց «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա սահմանային արտանետումների գնահատման էլեկտրոնային համակարգի ներդրումը: Նախարարը հատկանշական համարեց Կարմիր գրքի հրատարակումը. գիրքն արդեն իսկ տպագրված է 500 օրինակով:
 
Տարվա ձեռքբերումների թվում Ա. Հարությունյանը նշեց նաեւ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 16-րդ կողմերի կոն‎‎‎ֆերանսում Հայաստանի ճանաչումը «Տարվա լավագույն լիազորված ազգային մարմին»` «ի ճանաչումն իրազեկության բարձրացման իրականացված աշխատանքների եւ Մաքուր զարգացման մեխանիզմում մասնակցության համար»:
 
Բացի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներից , ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվել է «Բնապահպանական կրթության, դաստիարակության եւ իրազեկման ամբողջական եւ միասնական ազգային համակարգի» ստեղծման հայեցակարգից բխող 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԵԼ Է ՎՆԱՍՆԵՐԸ
Panorama.am


Այս տարի բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) կողմից կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել են 393 ստուգումներ, 2009 թվականի 725-ի փոխարեն:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումների և օպերատիվ աշխատանքների արդյունքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 810 խախտումներ, 2009-ի նույն ժամանակահատվածում գրանցված 878-ի դիմաց: Խախտումներից 32-ը վերաբերում են ընդերքօգտագործման ոլորտին (2009-ին` 34), ջրօգտագործման ոլորտում` 104, (2009-ին`103), հողօգտագործման ոլորտում` 41, (2009-ին` 36), կենսապաշարների օգտագործման ոլորտում` 384, (2009-ին` 354), մթնոլորտի պահպանության ոլորտում` 98, (2009-ին`182), թափոնների և վնասակար նյութերի տեղադրման ոլորտում` 14, (2009-ին` 36): Բացի այդ, նախարարի ներկայացմամբ, պետական տեսչությունը գրանցել է, որ սահմանված ժամկետում այս տարի` նախորդի 128-ի փոխարեն, հաշվետվություններ չեն ներկայացրել 126 տնտեսվարող սուբյեկտներ:

Այսպիսով` 2010-ին, կազմվել է վնասի հատուցման 135,24 մլն դրամի 363 արձանագրություն:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարված անտառհատման ու անտառանյութի բանական օգտագործման ոլորտում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 1163 ապօրինի հատված ծառ, կազմվել է 50.3 մլն. դրամի վնասի հատուցման արձանագրություն, պետբյուջե է գանձվել 9.7 մլն դրամ: Իսկ 2009-2010թթ. անտառտնտեսություններում կատարած ստուգումների արդյունքում հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասներից այս տարի պետբյուջե է վերականգնվել 10,9 մլն. դրամ:

Նշենք, որ այս տարի ԲՊՏ-ի կողմից դատաքննչական մարմիններին են ներկայացվել 217 գործեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ` ՇՈՒՐՋ 11 ՏՈԿՈՍ
Aysor.am


Հայաստանում պահպանվող տարածքների տոկոսային հարաբերությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին և կազմում է շուրջ 11 տոկոս: Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նախարարը հատուկ պահպանվող տարածքներից առանձնացրեց Արփի լիճ ազգային պարկի ձևավորման գործընթացը, որի շրջանակներում ազգային պարկին հարող տարածքում` Ղազանչի գյուղում, կառուցվել է այցելուների կենտրոն, իսկ Արփի լճի տարածքում` վարչական շենք, հյուրատուն: Կատարվել են շուրջ 300 մլն դրամի աշխատանքներ:

«Իրականացվել են Արփի լճի սահմանների ճշգրտման, հստակեցման աշխատանքներ»,- շեշտեց Արամ Հարությունյան և հավելեց, որ 2011թ.-ին նախարարությունը բավականին լուրջ աշխատանքներ ունի իրականացնելու, մասնավորապես` լճի շրջակայքում պետք է լուծվի 14 համայնքի ջրագծերի խնդիրը:

Ըստ Ա. Հարությունյանի, իրականացվելու է նաև բիզնես-ծրագիր. ամեն ինչ արվելու է, որ Արփի լճի ազգային պարկն ամբողջանա և անցնի բնականոն գործունեության, որն էլ կնպաստի էկոտուրիզմի զարգացմանը:
 
ԵԹԵ ՀԵՌԱՑՆԵՆ ՊԱՇՏՈՆԻՑ, ՈՒՐԵՄՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
Panorama.am


Այն փաստին, որ հրաժարականի առումով ամենից շատ շրջանառվում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի անունը, նախարարը հանգիստ է վերաբերվում:

Այս մասին Ա. Հարությունյանն ասաց այսօր` 2010-ի ամփոփիչ ասուլիսում:

«Անկեղծ ասաց, բոլոր նախարարներին պահանջներ են ներկայացված ու նախարարը պետք է այդ պահանջներին համապատասխանի ու դրանց համապատասխան կազմակերպի իր և նախարարության աշխատանքը: Այն, ինչ մենք սիրով կատարում ենք»,-անկեղծացավ նախարարը:

Իսկ եթե 2011-ին, հանկարծ, նախարար Հարությունյանին «հեռացնեն պաշտոնից», ապա, ինչպես նախարարը մեկնաբանեց, կնշանակի, որ  իր կատարած աշխատանքը չի համապատասխանել ներկայացված պահանջներին:

Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսում ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը հետ է կանչել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին, նա այլևս չի պաշտոնավարի որպես նախարար:

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «ՍԻՐՈՎ» Է ԿԱՏԱՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Aysor.am


Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն անդրադարձավ իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերին:

«Բոլոր նախարարներին պահանջներ են ներկայացված, նախարարն այդ պահանջներին պետք է համապատասխանի: Այդ պահանջներին համապատասխան պետք է կազմակեպի և իր, և նախարարության աշխատանքը, ինչն էլ մենք սիրով կատարում ենք»,- նշեց Ա. Հարությունյանը:

Իսկ այն հարցին, որ եթե 2011թ.-ին Արամ Հարությունյանին չտեսնենք նախարարի պաշտոնում, արդյո՞ք դա կնշանակի, որ նա չի համապատասխանում պաշտոնին` Արամ Հարությունյանը պատասխանեց` «այո»:
 
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ
ԱրմԻնֆո


Եթե 2011 թվականին դուք չտեսնեք ինձ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում, նշանակում է`ես չեմ համապատասխանում նախագահի կողմից հնչեցված պետպաշտոնյայի չափանիշներին:

Նման խոստովանություն է արել Արամ Հարությունյանը`մեկնաբանելով իր հրաժարականի մասին լուրերը:

Միաժամանակ նա նշել է, որ նախարարության համար 2010 թվականը շատ լարված էր:

«Այստեղ աշխատում է լավ թիմ, որն անում է ամեն բան, որպեսզի բոլոր կարգադրությունները կատարվեն: Իհարկե, մեր աշխատանքում եղել են նաև թերություններ, բայց չի սխալվում միայն այն, ով ոչինչ չի անում»,- հայտարարել է նախարարն այսօր մամլո ասուլիսի ժամանակ:

Դեկտեմբեր 27, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր