ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԷկոԼուր-ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը ընդունեց Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան նորին գերազանցություն տիկին Մարսելա Մարիա Նիկոդեմոսի միջև:

Բրազիլիայի կառավարությունն առաջիններից էր, որն արձագանքեց և առաջարկեց տեխնիկական աջակցություն, ինչը ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկությամբ կուղղվի անալիտիկ լաբորատորիայի տեխնիկական հագեցվածության ապահովմանը: Լաբորատորիան նախատեսված է շրջակա միջավայրի օբյեկտներում և կենսամիջավայրում քիմիական նյութերի պարունակության անալիտիկ հետազոտություններ և փաստացի մակարդակների ուսումնասիրման աշխատանքներ կատարելու համար:

Լաբորատոր հետազոտությունների միջոցով թունավոր նյութերի մոնիթորինգը թույլ է տալիս հսկողության տակ պահել այդ նյութերի պարունակությունը շրջակա միջավայրի օբյեկտներում և կենսանյութերում, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել այդ նյութերի քանակությունների նվազեցման ուղղությամբ` դրանով իսկ կանխարգելելով դրանց վնասակար ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա:

Բրազիլիայի կառավարության կողմից տրամադրվել է 18 անուն անհրաժեշտ սարքավորումները, մասնավորապես` սպեկտրալուսաչափը, ցենտրիֆուգը, ռոտացիոն գոլորշիչը, բեկումաչափը, ազոտական գեներատորը և այլն, ինչպես նաև ամենագնաց մեքենա: Անալիտիկ լաբորատորիայի համալրման և համապատասխան կահավորանքով զինման նպատակով աջակցել են Հյուսիսատլանտյան Դաշինքը /ՆԱՏՕ/, որը «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կտրամադրի մասս դետեկտորով գազային քրոմատագրիչ և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպությունը /UNIDO/, որը տրամադրել է անալիզարար` տրանսֆորմատորային յուղերում և հողում պոլիքլորացված բիֆենիլներ որոշելու համար:

Վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է քիմիական նյութերի արտադրությունը, առևտուրն ու կիրառումը: Քիմիական նյութերի օգտագործումը շատ ոլորտներում ունի զգալի առավելություններ, սակայն այդ նյութերի ոչ ճիշտ կիրառումը դրանց գործածության ցանկացած փուլում կարող է մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա անբարենպաստ ներգործության պատճառ ‎դառնալ, ինչն էլ հանգեցնում է քիմիական նյութերի ազդեցությամբ պայմանավորված ռիսկի գնահատման անհրաժեշտության:

Մարտ 22, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր