

ԷկոԼուր-ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Ապրիլի 20-ին տեղի ունեցավ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ:
Խորհուրդը քննարկեց եւ հաստատեց աշխատանքային խմբի առաջարկած` «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության տրամադրվող հողամասերի տարեկան վարձավճարների մեկնարկային գները: ՊՈԱԿ-ի հողամասերն ընդգրկված են մարզի 41 համայնքների տարածքում, եւ, ըստ աշխատանքային խմբի, գները հաշվարկելիս հաշվի է առնվել տարածքների նկատմամբ փաստացի առկա պահանջարկը: Տարբեր են նաեւ գյուղատնտեսական եւ կառուցապատման նպատակներով տրամադրվող տարածքների վարձավճարների մեկնարկային գները:
Խորհուրդն արձանագրեց, որ ապրիլի 20-ից հետո «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության պայմանագրերը կնքելիս հաշվի կառնվեն նոր գները:
Խորհրդի կողմից ձեւավորված մյուս աշխատանքային խումբը ներկայացրեց 2010թ. ընթացքում ՊՈԱԿ-ի կողմից վերակնքված վարձակալության 18 պայմանագրերի ուսումնասիրության արդյունքները: Առաջարկվեց 18 պայմանագրերից 6-ը թողնել անփոփոխ, իսկ 12-ը վերանայել` տարածքների մակերեսների եւ ժամկետների մասով:
«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում պայմանագրերի պայմանները վերանայելու եւ նոր պայմանագրեր կնքելու վերաբերյալ բանակցել վարձակալների հետ եւ արդյունքների մասին տեղեկացնել խորհրդին:
Խորհուրդը հավանության արժանացրեց նաեւ ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության երկու նոր պայմանագրերը:
Ապրիլ 26, 2011 at 14:45
