

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակումներին, որ ոստիկանությունը կանխել է Սեւանի թերակղզու ծառահատումը: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո հաղորդագրությունում ասված է. «Մամուլում հաղորդագրություն եղավ այն մասին, թե իբր մայիսի 8-ին Սեւան քաղաքի ոստիկանության աշխատակիցները կանխել են թերակղզում ապօրինի զանգվածային ծառահատումը: Այդ առթիվ ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ տեղի ունեցածը ոչ թե ապօրինի ծառահատում է, այլ ջրածածկման ենթակա տարածքների օրինական մաքրում: Քաղաքացիների դիմումի հիման վրա ժամանած ոստիկանության աշխատակիցներին պարզաբանվել է կատարվող աշխատանքների օրինականությունը, և աշխատանքները ոչ միայն չեն կասեցվել, այլև շարունակվում են:
Սևանա լճի, որի մակարդակը տարեցտարի բարձրանում է, ջրի մաքրությունն ապահովելու նպատակով 2010 թվականին մաքրվել է 174 հա ջրածածկ տարածք, իսկ այս տարի նախատեսվում է անտառամաքրման աշխատանքներ իրականացնել մոտ 283 հա տարածքի վրա: Ներկայում ծառերից և թփերից մաքրվում է 1901,5 մետր նիշից ցածր գտնվող տարածքը:
Մայիսի 8-ին մաքրման աշխատանքներ էին կատարվել ու նաև շարունակվում են հանրային լողափերի համար ընտրված տարածքներում: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշումով Սևանա լճի ափին ստեղծվելու են հանրային լողափեր: Այդ նպատակով կօգտագործվեն Սեւանի քաղաքային լողափին հարակից 0,68 հեկտար տարածքը եւ 1,47 հեկտար` թերակղզու հատվածում:
Սևանա լճի ավազանի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու նպատակով բնապահպանության նախարարությունը անտառտնկման աշխատանքներ է իրականացնում առափնյա բարձրադիր հատվածներում»: Մեր կողմից հիշեցնենք, որ Սեւանա լճի առափնյա տարածքների մաքրման աշխատանքների արդյունքում կհատվի մոտ 3500 հա անտառածածկ տարածք, իսկ անտառատնկման աշխատանքներ 2010թ. կատարվել են ընդամենը 6.0 հա տարածքում:
Մայիս 16, 2011 at 16:30
