

ԷկոԼուր-«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի լրատվության բաժին
«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը արձագանքել է ՀՀ վարչապետին ուղղված «Ֆլամինգո-արտ լողափ» ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Թարխանյանի բաց նամակին: Ազգային պարկի լրատվության բաժինը տեղեկացնում է.
««Հրապարակ» թերթի մայիսի 17-ի համարում հրապարակվել է «Առաջարկում ենք կասեցնել շինարարությունը» վերտառությամբ հոդված` Սևանա լճի ափին կառուցվող հանրային լողափի վերաբերյալ: Տեղեկացնում ենք, որ այդ գործողությունները կատարվում են համապատասխան ՀՀ կառավարության 28 ապրիլի N 527-Ն որոշման, որով նախատեսվել է Սևանա լճի ափին կառուցել 2 հանրային լողափեր: Լողափերի կառուցումը հետապնդում է հանրության համար մատչելի և հասանելի հանգստի կազմակերպման նպատակ, որով իսկ ապահովվում են մեր քաղաքացիների` ՀՀ ջրային օրենսգրքով սահմանված ազատ, անարգել ջրօգտագործման իրավունքները: Այդ նպատակով Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից ընտրվել է պետական սեփականություն հանդիսացող հողամաս, որը ծանրաբեռնված չէ իրավունքներով, այսինքն` չունի իրավունքների նոտարական վավերացում և պետական կադաստրում գրանցում ունեցող պայմանագիր, և կառավարության որոշման անօրինականության մասին խոսք լինել չի կարող: Հոդվածագրի հիմնավորումներն իր իրավունքների խախտման վերաբերյալ անհիմն են, որի հաստատումն են հոդվածում ոչ պատահական օգտագործված «հողօգտագործում» և «տիրապետում» արտահայտությունները:
Կառավարության որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող նշված լողափերը կկահավորվեն և կբարեկարգվեն՝ առաջին հերթին ծառայելով հանրային շահին, քանզի մուտքը լողափեր լինելու է անվճար: Հանրային շահի պաշտպանության խնդիրն, ինչ խոսք, չի կարող որևէ կերպ համադրվել ապօրինի «հողօգտագործողի» շահի հետ:
Հոդվածագրի կողմից «բնապահպանական մտահոգության» շղարշի տակ բարձրացված մյուս հարցերը անհիմն են ու ստահոդ: Կատարվող ծառահատումները 2011 թվականի մաքրման աշխատանքների մաս են կազմում, դրանք կատարվում են 1901.5 մ. բացարձակ նիշից ներքև, իսկ տվյալ տարածքի մաքրվող հատվածը գտնվում է 1900.4-1900.8 մ բացարձակ նիշի սահմաններում: Հոդվածում նշված ծառահատումների հետ կապված համապատասխան փաստաթղթերի իբր բացակայությունը իրականությանը չի համապատասխանում: Իրականում մաքրման աշխատանքներն իրականացվել են համաձայն «Սևանա լճի ափամերձ անտառտնկարկների մաքրման աշխատանքների» կատարման պայմանագրի օրինակելի ձևի, որով անտառտնկարկների մաքրման աշխատանքներն իրականացվում են առանց պետական բյուջեի ֆինանսավորման:
Կառուցվող լողափերում կառուցապատումն իրականացվելու է համաձայն կառավարության 18.12.2008թ. N 563 -Ն որոշման, ժամանակավոր շինությունների տեսքով, որոնք լճի մակարդակի բարձրացմանը զուգահեռ կարող են անվնաս ապամոնտաժվել և տեղափոխվել ավելի բարձր մակարդակի վրա: Այնպես որ, հեղինակի «մտահոգությունը» գումարների փոշիացման վերաբերյալ, անհիմն է:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ապօրինի է «Ֆլամինգո Արտ» կազմակերպության կողմից կառուցված սրճարանը, որը գտնվում է հիմնական կառուցապատումն արգելված` 1905.0 մ. բացարձակ նիշից ցածր, այսինքն` 1901.0 մ. սահմաններում: Այդ մասին են վկայում նաև 2010թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Շինությունը, ըստ ՀՀ օրենսդրության, պետք է ապամոնտաժվի կառուցապատողի միջոցների հաշվին, ինչը մինչ օրս չի կատարվել:
Ինչ վերաբերում է հոդվածագրի հոր` նշանավոր ճարտարապետ Արթուր Թարխանյանի վաստակը գնահատելուն, ապա մենք նույնպես բարձր են գնահատում նրա ներդրումը հայոց ճարտարապետության մեջ, սակայն այն խնդրո առարկա նյութի հետ կապ չունի, և նրա անունը շահարկելը հարիր չէ հենց նրա մեծ վաստակը վկայակոչող հոդվածագրին»:
«Ֆլամինգո-արտ լողափ» ՍՊԸ-ի տնօրեն. «ՀՀ կառավարության որոշումը՝ ըստ էության, զրկել ինձ «Ֆլամինգո» լողափը տիրապետելուց, առնվազն անբարոյական է
ԷկոԼուր
«Ֆլամինգո-արտ լողափ» ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Թարխանյանը ՀՀ կառավարությունից պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 28 ապրիլ 2011թ. թիվ 527–Ն «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման և ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշումը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակում Անահիտ Թարխանյանը գրում է. «Հարգելի պարոն վարչապետ, սույն թվականի ապրիլի 28-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման և ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին։ Այդ որոշումն օրինական չէ և պետք է ճանանչվի անվավեր։ Որոշման նախագիծը պատրաստող ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները գիտեին, որ «Ֆլամինգո» լողափի հողամասը տիրապետում է «Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-ն։ Ես հիմնադրել եմ «Ֆլամինգո» լողափը 1996 թվականին և տասնհինգ տարի անընդմեջ հանդիսանում եմ այդ հողամասի բարեխիղճ վարձակալը և հողօգտագործողը։ Որոշման նախագիծը պատրաստողները նույնպես չէին կարող չիմանալ, որ այդ տարածքում ես ունեմ իմ սեփականությունը հանդիսացող տարբեր կառույցներ և բարեկարգումներ։ ՀՀ կառավարության որոշումն ընդունելու պահին ես տեղեկացված չեմ եղել, որ որևէ իրավասու մարմին չեղյալ է համարել «Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-ի կողմից հողամասի տիրապետումը։ Այսինքն՝ ՀՀ կառավարությունն իր որոշումն ընդունել է ինչ-որ պաշտոնատար անձանց ենթադրության հիման վրա, իբրև թե իրենք կարող են այդ հողամասի ճակատագիրը որոշել առանց փաստացի հողօգտագործողի կարծիքը հարցնելու։ Կառավարության որոշումը նույպես չի պարզաբանում, թե ում տիրապետման տակ է գտնվում այն հողամասը, որտեղ կառավարությունը որոշել է գումար ներդնել հանրային լողափ կազմակերպելու համար։ Արդյունքում ստացվել է, որ ՀՀ կառավարությունը որոշել է պետական միջոցները ներդնել մասնավոր ընկերության տիրապետման տակ գտնվող հողամասում կամ, առնվազն, վիճելի տարածքում։ Այդ անօրինական որոշումը սկիզբ է դրել մի շարք անօրինական գործողությունների։
ՀՀ բնապահպանության նախարարության պատվերով, Լևոն Գալումյանի ճարտարապետական արհեստանոցը, առանց օրենքով նախատեսված հիմքերի, մասնավորապես՝ առանց սահմանված ճարտարապետանախագծային առաջադրանքի, կատարել է հանրային լողափերի կազմակերպման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում։ Այդ ոչ մի արժեք չունեցող քաղաքաշինական փաստաթղթերի համար կառավարությունն, ըստ իր որոշման, վճարել է կամ պետք է վճարի չորս միլիոն դրամ։ Իսկ «Նաիրիշին» ՍՊԸ-ն առանց համապատասխան շինարարության թույլտվության մայիսի 12 -ից սկսել է շինարարական աշխատանքները, որոնք հույս ունի ավարտել 2011 թվականի հունիսի 15-ին, և ստանալ կառավարությունից այդ անօրինական շինարարական աշխատանքների համար 62 միլիոն դրամ։ Միգուցե «Նաիրիշին» ՍՊԸ-ն ՀՀ կառավարության կողմից դիտարկվում է որպես վստահելի գործընկեր, բայց հասարակության մեջ կա ձևավորված կարծիք, որ դա ՀՀ
բնապահպանության նախարարի հետ փոխկապակցված ընկերություն է։ Այդ դեպքում, ըստ Ձեզ, ին՞չ նկատի ուներ ՀՀ նախագահը, երբ հայտարարեց, որ կոռուպցիան մեր տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտն է։
«Նաիրիշին» ՍՊԸ-ի շինարարական աշխատանքներին նախորդել է ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով 115 ծառերի ծառահատումը։ Եթե այդ տարածքը, որտեղ կատարվել է ծառահատում, պետք է այս տարի, ըստ բնապահպանության նախարարության, անցնի ջրի տակ, ապա ինչու հենց այդ տարածքում նույն նախարարությունը որոշել է մինչև հունիսի 15-ը ներդնել մի քանի միլիոն դրամ գումար։ Իսկ եթե ակնհայտ է, որ այդ տարածքը մոտակա մի քանի տարիների ընթացքում դեռ չի անցնելու ջրի տակ, ապա ինչու՞ կատարվեց այդ վաղաժամ ծառահատումը։ Բնապահպանության նախարարության աշխատակիցներն այնքան են շտապել կատարել նախարարի բանավոր հրահանգը, որ ծառահատումն իրականացրել են ոչ աշխատանքային օրերին և առանց այդ պահին համապատասխան անտառահատման տոմս ունենալու։
Բնականաբար նման գործելակերպի արդյունքում նրանք հայտնվել են Սևանի ոստիկանության բաժնում, որը ներկա դրությամբ վարում է այս գործով համապատասխան հետաքննություն։ Ենթադրում եմ, որ Սևանի ոստիկանության բաժնում կհայտնվեն նաև «Նաիրիշին» ՍՊԸ-ի աշխատակիցները՝ առանց համապատասխան շինարարության թույլտվության, բնության հատուկ պահպանվող տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Ստեղծված իրավիճակում, երբ ակնհայտ է իմ՝ օրենքով պաշտպանված իրավունքների ոտնահարումը, և բնությանը պատճառված անշրջելի վնասը, խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը։ Առաջարկում եմ կասեցնել բնության հատուկ պահպանվող տարածքում «Նաիրիշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքները մինչև հողամասի տիրապետման վերաբերյալ առաջացած վեճի լուծումը՝ բանակցությունների միջոցով կամ դատական կարգով։ Որպեսզի այդ ընթացքում ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման կատարումն ըստ էության չձախողվի, «Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-ն պատրաստ է սույն թվականի ամռանն ապահովել բոլոր հանգստացողների համար անարգել մուտքը լողափ և անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։
Հուսով եմ, որ չեք մերժի իմ խնդրանքը։ Ավելորդ եմ համարում այստեղ նկարագրել իմ հոր՝ Արթուր Թարխանյանի անձնական ներդրումը Հայաստանի ազգային ճարտարապետության զարգացման գործում և իմ անձնական ներդրումն այդ ոլորտում։ Չեմ կասկածում, որ կառավարության բոլոր անդամները գիտեն, որ ես արդար քրտինքով եմ վաստակում ընտանիքիս օրվա հացը։ Այդ պարագայում ՀՀ կառավարության որոշումը՝ ըստ էության, զրկել ինձ «Ֆլամինգո» լողափը տիրապետելուց, առնվազն անբարոյական է։ Նման
գործողությունն ակնհայտորեն չի համապատասխանում ՀՀ նախագահի և կառավարության կողմից մարդու արժանապատվության և իրավունքների հիման վրա Հայաստանում հռչակված բարեփոխումների ծրագրին։
«Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-ի հիմնադիր՝ Անահիտ Թարխանյան»:
Մայիս 18, 2011 at 14:34
