

ԷկոԼուր- ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն մայիսի 21-ին այցելեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջան:
Փոխվարչապետն այցն սկսեց «ԳեոՊրոՄայնինգԳոլդ» ընկերությունից, որտեղ ներկայացվեցին արտադրական հզորությունները, ընթացիկ եւ առաջիկա ծրագրերը: Ընկերությունն ավելացրել է արտադրության ծավալները. մասնավորապես` 2011թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ոսկու արտադրությունն ավելացել է 62 տոկոսով` հասնելով մինչեւ 7 831 ունցիայի, արդյունահանումն աճել է 56 տոկոսով, վերամշակման ծավալները` 59 տոկոսով: Ավելացվել է նաեւ աշխատակիցների թվաքանակը. ընկերությունը ձեռք բերելու ժամանակ այնտեղ աշխատում էր 500 մարդ` միջինը 100-110 հազ. դրամ աշխատավարձով, ներկայումս աշխատում է 769 մարդ, իսկ միջին աշխատվարձը կազմում է 165 հազ. դրամ: Նշվեց, որ էապես լուծվում է տարածաշրջանում զբաղվածության հարցը, ինչը նաեւ սոցիալական կարեւոր նշանակություն ունի:
Ներկայումս իրականացվում են Սոթքի հանքավայրի տեխնիկական վերազինման եւ վերակառուցման աշխատանքներ:
Ընկերությունը Արարատի ֆաբրիկայի վերակառուցման նախագծի շրջանակում 2011թ. հուլիսին ծրագրում է սկսել վերամշակող նոր գործարանի կառուցումը, որը նախատեսվում է շահագործել 2013թ. առաջին եռամսյակում: Այն հնարավորություն կտա արտադրության ծավալներն ավելացնել ավելի քան 5 անգամ: Նախագծի նախնական բյուջեն 100 միլիոն դոլար է:
Անդրադարձ եղավ նաեւ Սոթքում հանքաքարի մանրացման գործընթացին: Ընկերության ղեկավարությունը հավաստիացրեց, որ հանքանյութի մշակման արտադրական գործընթաց չի իրականացվում, ուստի իրենց գործունեությունը չի կարող հակասել օրենքի պահանջներին: Նրանք խոստացան, որ համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն իրավասու մարմիններին: Ա. Գեւորգյանն առաջարկեց հանքաքարի մանրացման արտադրամասի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել հասանելի եւ քննարկել ոլորտի ՀԿ-ների հետ:
Քննարկվեցին ընկերության եւ տարածաշրջանի համայնքների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես` ընկերության կողմից Սոթք համայնքի գազիֆիկացման աշխատանքների համաֆինանսավորման հնարավորությունը:
Մայիս 24, 2011 at 11:55
