Պղտոր է, բայց վատը չէ

Պղտոր է, բայց վատը չէ

Արմեն Դավթյան, Հրապարակ

Օրերս Սյունիքի մարզկենտրոնի սպառողները 4 օր ստիպված էին պղտոր ջուր խմել: Ավելի շուտ ոչ թե խմել, այլ այդ ջուրն օգտագործել կենցաղային նպատակներով, իսկ խմելու համար շշալցված ջուր էին գնում խանութներից: Սա, ըստ ոլորտի պատասխանատուների, ամենեւին էլ որեւէ մեկի բիզնեսին օգնելու համար չէր, այլ, ըստ «Հայջրմուղկոյուղի»  ՓԲԸ  գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի, Կապանին ստորերկրյա ջուր է մատակարարվում, այդ պատճառով տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակ է ստեղծվում:

Ըստ նրա, խոսքը ջրի պղտորության մասին է եւ ոչ թե աղտոտվածության: Իսկ ջրի պղտորությունը գարնանային վարարումների հետ է կապված: Նման երեւույթներ հնարավոր են նաեւ աշնանը: Չնայած Պատրիկ Լորենի պնդումներին, այնուամենայնիվ համաճարակաբաններն այդ օրերին հորդորում էին վարակներից խուսափելու համար միայն եռացրած ջուր օգտագործել:

Հիմա համապատասխան սարքավորումներ  ձեռք են բերվել, ու պարզարանների աշխատանքը կբարելավվի: Սկսվել են մարզկենտրոնի խմելու ջրի ներքին ցանցի նորոգման աշխատանքները: Չնայած այս ամենին, «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության  նախագահ Ռաֆայել Ասրյանը   տարածած հաղորդագրության մեջ անդրադարձել է  Սյունիքի մարզկենտրոնի ջրամատակարարմանը, նշելով, որ  խմելու ջրի մաքրման կայանը չի գործում, միայն քլորացվում է ջուրը,  մինչեւ մաքրման կայան հասնող խողովակաշարի վրա տեղադրված են մի քանի հիդրոէլեկտրակայաններ, որոնց շահույթի 10 տոկոսը ստանում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն` Կապանի բնակչության կյանքի եւ առողջության հաշվին:

Միաժամանակ խողովակաշարը մաշված է եւ ոչ պիտանի, դրա համար էլ պարբերաբար առաջանում են վթարներ:  ՀԿ-ն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից եւ ՀՀ կառավարությունից պահանջում է Կապան համայնքին եւ բնակիչներին վերադարձնել ջրամատակարարման կառավարումը, փոխհատուցել բնակիչներին մատակարարված անորակ ջրի հետեւանքով առաջացած առողջական եւ ֆինանսական վնասները:

Ողջամիտ սահմաններում պահանջները չկատարվելու դեպքում ՀԿ-ն դիմելու է այլ քայլերի: Մասնավորապես, կազմակերպելու են հանրահավաքներ, բողոքի ակցիաներ: Թվում է՝ սովորական քաղաքակիրթ ձեւ է հարցերին լուծում տալու համար, սակայն պետք է նկատել, որ ՀԿ նախագահ Ռաֆայել Ասրյանը նախկինում եղել է «Հայջրմուղկոյուղու» Կապանի տեղամասի պետը:

Հունիս 15, 2011 at 17:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր