

ԷկոԼուր
Օրհուսի կոնվենցիայի անդամ պետությունների` Քիշնևում կայանալիք չորրորդ հանդիպմանն ընդառաջ Հայաստանի հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«գտնում ենք,
որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմնականում ձախողել է Կոնվենցիայի պահանջների իրականացումը: Այն`
-չի ապահովել կոնվենցիայով ամրագրված սկզբունքների կիրառման համար անհրաժեշտ իրավական ու ընթացակարգային համակարգի ստեղծումը.
-չի ապահովել առնչվող պետական կառույցների, այդ թվում` արդարադատության և բնական ռեսուրսների կառավարման ոլորտների լիազորված մարմինների ներգրավումը կոնվենցիայի իրականացման գործում.
-չի ձեռնարկել մի շարք անհրաժեշտ քայլեր ապահովելու կոնվենցիայի հիմնադրույթների` տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության պատշաճ կիրարկումը.
-չի ձեռնարկել որևէ գործողություն իրականացնելու Օրհուսի կոնվենցիայի անդամ պետությունների 2008թ. հունիսի 11-13-ի 3-րդ հանդիպման ընթացքում ընդունված թիվ III/6b որոշմամբ ամրագրված առաջարկությունները` Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում ստանձնված պարտավորությունների կատարման վերաբերյալ:
Մտահոգություն ենք հայտնում առ այն, որ կոնվենցիայի վավերացումից սկսած մինչ օրս
-հնարավոր չէ ստանալ համապարփակ և հանրամատչելի տեղեկություն բնական ռեսուրսների շահագործման վերաբերյալ.
-շրջակա միջավայրի վրա կործանարար ազդեցություն ունեցող` հանքարդյունաբերության ընդլայնման, անտառների ոչնչացման, ջրային էկոհամակարգերի խախտման և նման այլ որոշումները շարունակում են ընդունվել են առանց հասարակայնության մասնակցության.
-դատական համակարգը որևէ հասարակական կազմակերպության հնարավորություն չի ընձեռում վիճարկել առանց հասարակայնության մասնակցության ընդունված և/կամ շրջակա միջավայրին առնչվող որոշումներ:
Արձանագրում ենք, որ
-Օրհուսի կոնվենցիայի իրականացումը խթանող մի շարք միջոցառումներ, ինչպես օրինակ` վարչական դատարանի ստեղծումը կամ տեղեկատվության ազատության մասին օրենքի ընդունումը տեղ են գտել երկրի կողմից այլ միջազգային պարտավորությունների իրականացման շրջանակներում.
-Օրհուսի կոնվենցիայի իրականացմանն ուղղված միջոցառումները Հայաստանի Հանրապետությունում ճնշող մեծամասնությամբ իրականացվել են հասարակական կառույցների կողմից` միջազգային կազմակերպությունների աջակցությամբ և/կամ նախաձեռնությամբ:
Գնահատում ենք
ՀՀ կառավարության և, մասնավորապես, Օրհուսի կոնվենցիայի համակարգող կառույց հանդիսացող ՀՀ բնապահպանության նախարարության գործունեությունը ոչ բավարար:
Պահանջում ենք
ՀՀ կառավարությանը շուտափույթ կերպով ձեռնարկել քայլեր իրավիճակը շտկելու ուղղությամբ` ներգրավելով Օրհուսի կոնվենցիայի իրականացմամբ շահագրգիռ հասարակայնությանը:
Կոչ ենք անում
համապատասխան միջազգային կառույցներին հետամուտ լինել Հայաստանի կողմից իր միջազգային պարտավորությունների իրականացմանը»:
Հայտարարության ներքո ստորագրել են 27 կազմակերպություններ` «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական հիմնադրամ» ՀԿ, «Բիոսոֆիա» ՀԿ, «Բուրգ» բնապահպանական երիտասարդական ՀԿ, «Դալմա-Սոնա» հիմնադրամ, «Զարթոնք-89» ՀԿ, «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ, «Էկոդար» ՀԿ, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Ժողովուրդն է տերը երկրի միություն» ՀԿ, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ, «Կրթության ասպարեզ» ՀԿ, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ, «Հայկական էկոլոգիական բարեգործական» հիմնադրամ, «Հայ կին» աջակություն ժողովրդավարությանը»» ՀԿ, «Հայաստանի անտառներ» ՀԿ, «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ, «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ, «Մենք պլյուս» ՀԿ, «Շողեր» միություն»» ՀԿ, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ, «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ»:
Հունիս 28, 2011 at 14:17
