

ԷկոԼուր
«ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարությունը վստահեցրեց, որ անցկացնում է օդի, ջրի, հողի եւ բուսականության աղտոտվածության հետազոտություններ, ինչպես նաեւ բնակչության վրա շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցության ուսումնասիրություններ: «ԷկոԼուր»-ի հարցումը վերաբերում էր նրան, թե ինչ առողջապահական միջոցառումներ եւ բժշկական հետազոտություններ են անցկացվում Սյունիքի եւ Լոռու մարզերի այն տարածքներում, որոնք աղտոտված են ծանր մետաղներ եւ տոքսիկ տարրեր պարունակող հանքարդյունաբերական թափոններով:
Քանի որ նախարարության կարճ պատասխանը մեզ չբավարարեց, մենք փորձեցինք պարզել, թե ստույգ ինչ հետազոտություններ են անցկացվում, եւ երբ են դրանք սկսել, ինչ ծրագրերի շրջանակներում, վերլուծություններում ինչ մետաղներ եւ քիմիական միացություններ են հայտնաբերվել, ինչ մեթոդեր են օգտագործում: Սակայն ՀՀ առողջապահության նախարարության ՊՀՀՏ շրջակա միջավայրի եւ կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանի հետ հեռախոսազրույցում (նա է կատարում նամակի վերաբերյալ հանձնարարականը), մենք միայն մեկ ստույգ պատասխան ստացանք, որ ողջ հետազոտությունն անցկացվում է պետպատվերով` առանց հատուկ ծրագրերի: «Ձեր հարցերին մենք կպատասխանենք գրավոր, եւր հետազոտությունների արդյունքներն ունենանք»,- պատասխանեց Ա. Պետիկյանը:
Նշենք, որ նախարարության պաշտոնական կայքում մենք նույնպես տեղեկատվություն չգտանք, որը կարտացոլեր տվյալ հարցի վերաբերյալ նախարարության գործունեությունը:
Հուլիս 19, 2011 at 13:42
