

Աղավնի Նավասարդյան, Սյունաց Երկիր
Սյունիքի մարզում եւ հատկապես Կապանում ու Մեղրիում խմելու ջրի մատակարարման խնդիրն ավանդաբար սրվում է հուլիս-օգոստոսին: Անցնող ամառն էլ այդ առումով բացառություն չէր: Բայց ավարտվող ամառը նախորդներից տարբերվեց խնդրո առարկայի հանդեպ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության ղեկավարության ուշադրության մեծացմամբ: Օգոստոս ամսին Կապան ժամանեցին` նախ` ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Վահագն Մանանդյանը, ապա` գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը:
Եվ օգտվելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ղեկավարների այցելության ընձեռած հնարավորությունից` փորձեցինք պարզել առկա հարցերի պատասխանները: Առաջին հարցը կապված էր Կավարտ թաղամասում ջրանջատումների եւ ջրմուղագործների պահանջած 9000 եւ 11000 դրամների հետ, ինչի վերաբերյալ մեր թերթի խմբագրությունում նույնպես բողոքներ էին ստացվել: Բնակիչների մեծամասնությունը դժգոհում էր, որ իրենցից գումար են պահանջում` չբացատրելով, թե ինչի համար: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատասխանատուները մեզ տեղեկացրին, որ այդ գումարների վճարումը պարտադիր բնույթ չի կրել. եթե խախտումներ եւ պարտքեր չեն արձանագրվել, ապա դրանք կանխավճար են հետագա ծառայությունների համար: Պարզապես ջրմուղագործներն ու բնակիչներն իրար չեն հասկացել: Օգոստոսի 6-ին Կապանում մամուլի ասուլիս հրավիրած Վահագն Մանանդյանը (ասուլիսը վարում էր Հարավային մասնաճյուղի մամուլի եւ հասարակության հետ կապերի պատասխանատու Մհեր Եղիազարյանը) պատասխանեց լրագրողներին մտահոգող մյուս հարցերին եւս: ՓԲ ընկերության կոմերցիոն տնօրենը նշեց, որ հուլիս-օգոստոս ամիսներին Կապանում ջրանջատումների պատճառը վթարներն են ու ջրագծի ներքին ցանցի անմխիթար վիճակը, ինչը, անկեղծ լինենք, ամենեւին էլ նորություն չէր: Անդրադառնալով մարզում մեծ մասշտաբների հասնող, տարիներ շարունակ կուտակված պարտքերի ու տուգանքների խնդրին` Վ.Մանանդյանն առաջարկեց բաժանորդներին պարտքերի համար դիմել ընկերություն: Եթե պարզվի, որ դրանք գոյացել են անճշտությունների հետեւանքով, դրանք կզրոյացվեն, հակառակ դեպքում կկազմվի վճարման հստակ ժամանակացույց, եւ նշված ժամանակահատվածում բաժանորդը կպարտավորվի մարել պարտքը, եթե դա չի հակասում գործող օրենսդրությանը: «Հիմնականում պարտքերը գոյանում են չվճարելու կամ խախտումների պատճառով գոյացած տուգանքների հաշվին, ուստիեւ անճշտություններից զերծ մնալու համար վճարումները պետք է կատարել բացառապես բանկերում եւ փոստային բաժանմունքներում», – խորհուրդ տվեց կոմերցիոն տնօրենը:
Ինչպես արդեն ասացինք, օգոստոսին Կապանում էր նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Օգոստոսի ութին նա հանդիպում ունեցավ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի հետ: Քննարկվեցին ջրանջատումների, ջրի որակի եւ ներքին ցանցի վերափոխման աշխատանքներին առնչվող հարցեր: Ավարտին նա հանդիպեց նաեւ լրագրողներին: Հարցին, թե ընկերությունում գիտե՞ն Մեղրիում խմելու ջրի ցածր որակի մասին եւ արդյո՞ք տեղյակ են, որ մեղրեցիները մատակարարվող ջուրն օգտագործում են բացառապես կենցաղային նպատակներով, իսկ խմելու համար գնում են խանութներում վաճառվող շշալցված ջրերը, պարոն Լորենը հրաժարվեց պատասխանել եւ խնդրեց դիմել ընկերության Հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանին: Վերջինս էլ ասաց, որ ինքը համամիտ չէ այդ կարծիքին, եւ Մեղրիում ջրի որակն ամենեւին էլ ցածր չէ: Չենք ուզում հակադրվել Ջ.Մարգարյանի պատասխանին, բայց հաճելի կլիներ, որ նրա հետ համաձայն լինեին մեղրեցիները:
Մեր հաջորդ հարցին ինքը` ՓԲԸ գլխավոր տնօրենը պատասխանեց:
Ստորեւ` մեր հարցուպատասխանը:
– Պարո՛ն Լորեն, Ձեզ հետ, ինչպես նաեւ «Հայջրմուղկոյուղու» մյուս ղեկավարների հետ զրուցելիս սովորաբար քննարկվում են խմելու ջրին առնչվող հարցեր: Եվ մի կարեւոր ոլորտ դուրս է մնում հանրության ուշադրությունից, նկատի ունենք կոյուղու համակարգը: Դուք տեղյա՞կ եք, որ Սիսիանում կոյուղու ջրերը թափվում են Որոտան, Գորիսում` Վարարակն, Կապանում` Ողջի եւ Վաչագան, Մեղրիում` Մեղրի գետերը: Դրանք այն գետերն են, որոնց ջրերով մարդիկ ոռոգում են այգիները: Ամբողջ մարզում չունենք գոնե մեկ մաքրման կայան: Ի՞նչ ծրագրեր ունեք Սյունիքի մարզի կոյուղու համակարգի վերաշինման ուղղությամբ:
– Մոտակա հինգ տարում Սյունիքի մարզում մաքրման կայաններ կառուցելու ոչ մի ծրագիր չենք ունենա: Ընկերությունը կոյուղու եւ ջրահեռացման ցանցի համար ներդրումներ չի նախատեսում, այս տարի նման ծրագիր կիրականացվի Սեւանում, Դիլիջանում եւ Ջերմուկում:
Այսինքն` դեռ հինգ տարի սյունեցիները կվայելեն կոյուղաջրով ոռոգված բանջարեղեն…
Կապանում, ինչպես արդեն ասացինք, ջրամատակարաման առումով դժվար ամառ էր: Բայց կար նաեւ մխիթարող մի իրողություն. ջրագծի ներքին ցանցի վերափոխման աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ ընկերությունը նախատեսում է մինչեւ տարվա վերջ դրանք ավարտին հասցնել: Խմելու ջրի որակը բարձրացնելու համար մաքրման կայանում կտեղադրվեն արտերկրից ներմուծված նոր սարքավորումներ (գտնվում են Երեւանում ու առաջիկա մեկ ամսում կտեղափոխվեն):
Սեպտեմբեր 07, 2011 at 15:46
