

www.mta.gov.am
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն սեպտեմբերի 15-ին ընդունեց նորվեգական «Նորսկ էներջի» ընկերության պատվիրակությանը:
Քննարկվեցին Նորվեգիայի արտգործնախարարության ֆինանսական աջակցությամբ «Նորսկ էներջի» ընկերության կողմից Հայաստանում իրականացվելիք փոքր հիդրոէներգետիկայի զարգացման ծրագրին առնչվող հարցեր: Եռամյա ծրագիրը ոլորտի զարգացումը դիտարկում է բնապահպանական կայունության եւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ` Հայաստանում ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման եւ նոր չափորոշիչների ներդրման խնդիրների ուսումնասիրման նպատակով: Ծրագիրը ներառում է նաեւ կրթական բաղադրիչ. նորվեգական ու հայաստանյան բուհերի համագործակցությամբ նախատեսվում է իրականացնել ոլորտի մասնագետների պատրաստման ծրագիր, ինչպես նաեւ ստեղծել կենտրոն, որտեղ հնարավոր կլինի մասնագետների վերապատրաստում իրականացնել:
Փոխվարչապետը ողջունեց նախաձեռնությունը` նշելով, որ փոքր հիդրոէներգետիկայի զարգացման եւ էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման խնդիրները կառավարության գերակայություններից են: ՀՀ կառավարության նախորդ նիստում հաստատվել է ՀՀ «Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը», որտեղ ամրագրվել են ոլորտի զարգացման ուղղությամբ կառավարության նպատակները, եւ այս համատեքստում իրականացվելիք ծրագիրն ու ոլորտում նորվեգական հարուստ փորձի ուսումնասիրումը օգտակար կլինեն:
Աշխատանքային խմբում նա առաջարկեց ընդգրկել շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչներին:
Ա. Գեւորգյանը նաեւ կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացմանը:
Սեպտեմբեր 19, 2011 at 15:19
