Սահմանադրական դատարանը հավանության արժանացրեց մի վարկային ծրագիր, բայց իրականացվում է մեկ ուրիշը

Սահմանադրական դատարանը հավանության արժանացրեց մի վարկային ծրագիր, բայց իրականացվում է մեկ ուրիշը

ԷկոԼուր

«Հյուսիս-հարավ» վարկային ծրագրում նախատեսված է նոր ճանապարհների կառուցում: Սակայն կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված պայմանագրում, որը հավանության արժանանալու համար 2009թ. ներկայացվել է ՀՀ սահմանադրական դատարան, ոչ մի խոսք չկա նոր ճանապարհների մասին:  Այսինքն, ստացվում է, որ Սահմանադրական դատարանը հավանություն է տվել մի նախագծի, սակայն իրականացվում է մեկ ուրիշը: Սա «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության խնդրանքով պարզել է փաստաբան Լեւոն Օհանյանը: «Պայմանագրում խոսվում է ճանապարհների վերանորոգման, վերակառուցման եւ ընդլայնման մասին, բայց ոչ նոր ճանապարհների կառուցման»,- ասաց նա:

Նշենք, որ «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում հենց նոր ճանապարհների կառուցումն է ամենից շատ մտավախություններ առաջացնում սոցիալական հետեւանքների առումով:  Նոր ճանապարհների անցկացման արդյունքում ենթադրվում է մարդկանց հարկադրական տեղափոխություն, իսկ փոխհատուցման մեխանիզմը դեռ մշակված չէ եւ մշակվում է տեղերում` Ասիական զարգացման բանկի կողմից վարկավորված 500 միլիոն դոլլար արժողությամբ նախագծի հաստատումից հետո:

«Հյուսիս-հարավ» ծրագրի հասարակական լսումները տեղի ունեցան այս տարվա օգոստոսին: Լսումները կազմակերպել էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Հասարակական կազմակերպությունները, որոնց չհաջողվեց ներկայացնել նախագծի ռիսկերի մասին իրենց տեսակետը, սեպտեմբերին`  Ասիական զարգացման բանկի եւ Հայաստանի մյուս զարգացման բանկերի գործունեությանը նվիրված համաժողովի ժամանակ, անցկացրեցին եւս մեկ հասարակական քննարկում:  Հասարակական մոնիտորինգը հայտնաբերեց զարգացման բանկերին բնորոշ խնդիրներ` նախագծերի գործողությունների գոտում հայտնված բնակչության սոցիալական պաշտպանության գործուն մեխանիզմների բացակայություն, ֆինանսական միջոցների ծախսման անթափանցիկություն, բարձր կոռուպցիոն ռիսկեր, հասարակական կարծիքի արհամարհում:

Սեպտեմբեր 28, 2011 at 11:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր