Վարչապետը տեղյակ է, բայց ոչ` մտահոգ

Վարչապետը տեղյակ է, բայց ոչ` մտահոգ

www.mamul.am

Թռչկանի ջրվեժի մոտ շինարարական աշխատանքներ են սկսվել. երեկ նույնիսկ անհրաժեշտ տեխնիկան է տեղափոխվել տարածք: Այս մասին ահազանգում են բնապահպանները, որոնք խնդրին տեղեկացել են Շիրակամուտի բնակիչներից։ Նրանք հիշեցնում են, որ բնապահպանության նախարարը հրաման էր տվել կասեցնել շինարարական աշխատանքները Թռչկանի ջրվեժի մոտ, և նկատում, որ, փաստորեն, նախարարի հրամանն անտեսվում է։

ՄԱՄՈՒԼ.am
լրատվականի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է բնապահպան Կարինե Դանիելյանի հետ, որը հաստատել է տեղեկությունն ու նշել, որ այս հարցի շուրջ երեկ զրուցել է նաև վարչապետի հետ ու ներկայացրել իր մտահոգությունները: Բնապահպանի խոսքով, վարչապետն ընդգծել է հետևյալը. «Աշխատանքներն այնպես են կատարվում, որ ջրվեժին չեն վնասի»:

Կարինե Դանիելյանը վարչապետին հորդորել է` լսումներ անցկացնել, քանզի որքան էլ նշվում է, թե ջրվեժը չի տուժի, միևնույնն է, այդպես չէ: Հիշեցնենք, որ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության ակտիվիստներ` աշխարհագրագետ Լևոն Գալստյանը և կառավարման ոլորտի անկախ փորձագետ Արմեն Քեշիշյանը պահանջել են նոր փորձաքննություն անցկացնել «Թռչկան» ջրվեժի վերաբերյալ, հետո միայն ասել` հնարավո՞ր է առանց ջրվեժը վտանգելու` այնտեղ ՀԷԿ կառուցել:

Բնապահպանության նախարության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ դեռ նոր նախագիծ չի եղել: Բայց այս խնդրի վերաբերյալ երեկվանից` փորձաքննություն անցկացնելու նպատակով թեժ գիծ է բացվել Երևանում ու Սյունիքում: Մեզ խոստացան` հարցի շուրջ պաշտոնական պատասխանը կլինի երկու- երեք օրից:

Այսինքն, ստացվում է այնպես, որ շինարարությունը սկսել են առանց նոր նախագծի և ջրվեժի վերաբերյալ ոչ բավարար իմացության, քանի որ կառավարության որոշման մեջ ջրվեժի վերաբերյալ բազմաթիվ անճշտություններ կային. ընդհուպ սխալ է, որ վտակի վրա է գտնվում ջրվեժը. «Պարզ երևում է` նույնիսկ ջրվեժ չեն գնացել, սրանից-նրանից լսելով` որոշում են կայացրել»,- ահազանգում են բնապահպանները: Հիշեցնենք` «Թռչկանի» ջրվեժը ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի թիվ 967 որոշման համաձայն` ներառված է բնության ջրագրական հուշարձանների ցանկում: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը:

Թռչկանի ջրվեժը` ՀԷԿ. նախարարությունը տեղյակ է, բայց` լուռ
www.aysor.am

Թռչկան ջրվեժին սպառնում էր ՀԷԿ-ի վերածվելու ճակատագիր: Շինարարական աշխատանքները մի խումբ բնապահպան-ակտիվիստների շնորհիվ դադարեցվել էին:

Այսօր, սակայն, բնապահպաններից մեկը հաղորդագրություն էր տարածել, թե իրեն զանգահարել են Նալբանդ գյուղի բնակիչներից և հայտնել Թռչկանի մոտ շինարարական աշխատանքների վերսկսման մասին:

Հաղորդագրությունը տարածվել էր «Անտեսվում է Բնապահպանության նախարարի հրամանը» վերտառությամբ, ըստ որի նախարարը հրաման էր տվել կասեցնել աշխատանքները, մինչդեռ դրանք նորից են սկսվել:

Կատարվածը ճշտելու նպատակով զրուցեցինք Բնապահպանության նախարարության լրատվական վարչության պետ Արծրուն Պեպանյանի հետ: Նա «Aysor»-ին նախ տեղեկացրեց, որ նախարարի կողմից աշխատանքները կասեցնելու հրաման չի եղել, այլ.
«Ոչ թե աշխատանքների կասեցման մասին է եղել հրամանը, այլ` ժամանակավոր դադարեցման, մինչև կառուցողի կողմից կլինեն նոր առաջարկներ, որոնք չեն վնասի կամ հնարավորինս քիչ կվնասեն ջրվեժը»:

Թեկուզ: Այդ առաջարկները դեռևս չկան, իսկ նախարարությունը տեղյակ է աշխատանքների վերսկսման մասին: Ա. Պեպանյանն ասաց, որ ահազանգը մուտք է արվել նախարարություն և հանձանարարություններ տրվել ստորաբաժանումներին: Պատասխան դեռևս չկա. «Երևի արդեն խումբը մեկնել է ստուգելու` դա այդպես է թե՞ ոչ»:

Թռչկանի ջրվեժը հայտնվել է շինարարական տեխնիկայի տիրապետության տակ
ԱրմԻնֆո

Կանաչ ակտիվիստների տվյալներով, Թռչկանի ջրվեժի մոտ երեկ ծանր տեխնիկա է բերվել: Այդ մասին հաղորդում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը:

 ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Բնապահպանության նախարարության մամլո ծառայությունում նշել են, որ Լոռվա մարզի Բնապահպանական տեսչությանը հանձնարարվել է տեղում ծանոթանալ իրավիճակին: «Տվյալ պահին Տեսչությունից պատասխան դեռ չի ստացվել»,- նշել է հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արծրուն Պեպանյանը:

 Հիշեցնենք, որ ջրվեժի շուրջ կրքերը բորբոքվել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Թռչկանի վրա   փոքր ՀԷԿ կառուցելու ծրագրերի մասին: Բնապահպաններն անհանգստացած են, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես Թռչկանի, այնպես  էլ ընդհանուր առմամբ էկոհամակարգի վրա:

2008 թվականին ջրվեժը ներառվել է Հայաստանի հիդրոլոգիական բնական հուշարձանների ցուցակում, սակայն, չնայած դրան`ՀԷԿ-ի կառուցման նախագիծն ստացել է շրջակա միջավայրի վրա ներգործության փորձաքննության դրական եզրակացություն:

 «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում են համատեղ ահազանգերի շարք հնչեցնել` «Բնություն, թե՞ փողե ընդհանուր խորագրով: «ԷկոԼուր»-ը և «Չենք լռելու»-ն պահանջում են բնապահպանության նախարարությունից սկզբունքայնություն և հետևղականություն դրսևորել սեփական գործողություններում և ետ կանչել նախարարի կողմից ստորագրած` Թռչկանի վրա ՀԷԿ-ի կառուցման դրական եզրակացությունը և թույլտվությունը:

Բնապահպաններն ու Շիրակամուտի բնակիչներն ահազանգում են
Yerkir.am


Բնապահպաններն ու Շիրակամուտի բնակիչներն ահազանգում են, որ երեկ շինարարական տեխնիկա է տեղափոխվել Թռչկանի ջրվեժի մոտ, որտեղ արդեն շինարարական աշխատանքներ են սկսվել:

 «Երկիր»-ի հետ զրույցում «ԷկոԼուր» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը ասաց. «Անկեղծ ասած տեղյակ չեմ շինարարություն սկսվել է թե ոչ, պարզապես գիտեմ, Թռչկանի ջրվեժի մոտ երեկ ծանր տեխնիկա է բերվել: Եթե անգամ շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել, ուրեմն ծանր տեխնիկայի տեղակայումը դրա նախանշանն է», - ասաց տիկին Զարաֆյանը և հավելեց, որ իրենք դիմել են բնապահպանության նախարարություն և նախարարը հանձնարարել է, որ շինարարական աշխատանքները դադարեցնեն:

 Իսկ «Երկիր»-ի այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկելու այս հարցը լուծելու համար, բնապահպանը պատասխանեց. «Մենք պահանջում ենք, որ բնապահպանության նախարարությունը սկզբունքայնություն և հետևողականություն դրսևորի սեփական գործողություններում: Պահանջում ենք նաև, որ հետ կանչեն ծանր տեխնիկան: Այդ փաստաթղթերը, որոնք ստորագրել է բնապահպանության նախարարը, անօրինական լինելուց բացի հակասում է նախարարի ստորագրած մեկ այլ` շինարարական աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ հանձնարարականի:

 Իսկ եթե ոչ,  ապա  մենք հարկադրված կլինենք ընկալել նախարարի բոլոր փարատող հայտարարությունները այս խնդրի վերաբերյալ որպես շեղող միջոց, երբ դանդաղ, սակայն հաստատուն քայլերով ոչնչանում է հատուկ պահպանության գոտին` Թռչկանի ջրվեժը»,- հայտարարեց Ինգա Զառաֆյանը:

Թռչկանի ջրվեժ ծանր տեխնիկա են բերել
www.1in.am

Թռչկանի ջրվեժի մոտ երեկ ծանր տեխնիկա են բերել: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զառաֆյանը: Նրա խոսքերով՝ թեև շինարարական աշխատանքներ չեն սկսվել, բայց տեխնիկայի ներգրավումը շինարարական աշխատանքներ սկսելու ահազանգ է:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականը շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին, ըստ Ինգա Զառաֆյանի, մնաց օդից կախված ու անտեսված:

Բնապահպանության նախարության լրատվական վարչության պետ Արծրուն Պեպանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կանչը գրանցել են նախարության թեժ գծով և ինֆորմացիան փոխանցել համապատասխան մարմին, որ ճշտեն:

Հոկտեմբեր 12, 2011 at 13:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր