

ԷկոԼուր
«SOS Սեւան» կանաչ ակցիայից անմիջապես հետո հետեւեց «GeoProMining Gold» ընկերության եւ ՀՀ բնապահպանության նախարարի արձագանքը` Սոտքի ոսկու հանքավայրում ջարդող-տեսակավորող համալիրի տեղակայման վերաբերյալ:
«GeoProMining Gold» ընկերությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի ջարդող-տեսակավորող համալիրի տեղադրումը Սոտքի հանքավայրում օրինական գործընթաց է, որ համալիրը ենթակա չէ լրացուցիչ փորձաքննության, այն հանքանյութի արդյունահանման նպատակով իրականացվող լեռնարդյունաբերական աշխատանքների գործընթացներից մեկն է: «Ըստ ՀՀ օրենսդրության, հանքանյութի արդյունահանման համար հատուկ լիցենզիան ընկերությանն արդեն իրավունք է տվել իրականացնել հանքահանման և վերամշակման աշխատանքներ: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը նման լիցենզիա ունի, կապված Սոտքի հանքավայրի հետ»,- գրված էր հաղորդագրության մեջ: Նույն օրը Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, անդրադառնալով այս խնդրին, մասնավորապես նշեց. «Սեւանա լճի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` Սեւանի ջրահավաք ավազանում արգելվում է որեւէ վերամշակող ձեռնարկություն ունենալ: Այս խնդրին շուրջ վեց ամիս առաջ մենք անդրադարձել ենք: Մենք պաշտոնապես տեղեկացրել ենք այդ կազմակերպությանը, որ նման սարքավորում տեղադրելու, թեկուզ եթե լիցենզիայով նախատեսված է, դա վերակառուցման պրոցեսների մեջ է մտնում, եւ վերջին հաշվով պահպանվող տարածքների ռեժիմի տակ է: Անհրաժեշտ է, որպեսզի դուք ներկայացնեք մեզ, մենք էլ տեսնենք, ինչ եք դուք ուզում անել, ձեր ուզածն ինչ է, եւ ինչպիսի ընթացակարգ է անհրաժեշտ` փորձաքննություն եւ այլն: Դրանից հետո ստեղծված է եղել հանձնաժողով: Այդ հանձնաժողովը նույնպես պետք է ուսումնասիրեր եւ իր արձագանքը տար այս հարցի շուրջ: Մեր կողմից այս բոլոր փաստերը հավաքագրվում են: Մենք զգուշացրել ենք տվյալ դեպքում շահագործող ընկերությանը, որ զերծ մնան անօրինական գործողություններից, եթե այդպիսին կան: Եւ մենք մեր հերթական ստուգման ժամանակ` այս տարվա, որովհետեւ ըստ ստուգումների մասին օրենքի, գիտեք, տարին մեկ անգամ կարելի է ստուգել այդ խնդիրները, այս տարվա ստուգման ժամանակ մենք բոլոր այս խնդիրները հաշվի ենք առնելու, եւ եթե տեղի է ունեցել օրենքի խախտում, ապա, բնականաբար պետք է այդ խախտումը վերացվի եւ խախտումից բխող հետւանքները, եւ տույժ, տուգանք կլինի»:
Մեր կողմից նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը Սոտքում ստուգումներ իրականացրել է 4 տարի առաջ: 2011թ. մարտի 15-ին Սոտքում «GeoProMining Gold» ընկերության գործունեության վրաբերյալ բնապահպանական պետական տեսչության կողմից ստուգում անցկացնելու վերաբերյալ «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը մարտի 30-ի թիվ 5/23/50810 նամակով տեղեկացրել է, որ «GeoProMining Gold» ընկերությունում բնապահպանական պետական տեսչության կողմից վերջին անգամ ստուգում իրականացվել է 2007թ., որի արդյունքում 2004-2007թթ. ժամանակաշրջանի համար ընկերությունում հայտնաբերվել է «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ ջրային օրենսգրքի խախտումներ:
Հոկտեմբեր 21, 2011 at 16:23




