

ԷկոԼուր
Հասարակության եւ ընդդիմադիր պատգամավորների դիմադրության պայմաններում դեկտեմբերի 5-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հակաէկոլոգիական օրինագիծը:
Հիշեցնենք, որ օրինագիծը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից եւ առաջացրել է հասարակության բուռն դիմադրությունը: Էկոլոգները, երիտասարդ ակտիվիստները, իրավաբանները, ընդդիմադիր պատգամավորները պահանջեցին Ազգային Ժողովից հետ կանչել օրինագիծը, որը շրջակա միջավայրի նկատմամբ ռիսկերը փոքրացնելու փոխարեն օպտիմալ պայմաններ է ստեղծում բիզնեսի համար եւ նվազեցնում է բիզնեսի համար խոչընդոտները:
Դեկտեմբերի 2-ին խորհրդարանում տեղի ունեցան օրինագծի վերաբերյալ հանրային լսումներ: Հասարակությունն անցավ օրինագծի գրեթե բոլոր կետերով եւ հիմնավորեց իր դիտողությունները իրավաբանական առաջրկությունները` հղում անելով միջազգային կոնվենցիաների վրա, որոնք պետք է տվյալ օրենքի համար հիմք ծառայեն: Օրինագծի համար գլխավոր պատասխանատու Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, սակայն, մնաց իր հին կարծիքին: Իր ելույթում նա առաջարկեց պատգամավորներին առաջին ընթերցմամբ անցկացնել օրինագիծը, ինչը եւ տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին:
Ստորեւ ներկայացնում ենք դեկտեմբերի 2-ին Ազգային Ժողովում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի» նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ Քաղաքացիական նախաձեռնող խմբի զեկույցը:
«Հիրավի գործ ունենք մի շատ էական ոլորտի հետ, որը մանրակրկիտ քննարկման կարիք ունի, քանի որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքը հիմնարար օրենք է բնապահպանության ոլորտում և դրանից է կախված ապագայում մեր պետության շրջակա միջավայրի որակը և տնտեսության բանական զարգացումը: Մենք պետք է հաշվի առնենք խնդրի և՛ բնապահպանական, և՛ տնտեսական, և՛ սոցիալական տեսանկյունները, ստեղծենք բարենպաստ միջավայր բնության պահպանության, երկարատև տնտեսական զարգացման և տեղի բնակչության սոցիալական պաշտպանության համար:
Միանգամից ասեմ, որ մենք ունենք սկզբունքային դիտողություններ նախագծի վերաբերյալ, որը հիմք է տալիս տվյալ նախագիծը Ազգային ժողովից /ԱԺ/ հետ կանչելու պահանջ ներկայացնել և մշակել նոր օրենք:
Եվ այսպես ներկայացնենք մեր դիտողությունները.
1. Նախ նշենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի» նախագիծը ներկայացվել է ԱԺ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի և ՀՀ կառավարության 25.03.2010թ. «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 296-Ն որոշմամբ սահմանված, նախագծի քննարկման գործընթացում հանրության մասնակցությունն ապահովելու ընթացակարգի խախտմամբ:
2. Սույն օրենքի նախագիծը չի ծառայում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հիմնական նպատակին, բացակայում է օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ, մասնագիտորեն հիմնավորված նորմատիվա-իրավական հիմքերը: Օրենքը, փաստորեն, չի կարող գործել, քանի որ ներկայացված չեն այն ընթացակարգերը, որոցով բնապահպանական փորձաքննությունը պետք է լիարժեք իրականացվի: Այս վիճակը շարունակվում է 1995թ-ից մինչ օրս, երբ ընդունվեց մայր օրենքը: Պատկերացնում եք` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և որպես հաջորդ քայլ այդ գնահատման պետական փորձաքննությունը փաստորեն կատարվում է ըստ ճաշակի: Իսկ ճաշակն այնպիսին է, որ համատարած տրվում են դրական փորձագիտական եզրակացություններ նույնիսկ անհեթեթ ծրագրերի համար: Սրա մասին ահազանգում է նաև Էսպոյի կոնվենցիան՝ իր 2003 թվականի որոշմամբ: Նորմատիվա-իրավական փաստաթղթերի մշակման համար որպես հիմք կարող ենք օգտագործել հատկապես Եվրամիության երկրների փորձը, որտեղ մշակված են բազմահատոր ուղեցույցեր տարբեր դեպքերում փորձաքննությունն իրականացնելու համար:
3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) ենթակա նախատեսվող գործունեության տեսակներն ըստ բնագավառների և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության աստիճանի դասակարգվել են երեք կատեգորիայի` “Ա”, “Բ” և “Գ”: Մենք ողջունում ենք գործադրի ցանկությունը մեր օրենսդրական դաշտ մտցնել միջազգային փորձը, սակայն այս կատեգորիզացիան կատարվել է առանց հիմնավորումների: Անհասկանալի է ինչ սկզբունքով են տարանջատվել տնտեսական գործունեության տեսակներն ըստ կատեգորիաների, ինչն է հիմք ծառայել դրա համար: Այսպես օրինակ, “Բ” կատեգորիայում ներառված է. ասբեստի արտադրության կամ ասբեստ պարունակող նյութերի պատրաստման համար նախատեսված կայանքներ: Աշխարհի գերակշիռ մասը սկսում է հրաժարվել ասբեստի արտադրությունից, մենք դրա արտադրության համար նախատեսված կայանքները ներառել ենք Բ կատեգորիա, նույնիսկ ոչ Ա: “Գ” կատեգորիայում ներառված են. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում` ա. անտառվերականգնում կամ անտառպատում կամ անտառհատում` 5 հա և ավելի. Ինչու՞ 5 հա և ոչ 50 կամ 1հա: Գետերի հուների մաքրում` 1 կմ և ավելի. Ինչու՞ մեկ կմ: Քաղաքաշինության բնագավառում. Քաղաքաշինական կառույցներ` 1500քմ-ից ավելի կառուցապատման մակերեսով: Նույն հարցը. Ինչու՞ 1500-ից ավելի: Մեր կարծիքով, այս կատեգորիզացիան ամբողջովին պետք է վերանայել՝ ներառելով համապատասխան ոլորտների մասնագետների և կատեգորիզացիայի հիմքում պետք է դրվեն ոչ միայն քանակական ցուցանիշներ, /օրինակ ստվարաթղթի արտադրության պարագայում, եթե արտադրությունը օրական 5 տոննա և ավելի է, ապա ներառվում է Բ կատեգորիայի մեջ/, այլ նաև որակական ցուցանիշներ /դիտարկեն նաև թե ինչ հումք է օգտագործվում տվյալ արտադրության համար, գուցե ամբողջովին հիմնված է երկրորդական հումքի վերամշակման վրա/: Մեկ օրինակ ևս Բ կատեգորիայից. 300 միլիմետր և ավելի տրամագծով և 5 կմ և ավելի երկարությամբ գազի կամ նավթի կամ քիմիկատների խողովակաշարեր: Իսկ եթե 50մմ խողովակ, որի միջով հոսում է առաջին դասի վտանգավորության հեղուկ թափոն՞: Ակնհայտ է, որ պետք է դիտարկել որակական ցուցանիշները:
4. Սույն օրինագծի հոդված 4-ում և հոդված 5-ում ներկայացված են նախատեսվող գործունեության փորձաքննության փուլերն ու ժամկետները, ըստ որոնց պետք է լինեն փորձաքննության նախնական և վերջնական փուլեր: Ողջունելի է գործադրի այս նորամուծությունը ևս, սակայն այս դեպքում էլ պետք է արձանագրենք, որ խիստ թերի է կատարված նախնական և վերջնական փուլերի սահմանազատումը: Ավելին, նախնական փուլում ձեռնարկողի վրա դրված են պահանջներ, որոնց կարիքն ընդհանրապես չկա, մասնավորապես. Հոդված 5. կետեր 5), 6) և 7)-ով պահանջվում են նախնական փուլում ներկայացնել ազդեցության ենթարկվող համայնքի որոշումը տվյալ վարչատարածքային միավորի զարգացման պլանին նախատեսվող գործունեության համապատասխանության մասին, ազդեցության ենթարկվող համայնքի որոշումը հողհատկացման մասին և Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով նախատեսված լինելու դեպքում` հոդված 4-ում թվարկված նախատեսվող գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի կամ թույլտվության պատճենը: Ինչու՞ ենք նախնական փուլում ձեռնարկողի վրա դնում նման պահանջներ: Նախնական փուլում ձեռնարկողը ոչ մի լրացուցիչ ծախս չպետք է կատարի, այլ ընդամենը նախնական նախագծի հիման վրա պետք է կազմի նախնական ՇՄԱԳ, որը ներկայացնի հանրությանը քննարկման: Եթե հանրությունը դեմ է լինում նման նախագծին, ձեռնարկողն այլևս չի շարունակում իր գործունեությունը, այլ ծախսեր չի անում: Սա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, որը բխում է և՛ պետության, և՛ հասարակության, և՛ բիզնեսի շահերից: Այլ պարագայում կունենանք այնպիսի իրավիճակ, որ ձեռնարկողը նախնական փուլում կատարելով ծախսեր թույլտվություններ ձեռք բերելու վրա, կպնդի իր ցանկությունը իր ձեռնարկած ծրագիրը կյանքի կոչելու համար և կունենանք այնպիսի աբսուրդ իրավիճակ, ինչպիսին ունեցանք Թռչկանում:
5. Հոդված 6., կետ 6. Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված փորձաքննության ենթակա սարքավորումների համար ՀՀ կառավարության կողմից, ըստ արտադրող երկրի, կարող է սահմանվել փորձաքննության պարզեցված կարգ: Այսինքն՞: Ի՞նչ է նշանակում պարզեցված կարգ, ինչի՞ հիման վրա են դասակարգվում պարզ և բարդ կարգերը և ինչի ենք դնում գործունեության կատեգորիզացիա, եթե կառավարությունն իր ցանկությամբ կարող է պարզեցված կարգ սահմանել: Օրենքը պետք է դրանք հստակ սահմանի:
6. ՀՈԴՎԱԾ 5.-ում ներկայացված են նախատեսվող գործունեության իրականացման ծանուցման կարգի առաջարկվող փոփոխությունները: Կատարյալ շիլաշփոթ է հասարակական լսումների մասով: Նույն հոդվածի 5-րդ կետում ասվում է. «Լրացուցիչ տեղեկատվության տրամադրման և հասարակայնությունից կարծիքներ ստանալու նպատակով ազդեցության ենթարկվող համայնքի ղեկավարը և ձեռնարկողը կարող են անցկացնել հասարակական լսում և տրամադրել խորհրդատվություն»: Ի՞նչ է նշանակում կարող են: Այսինքն կարող են և չանել՞: Ու՞ր մնաց հասարակության պարտադիր մասնակցության սկզբունքը: Վերջիվերջո Օրհուսի կոնվենցիան, որի մասով մեր պետությունը կատարյալ տապալված վիճակում է: Իսկ Կոնվենցիան պահանջում է, անգամ հանրության մասնակցության ընթացակարգը ամրագրել օրենքով` դիտարկելով իրավունքը ապրել որակյալ շրջակա միջավայրում, որպես մարդու իրավունք: Պարզ չէ նաև տվյալ գործունեության վերաբերյալ հասարակության կարծիքի հետագա ճակատագիրը: Այս հոդվածից այնպես է ստացվում, որ հասարակական կարծիքի հավաքելը կրում է զուտ ձևական բնույթ:
7. Հոդված 7. կետ 4. «Համայնքի ազդակիր լինելու կամ չլինելու հարցը վերջնականապես որոշում է լիազոր պետական մարմինը»: Այսինքն՞: Կարող է նաև լիազոր մարմինը որոշի, որ ոչ մի համայնք էլ ազդակիր չէ: Շատ նման է Թռչկանի դեպքին, որ ջրվեժը մինչեւ 500 լիտրը բնության հուշարձան էր, 500 լիտրից ավելին ինքնագլուխ գործունեություն:
8. Օրենքի նախագծում բացակայում է փորձաքննությունն իրականացնող պետական լիազոր մարմնի և փորձագետների համապատասխան իրավական պատասխանատվությունը սահմանող նորմերը: Փորձագետները անձնապես պետք է պատասխանատու լինեն իրենց կողմից տրված դրական կամ բացասական փորձաքննական եզրակացության համար:
Անհրաժեշտ է առանձին նշել այս օրենքի նախագծի համապատասխանությունը միջազգային կոնվենցիաներին: Նշենք միայն երկու կոնվենցիա, որոնց գծով այս նախագիծը գործնականում տապալված է. Էսպոյի և Օրհուսի կոնվենցիաները: Դեռեւս 2004թ.-ին Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից հետազոտվել էր Էսպոյի կոնվենցիայի իրականացումը տարբեր երկրներում: Այս հետազոտության հավելված III-ը վերաբերվում է Հայաստանին: Կարճ ասեմ, փորձաքննության գործող օրենքը ուղղակի ջախջախված է: Ներկայացված օրենքի նախագիծը կարժանանա նույն ճակատագրին, քանի որ այն խնդիրները, որոնք նշված են վերոնշյալ հետազոտության մեջ, իրենց լուծումը չեն գտել նաև այստեղ: Մեկ օրինակ բերեմ, նշվում է, որ հատուկ նորմատիվա-իրավական ակտերը, որոնք պետք է կարգավորեն փորձաքննության իրականացումը, բացակայում են:
Կատարյալ ջախջախված է նաև Օրհուսի կոնվենցիայի մասով: Ակնհայտ խախտվում են Օրհուսի կոնվենցիայի գրեթե բոլոր բովանդակային հոդվածները: Ավելին, ՀՀ կառավարությունը պարտավորություն է վերցրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի նախագիծը նախ ներկայացնել Օրհուսի կոնվենցիայի քարտուղարություն, որը ևս չի կատարվել: Իսկ Հայաստանը կոնվենցիայի մոնիթորինգի է ենթարկվում սկսած 2008թ.-ից /ի դեպ, ՀՀ կառավարության այդ հարցերով հաշվետվություն ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է դեկտեմբերի մեկին/: Օրհուսի Կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն իր 2011 թ. փետրվարի 25-ի հերթական հաշվետվությամբ պարտավորեցնում է Հայաստանին կատարել իր պարտավորությունները, հատկապես նկատի ունենալով անհամապատասխանության աստիճանը:
Այս ամենն ակնհայտ ձեւով բացասաբար են անդրադառնալու ՀՀ միջազգային հեղինակության վրա:
Ամփոփելով վերոնշյալը, գտնում ենք, որ.
1. սույն օրենքի նախագիծը անհրաժեշտ է հետ կանչել և մշակել լրիվ նոր օրենք, որտեղ նաև հստակեցված կլինեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և դրա փորձաքննության ընթացակարգերը,
2. նոր օրենքի նախագիծը պետք է ներկայացնել փաթեթով, խնդրին վերաբերվող այլ օրենսդրական ակտերում առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով և ենթաօրենսդրական ակտերով հանդերձ,
3. նոր օրենքի նախագիծը պետք է ներկայացնել նաեւ Օրհուսի համապատասխանության կոմիտեին, քանի որ, կրկնենք, մեր կառավարությունը ստանձնել է նման պարտավորություն, և ստանալ վերջինիս դրական փորձագիտական եզրակացությունը,
4. պետք է հաշվի առնել շահագրգիռ հասարակության կարծիքը»:
Դեկտեմբեր 05, 2011 at 15:43
