

ԷկոԼուր
«Deno Gold Mining Company» ՓԲԸ-ն պատասխանել է «ԷկոԼուր»-ի հարցմանը` կապված Կապանում հանքավայրի բաց եղանակով շահագործման հետ:
«Deno Gold Mining Company» ՓԲԸ-ի Կառավարության և հանրության հետ կապերի մենեջեր Նորայր Աղայանի պատասխան նամակում մասնավորապես նշված է. «… գոյություն ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործընթաց, համաձայն որի առաջին հերթին իրականացվում են հետախուզական աշխատանքներ: Դրանց բավարար արդյունքների դեպքում իրականացվում է պաշարների գնահատման կոնդիցիաների տեխնիկա-տնտեսական հիմնավորում, որի հաստատման դեպքում իրականացվում է պաշարների գնահատումը հաստատված կոնդիցիաների հիման վրա: Պաշարների հաստատման դեպքում միայն, իրականացվում է շահագործման նախագծի մշակում հաստատված պաշարների հիման վրա: Այսպիսով, թե՛ օրենսդրորեն, և թե՛ տեխնիկապես հնարավոր չէ ունենալ նախագիծ առանց հաստատված պաշարների և հետախուզության ամփոփ արդյունքների: Առավել ևս հնարավոր չէ քննարկման ներկայացնել գոյություն չունեցող նախագիծ: Հետևաբար, Ձեր հարցման մեջ նշված այն տեղեկությունը, թե 2011թ. սկզբին ինչ-որ ծրագիր քննարկման է դրվել կառավարությունում, չի համապատասխանում իրականությանը:
Ձեր 2011թ. մայիսի 12-ի հարցումը վերաբերում էր 2011թ. հասարակական լսումների դրված նախագծի փակ կամ բաց մշակման եղանակին, որին էլ մենք պատասխանել ենք, որ տվյալ նախագիծը նախատեսում է փակ մշակում: Այսպիսով ընկերությունը իր պատասխանում ոչ թե ինչ-որ լուրեր է հերքել, այլ հաստատել է այն փաստը, որ հասարակական լսումների դրված նախագիծը վերաբերում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի փակ, ստորգետնյա եղանակով շահագործմանը:
Վերոգրյալի մասին հստակ հայտարարել է նաև պարոն Գուդմանը news.am-ին տրված իր հարցազրույցում, որտեղ մասնավորապես նշել է, որ հետախուզական աշխատանքների այն փուլը, որն ուղղված է բացահանքի նախագծի նախնական գնահատականին, նախատեսվում է ավարտել 2012թ. 3-րդ եռամսյակում: Միայն այդ ժամանակ կարող ենք որոշում կայացնել հանքավայրի բաց եղանակով մշակման նպատակահարմարության վերաբերյալ: Այս հարցի պատասխանը ստանալուց հետո միայն հնարավոր կլինի սկսել նախագծի մշակման աշխատանքները: Ձեր բարձրացրած հարցերի վերաբերյալ լուծումները տրվելու են նախագծի մշակման աշխատանքների ընթացքում: Վերջնական լուծումներ տալուց առաջ մեր ծրագրերը անպայման քննարկելու ենք հանրության հետ, այդ թվում տեղական համայնքի և հասարակական կազմակերպությունների հետ»:
Հունվար 30, 2012 at 14:13
